ԿՐԹՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ՝ ՀԱՐՎԱԾԻ ՏԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առանց կրթության, այո՛, հնարավոր է ինչ-որ աստիճանի նյութական բարեկեցություն ստեղծել, բայց առանց կրթության հնարավոր չէ տիեզերք թռչել: Եվ դուք՝ որպես ՀՀ հպարտ քաղաքացիներ, քայլե՛ք հպարտ գիտելիքի, կրթության, ուսման ճանապարհով եւ դրե՛ք ձեր առաջ բարձր նշաձողեր՝ փոխելու ձեր քաղաքը, փոխելու ձեր երկիրը եւ փոխելու աշխարհը»,- այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետը դեռեւս նախորդ տարվա սեպտեմբերի 15-ին Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը: «ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին 22 տարեկանում, այո՛, պետք է ունենա բարձրագույն կրթություն, երեք լեզու պետք է իմանա»,- իսկ այս մասին վարչապետը խոսել է 2019 թվականի ապրիլի 22-ին: Եւ հիմա Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իրականացնում է իր խոսքերի ճիշտ հակառակը. կրթության ոլորտի ֆինանսավորումը լուրջ հարվածի տակ է դրվել, եւ այն երաշխիքները, որոնք մերժված Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին են ամրագրվել «Կրթության մասին» օրենքի մեջ, հիմա Փաշինյանը հանել է տալիս:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կառավարությունը նախօրեին չզեկուցվող, գաղտնի ձեւաչափով փոփոխություններ է կատարել «Կրթության մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես, գործադիրը ուժը կորցրած է ճանաչել «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Պետությունը յուրաքանչյուր նոր ուսումնական տարում երաշխավորում է կրթության կարիքների համար միջոցների հատկացումը` նրա առաջանցիկությունն ապահովող չափաքանակով: Պետական բյուջեի ընթացիկ ծախսերում կրթության ֆինանսավորման տոկոսային հարաբերությունը չպետք է ցածր լինի նախորդ բյուջետային տարվա համապատասխան ցուցանիշից»: Այսինքն՝ սա նշանակում է, որ նախադպրոցական ու դպրոցական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերն էապես կարող են կրճատվել, մինչդեռ ուսուցչի, մանկապարտեզի աշխատակիցների աշխատանքը համարվում է բավականին ծանրաբեռնված եւ պետք է պետության կողմից երաշխավորված լինի: Նախագծի հեղինակը ՀՀ ֆինանսների նախարարությունն է՝ ի դեմս նախարար Ատոմ Ջանջուղազյանի։ Նա, մեր տեղեկություններով, կառավարության դռնփակ ձեւաչափով քննարկումների ժամանակ հայտնել է՝ քանի որ երկրում ֆինանսական ներդրումներ չեն լինում, պետք է ներքին ռեսուրսները տեղաբաշխելով՝ հաղթահարենք ֆինանսական դժվարությունները։ Այսինքն՝ կրթության ոլորտի, ուսուցիչների աշխատավարձերի կրճատման գնով է Ջանջուղազյանը ցանկանում պահել տնտեսական կայունություն։

Հավելենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն իր համաձայնությունը չի տվել այս նախաձեռնությանը, նա առարկություններ է ուղարկել։

Կառավարությունը, սակայն, ընդունել է այս ընդգրկուն նախագծերի փաթեթը, որը առնչվում է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին։ Նրանց երաշխավորված ֆինանսավորումն էլ է կրճատվելու, եւ այս առիթով այսօր օմբուդսմենն ասուլիս է հրավիրել։

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում մինչեւ օրս հարուցվել եւ քննվում է արցախյան պատերազմին վերաբերող շուրջ 1500 քրեական գործ՝ 12500-ից ավելի անձանց վերաբերյալ: Ավելին, նշված քրեական գործերով ձերբակալվել է շուրջ 180 զինծառայող, մեղադրանք է առաջադրվել 500-ից ավելի անձի: Քրեական հետապնդում է իրականացվում  12 հրամանատարների, այդ թվում՝ երկու բարձրաստիճան սպաների նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ագրեսիայի ակտի փաստերով հարուցված քրեական գործերով կատարվող նախաքննության շրջանակներում որոշում է կայացվել 103 հազարից ավելի անձի որպես տուժող ճանաչելու մասին, այդ թվում՝ 3 300-ից ավելի՝ զոհված, 9 000-ից ավելի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած, 90 հազարից ավելի՝ բռնի տեղահանված:

 

 

 

 

ԶՈՒ գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանին միացած բարձրաստիճան պաշտոնյաների մասով Պաշտպանության նախարարությունում գործընթաց է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար կազմն իր մոտ է հրավիրում Գասպարյանի հայտարարությանը միացած բարձրաստիճան զինվորականներին, փորձում շահագրգռել նրանց՝ տարբեր առաջարկություններ հնչեցնելով: Հետաքրքրվում են նրանց ֆինանսական ու սոցիալական դրությամբ, շահավետ վարկեր են առաջարկում, երեխաներին աշխատանքի տեղավորելու տարբերակ քննարկում, փորձում այդկերպ մեղմել իրավիճակը, որպեսզի վերջիններս առանց որեւէ խնդրի աշխատեն ապագա գլխավոր շտաբի պետի հետ եւ մոռանան վարչապետի հրաժարականի պահանջը: Ինչպես հայտնի է, Օնիկ Գասպարյանի՝ փետրվարի 25-ի հայտարարությանը միացել էին 40 զինվորականներ, սակայն, չնայած դրան, երկու օր  առաջ նույն այդ զինվորականները ոտնկայս ողջունում էին Փաշինյանին, իսկ հիմա էլ ՊՆ ղեկավար կազմն է փորձում սիրաշահել նրանց: Մեկ այլ ուշագրավ հանգամանք եւս. չնայած փետրվարի 25-ի իր առաջարկությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Օնիկ Գասպարյանին որոշեց պաշտոնից հեռացնել ռազմական հեղաշրջման փորձ անելու մեղադրանքով, սակայն ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը երեկ «Ալ Արաբիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է. «Համաձայն չեմ Հայաստանում տեղի ունեցածը որպես պետական հեղաշրջման փորձ որակելու հետ»։ Ի՞նչ է ստացվում. երկրի կարեւոր գերատեսչության ղեկավարը հակադրվում է վարչապետին եւ հայտարարում, թե ռազմական հեղաշրջման փորձ չի եղել։ Այդ դեպքում հարց է առաջանում. բա Օնիկ Գասպարյանին ինչո՞ւ իրավունքի ուժով հեռացրին այդ պաշտոնից. միայն նրա համար, որ վարչապետի հրաժարականն էր պահանջել։ Ի դեպ, չի բացառվում, որ առաջիկայում լսենք նաեւ ԱԳ նախարարի հրաժարականի մասին։ Գուցե այս անգամ ԱԳ մի խումբ աշխատակիցներով պահանջեն վարչապետի հրաժարականը։

 

 

 

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մարտի 22-ին գալու է Ազգային ժողով եւ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելու է զեկույց՝ 2020 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ: Եվ ինչպես միշտ, կառավարությունը փորձում է ցույց տալ, թե աշխատանք է արել, չնայած նախորդ տարին բոլոր առումներով ձախողված էր: Այդ պայմաններում կառավարությունը ի՞նչն է ձեռքբերում համարում։ Սեպտեմբերի 3-ից գործում է ՀՀ գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանումը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը: Ստեղծումից մինչ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել է թվով 201 քրեական գործերի վերաբերյալ նյութեր՝ քրեական գործերով հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույք ունեցող 430 սուբյեկտի վերաբերյալ: Եվ նրանցից 214-ին պատկանող գույքի առնչությամբ որոշում է կայացվել սկսել ուսումնասիրություններ, որոնք ընթացքի մեջ են: Այսինքն՝ Արդարադատության նախարարությունում եւ կառավարությունում այս թվերը համարում են ձեռքբերում այն դեպքում, երբ էական արդյունք չկա, եւ մինչ օրս չկա դեռ մեկ բացահայտված դեպք, փաստ, պաշտոնյայի անուն, որը ապօրինի հարստացել է:

 

 




Լրահոս