Մարտի 17-ին նիստ է գումարելու ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը, որի օրակարգում է նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի՝ 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Զեկույցը ներկայացնելու է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Զեկույցի նախաբանում նշված է. «Աշխարհի բոլոր պետությունների համար 2020 թվականը լրջագույն մարտահրավերներով տարի էր, որի պատճառներն էին նոր կորոնավիրուսի տարածումը եւ դրա բացասական հետեւանքների ազդեցությունը: Հայաստանում, ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրներում, նոր կորոնավիրուսի համավարակը շոշափելի վնաս հասցրեց երկրի սոցիալ-տնտեսական կյանքին։ Հայաստանի համար, սակայն, 2020 թվականի մարտահրավերները չսահմանափակվեցին նոր կորոնավիրուսի տարածմամբ»:
Կորոնավիրուսի առաջին բերովի դեպքը Հայաստանում արձանագրվեց 2020 թվականի մարտի 1-ին։ Աշխարհի մակարդակով հայտարարված պանդեմիայի հանգամանքը եւ Հայաստանում վարակի ներքին տարածման արձանագրումը հիմք ծառայեցին, որ կառավարությունն անհապաղ ձեռնամուխ լինի համավարակի արձագանքմանը։ 2020 թվականի մարտի 16-ին Հայաստանի ամբողջ տարածքում ուժի մեջ մտավ արտակարգ դրության իրավական ռեժիմը, ինչը հնարավորություն տվեց կիրառելու ազատ տեղաշարժի իրավունքի եւ տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներ։ Սահմանափակումների կառավարումն իրականացվել է սցենարային տրամաբանությամբ՝ ադապտացնելով երկշաբաթյա պարբերականության համաճարակային իրավիճակի մոնիթորինգի եւ վերլուծության արդյունքները: Արտակարգ դրության իրավական ռեժիմի ներքո համավարակի կառավարման գործողությունները համակարգելու, հասանելի կարողությունների եւ ռեսուրսների միասնական կառավարումն իրականացնելու նպատակով 2020 թվականի մարտի 16-ին ստեղծվեց պարետատունը, իսկ մարտի 21-ին արդեն ներդրվեց թեժ գիծը։
Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների բուժման եւ սպասարկման գործընթացում ընդգրկված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում ծավալվել է 2900-ից ավելի մահճակալ, որից շուրջ 380-ը` վերակենդանացման: Կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բուժման եւ սպասարկման գործընթացում ամբողջությամբ կամ մասնակի ներգրավված է եղել թվով 29 հիվանդանոցային բժշկական կազմակերպություն, որից 15-ը՝ մարզերում, իսկ 14-ը՝ Երեւանում: ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի ջանքերով՝ տեղում եւ առցանց կազմակերպված դասընթացներին ընդգրկվել է 10 հազարից ավելի մասնակից (բուժաշխատող):
ՀՀ-ում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման եւ այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսը 2020 թվականի համար կազմում է շուրջ 26.5 մլրդ դրամ:
2020 թվականի մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենսդրական փաթեթի միջոցով հնարավոր եղավ գործարկել տեղորոշման համակարգը։ Տեղորոշման համակարգի միջոցով ակնկալվում էր պարզել հիվանդի հետ շփում ունեցած անձանց շրջանակը եւ ապահովել նրանց պատշաճ մեկուսացումը, ինչպես նաեւ 14 վերահսկել եւ բացառել ինքնամեկուսացման ռեժիմի խախտումները: «Covid-19 Armenia» բջջային հավելվածը թույլ էր տալիս գրանցել, հայտնաբերել ինքնամեկուսացված (մեկուսացված) անձանց (այսուհետ՝ օգտատեր) եւ իրականացնել հսկողություն ինքնամեկուսացման նկատմամբ։ Հավելվածի միջոցով հավաքագրված եւ մշակված տվյալները պահպանվում էին Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված տվյալների կենտրոնում։ Տվյալների մշակումն իրականացվել է մինչեւ արտակարգ դրության ավարտը, իսկ տվյալների կենտրոնում եւ հատուկ համակարգչային ծրագրում մշակված բոլոր տվյալները ոչնչացվել են արտակարգ դրության ավարտից հետո:
Ն.Հ.
ԺԱՄԱՆԵԼ Է
Երեկ Հայաստանի Հանրապետություն է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն: Այսօր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում կկայանա Հայաստանի ԱԳ նախարարի եւ ԵԱՀԿ գործող նախագահի, Շվեդիայի ԱԳ նախարարի հանդիպումը։
ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԴԱԴԻՎԱՆՔԻ ՍՊԱՍԱՎՈՐ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը համատեղության կարգով առժամապես ծառայության է կոչվել Արցախի թեմում` որպես Դադիվանքի վանահայր։ Հոգեշնորհ Տ. Ներսես աբեղա Հարությունյանը, ազատվելով Եգիպտոսի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Արցախի թեմ` որպես Դադիվանքի հոգեւոր սպասավոր։ Դադիվանքում իր ծառայությունը կշարունակի նաեւ Բարեշնորհ Մանվել սարկավագ Սարգսյանը՝ ազատվելով ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդությունում ստանձնած պարտականություններից։
ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արայիկ Մուրադյանն ազատվել է Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնից: Ավելի վաղ Ա. Մուրադյանը հայտարարություն էր տարածել, որում նշում էր, որ հրաժարվում է Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից եւ միանում վարչապետի հրաժարականի պահանջով արված ԶՈՒ ԳՇ հայտարարությանը:
ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Եվրոպայի հարցերով պետական նախարար Միխայել Ռոթը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել ռազմագերիների եւ անհայտ կորած անձանց հարցերով լիարժեք թափանցիկությամբ համագործակել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ: Այս մասին Ռոթը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է լիարժեք թափանցիկությամբ համագործակցեն ԿԽՄԿ-ի հետ՝ ռազմագերիների եւ անհայտ կորած անձանց հարցերով: Տեւական խաղաղությունը եւ հաշտեցումը պահանջում են հակամարտության քաղաքական լուծում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- գրել է Ռոթը: Գերմանիայի Եվրոպայի հարցերով պետնախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում բախումները դադարել են, սակայն վերքերը դեռ բաց են:
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ մարտի 12-ին իրավապահներին է դիմել Գայանե Գալստյանը եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի գործունության մասին հանցագործության մասին հաղորդում տվել: Մասնավորապես, Գայանե Գալստյանը հայտնել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ-ի տնօրենի ներկայացուցիչ Դ.Խալաթյանն իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով, անօրինական կարգով իրեն պարտադրել է ստորագրել դեղամիջոցների եւ պարագաների վերաբերյալ նյութական եւ ֆինանսական պատասխանատվություն պարունակող փաստաթղթեր, առանց հրամանագրման, բանավոր պայմանով, ինչից ինքը հրաժարվել է, եւ այդ պատճառով Դ.Խալաթյանն իրեն հեռացրել է աշխատանքից: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ՝ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԱՆԸ
Մարտի 11-ին իրավապահները տեղեկություններ են ստացել, որ Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Սուրեն Մուրադյանը, լինելով Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար, 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան պատերազմի հետեւանքով Արցախի Հանրապետության քաղաքացիների սոցիալական աջակցության համար նախատեսված, պետության եւ տարբեր կազմակերպությունների կողմից տրամադրված օգնության բաշխման պատասխանատու պաշտոնատար անձ, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, նշված օրվանից մինչեւ օրս ընկած ժամանակահատվածում յուրացրել է խոշոր չափերով՝ մոտ 600.000 դրամ արժողությամբ կենցաղային իրեր եւ մթերք, որոնք տեղափոխել եւ պահել է իր հանգուցյալ հոր՝ Ստյոպա Մուրադյանի անվամբ հաշվառված ու իր կողմից փաստացի տիրապետվող Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի 4-րդ փողոցի 6-րդ տանը:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնում, ՀՀ քր. օր. 179 հոդ. 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, հարուցվել է քրեական գործ: Իրավապահները գործի են անցել եւ մարտի 12-ին նշված քրգործի շրջանակներում խուզարկություն են իրականացրել Ս. Մուրադյանի բնակության հասցեում՝ Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի 10-րդ շենքի 1-ին բնակարանում, ինչպես նաեւ վերջինիս պատկանող Քարաշամբ գյուղի 4-րդ փողոցի 6-րդ տանը, եւ հայտնաբերվել են թվով 2 էլ. ջեռուցիչներ՝ «Առաքելություն Հայաստան» գրառումներով, ինչպես նաեւ հայտնաբերվել եւ առգրավել են նշված օգնության տարբերանշաններով պարկերով սննդամթերքներ, օգնության մասին գրառումներով արկղերով այլ կենցաղային իրեր եւ տարբեր տեսակի մթերքներ, շոգեխաշված մսի պահածո, որի վրա առկա է գրառում «Վաճառքի ենթակա չէ»: Ս. Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Կատարվում է հետաքննություն: