Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել էր «Միացյալ Հայաստան» կուսակցության պատվիրակությանը՝ կուսակցության ղեկավար Վահան Բադասյանի գլխավորությամբ: Ըստ Արցախի նախագահի գրասենյակի՝ Արայիկ Հարությունյանը ողջունել է օրեր առաջ օրհասական խնդիրների հաղթահարման նպատակով համախմբմանն ուղղված կուսակցության հայտարարությունը, նշել, որ իրեն ներկայացված ծրագրային առաջարկներն ընդունելի են, եւ հիմքում ունենալով ազգային ու պետական շահը՝ պատրաստ է համագործակցության: Նշենք, որ օրերս կուսակցությունը, մասնավորապես, հայտարարել էր. «Այս օրհասական պահին ժամանակի հրամայականն է Արցախում միավորել, համախմբել բոլոր ուժերը՝ անկախ քաղաքական հայացքներից եւ կուսակցական պատկանելիությունից, ու պայքարել մեր ժողովրդին հուզող ու ապագայի նկատմամբ հավատ ներշնչող անվտանգային եւ տնտեսական խնդիրների լուծման համար»:
ArmLur.am-ը զրուցել է «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու էր հանդիպել Արայիկ Հարությունյանին: Բադասյանը տեղեկացրեց, որ առաջիկայում Արայիկ Հարությունյանն իրեն կնշանակի հատուկ հանձնակատար՝ անվտանգության, պաշտպանության եւ սոցիալ տնտեսական ապահովման հարցերով:
-Հանդիպում եք ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ. մի փոքր մանրամասնե՞ք, թե ինչու եք հանդիպել, ինչ եք քննարկել:
-Արայիկ Հարությունյանն ինքն էր հրավիրել, մենք գոյություն ունեցող պրոբլեմներից ենք խոսել, որոնք շատ-շատ են, հույսը շատ քիչ է: Հայաստանից, Սյունիքի մարզից եւ մյուսներից ավելի վատ վիճակում է այնտեղի դրությունը. անհուսալի է:
-Ի՞նչ առումով է անհուսալի:
-Առաջվա Արցախը չէ: Մարդկանց մոտ մի փոքր անկումային տրամադրություն է: Պետք է մի շարք միջոցառումներ իրականացնենք, որպեսզի մարդկանց հավատը վերականգնվի անվտանգության առումով նաեւ: Արցախում մարդիկ իրենց պաշտպանված չեն զգում: Եվ պետք է մտածենք նաեւ սոցիալ-տնտեսական վիճակի մասին: Մենք ունենք կոնկրետ առաջարկություններ, որոնք նախագահի հետ քննարկում ենք:
-Պարոն Հարությունյանի համար Ձեր առաջարկություններն ընդունելի՞ են:
-Այո՛, ընդունելի է: Ես ծառայում եմ Արցախի ժողովրդին Արայիկ Հարությունյանի հետ միասին:
-Այսինքն՝ Դուք որոշել եք վերադառնալ Արցախ եւ բնակվել Ատեփանակերտո՞ւմ:
-Ես Երեւանում ժամանակավոր էի: Ապաքինվելուց հետո որոշել եմ հետ գալ Արցախ: Ես դուրս չէի եկել, որ վերադառնամ:
-Դուք ապրելու եք Ստեփանակերտում, փորձեք լուծումներ տալ այդտեղի հարցերին եւ օգնել, որպեսզի Արցախի բնակչությունը չհեռանա՞:
-Այսպիսի տպավորություն է, որ ես գյուղում էի ապրում, հիմա Ստեփանակերտ գամ: Ես ապրում էի Հադրութում, Հադրութը հանձնված է: Հիմա պետք է ապրեմ Ստեփանակերտում:
-Այսինքն՝ որոշել եք Արցախին օգնել, վերադառնալ այնտեղ ու օգնել Արցախի բնակչությա՞նը:
-Այո՛, որոշել եմ օգնել Արցախի բնակչությանը:
-Պարո՛ն Բադասյան, ո՞ր հարցն եք այս պահին ամենակարեւորը համարում Արցախում, որ առաջնային լուծում պետք տալ:
-Մարդկանց հույս, հավատ ներշնչել, որպեսզի մարդիկ վաղվա օրվա նկատմամբ ունենան վստահություն, իսկ դրա համար ամենակարեւորը անվտանգության զգացումն է: Իսկ թե ինչ կարող ենք անել, մտածում ենք եւ դրա պատասխանն էլ ունենք: Առաջիկայում կհրապարակենք, թափանցիկ կաշխատենք եւ մարդիկ անպայման կիմանան այդ ծրագրերի մասին:
-Դուք այստեղ՝ Հայաստանում, Ազգային անվտանգության ծառայության կողմից բերման ենթարկվեցիք՝ Ձեր հայտարարության հետ կապված: Ի՞նչ փուլում է գտնվում Ձեր գործը:
-Ես հրապարակավ ասել եմ այն, ինչ ամեն օր ասում է Հայաստանի բանիմաց յուրաքանչյուր քաղաքացի: Ինչո՞ւ բանիմաց. որովհետեւ այսօր Հայաստանի հասարակությունը քայքայված է, այսինքն՝ կա Հայաստանում ազգային հայրենասեր մաս, եւ, ցավոք սրտի, քաղաքական այլասերված մաս կա: Քաղաքական այլասերված մասը պաշտպանում է վարչապետին, իսկ մյուս՝ հայրենասեր մասն այն է, որ ասում է այն, ինչ հրապարակավ ասել եմ ես:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԱՐՑԱԽՈՒՄ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ԼԻՆԻ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին այցելել է ԱՀ պետական եկամուտների կոմիտե եւ հանդիպել մի խումբ աշխատակիցների հետ:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են երկրում ստեղծված հետպատերազմյան իրավիճակը, առկա խնդիրների հաղթահարման եղանակներն ու հեռանկարները: Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ, ի հեճուկս տարբեր խոսակցությունների, Արցախը չի հրաժարվելու անկախության ճանապարհից եւ Պաշտպանության բանակի ու ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ, կառուցելու է իր անվտանգության համակարգը՝ երկարատեւ ժամանակահատվածում իրականացնելով տնտեսական զարգացման ծրագրեր:
Արայիկ Հարությունյանը հորդորել է տուրք չտալ Արցախում նոր պատերազմ սկսելու մասին անհիմն խոսակցություններին, որոնք ավելի շատ միտված են բնակչության շրջանում տարատեսակ խուճապային տրամադրությունների ստեղծմանը: Նա կոչ է արել հասարակությանը բոլոր ջանքերը միասնականորեն ուղղել պատերազմի հետեւանքների վերացմանը եւ պետության անվտանգային ու սոցիալ-տնտեսական երկարաժամկետ զարգացմանը:
Հանդիպման ընթացքում նախագահը նաեւ պատասխանել է ներկաներին հուզող հարցերին:
ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ
Հայաստանը հնարավորություն ունի արտոնյալ պայմաններով Ղազախստանից բենզին ներկրել: Անցյալ տարվա հուլիսի 2-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն էր տվել Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ստորագրված նավթամթերքի մատակարարման եւ առեւտրատնտեսական կապերի զարգացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը: Ըստ այս համաձայնագրի՝ Ղազախստանից ներկրումով մեր երկիրը կարող է թեթեւ նավթամթերք (բենզին, դիզվառելիք) ստանալու նոր, այլընտրանքային աղբյուր ստանալ, որոնք, ընդ որում, ազատվում են արտահանման մաքսատուրքի գանձումից: ArmLur.am-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց, թե որ փուլում է գտնվում համաձայնագրի ստորագրումը: Նախարարի խոսքով՝ տրանսպորտային խնդիրների պատճառով է, որ դեռեւս էական ծավալներ չունի այդ համաձայնագրի ներքո իրականացվող ներմուծումը: «Բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ՝ բարելավելու տրանսպորտային հնարավորությունները Իրանի եւ Ռուսաստանի միջոցով, որպեսզի կարողանանք թույլ տալ եւ հնարավորություն ընձեռել մեր տնտեսվարողներին օգտագործել ներմուծման այդ ճանապարհը: Ավելի կուժեղանա մրցակցությունը վառելիքի ոլորտում, որն էլ կհանգեցնի գների նվազմանը»,- պարզաբանեց նախարարը:
ԻՆՔՆԱՀՐԿԻԶՄԱՆ ՓՈՐՁ
Մարտի 10-ին՝ ժամը 13:06-ին, ուշագրավ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության կառավարության շենքի մոտ. տղամարդը փորձել է ինքնահրկիզվել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ոստիկանություն է զանգահարել 43-ամյա Հենրիխ Գրիգորյանը եւ հայտնել, որ ինքը պատերազմի մասնակից է, պատկան մարմինները ոչինչ չեն անում, որ ինքը կնոջը եւ երեխաներին գտնի, այդ պատճառով ուզում է կառավարության առջեւ ինքնահրկիզվել:
Կառավարություն են շտապել իրավապահները, եւ ժամը 18.20-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները կառավարության շենքի դիմաց նկատել են մի տղամարդու, ով փորձել է իր վրա բենզին լցնելու եղանակով ինքնասպան լինել: Ծառայողներին հաջողվել է կանխել ինքնասպանությունը, տղամարդուն տարել են ոստիկանության բաժին: Ոստիկանությունում պարզվել է, որ նշված քաղաքացին հանդիսանում է Հ. Գրիգորյանը, որը հայտնել է, որ ընտանեկան խնդիրների պատճառով ցանկացել է ինքնասպանություն գործել: Հ. Գրիգորյանը բաց է թողնվել: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: