Հղիության արհեստական ընդհատման համար կիրառվում է երկու մեթոդ` արհեստական, երբ վիրահատական միջամտություն է կատարվում, և դեղորայքային, երբ որոշակի սխեմայով կինը դեղեր է ընդունում՝ հղիությունը ընդհատելու համար,- այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց մանկաբարձ-գինեկոլոգ Դոնարա Ալագյոզյանը, երկրորդ մեթոդն ընդունվել է Հայաստանում, եւ հատուկ մասնագետներ են պատրաստվել, բայց կա որոշակի ժամկետային սահմանափակում. երբ հղիությունն արդեն անցել է վեց շաբաթից ընդհատումն արգելվում է: “Հղիությունը մեծ սթրես է կնոջ համար, եւ ընդհատումից հետո պետք է վերականգնողական բուժում անցնել”,- ասաց Ալագյոզյանը: Նա խորհուրդ տվեց կանանց, որ եթե հղիությունը առաջինն է եւ ցանկալի է՝ ուլտրաձայնային հետազոտություն անցնել միայն 18 շաբաթից հետո: Կլինիկական հոգեբան Լիլիթ Երիցյանի բնորոշմամբ՝ հղիությունն ընդհատվելու ժամանակ գործ ունենք խորքային անհատական մեղքի զգացման հետ, որի դեպքում հոգեբանները կարող են օգնել՝ եւ՛ մինչեւ ընդհատումը, եւ՛ ընդհատումից հետո:”Եթե անգամ անցանկալի երեխան ծնվում է, ապա նա իր անցանկալի լինելը զգում է ողջ կյանքի ընթացքում, սովորաբար դա լինում է ընտանիքի վերջին երեխան”,-նշեց հոգեբանը: Տեր Թովմա քահանա Անդրեասյանը մեջբերումներ արեց սաղմոսներից եւ շեշտեց, որ հղիության արհեստական ընդհատումը մեծ մեղք է, ավելի մեծ մեղք է, քան մարդասպանությունը, սակայն, ըստ նրա, կան բացառություններ, երբ եկեղեցին ընդառաջ է գնում, մասնավորապես, երբ մարդու կյանքին վտանգ է սպառնում, կան նաեւ իրադրություններ, որ եկեղեցին կրկին արդարացնում է վիժեցումը, օրինակ՝ բռնաբարությունների դեպքում: Մասնագետները համակարծիք են, որ պետք է արգելել նախօրոք պտղի սեռը պարզելը, քանի որ հենց դա է արհեստական ընդհատումների պատճառ դառնում:
Հղիության ընդհատումից հետո պետք է վերականգնողական բուժում անցնել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ