ԱԱԾ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԽՈՍՏԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարել պատերազմին մասնակցած եւ անհետ կորած զինվորների ծնողներից խաբեությամբ գումար շորթելու դեպքերից մեկի մասով: Ուշագրավն այն է, որ զինվորների ծնողներից գումար են շորթում ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյա ներկայանալով:

 

Մասնավորապես, Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Հովիկ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, տեղեկանալով, որ զինծառայող Հայկ Մաթեւոսյանը, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմին, անհետ կորել է, կաշառք ստանալու պատրվակով Հայկ Մաթեւոսյանի ազգական Արամ Մանուկյանին վստահություն ներշնչելու նպատակով խաբեությամբ նրան ներկայացել է որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձ եւ պատրաստակամություն հայտնել ի պաշտոնե զբաղվել Հայկ Մաթեւոսյանի որոնողական աշխատանքներով: Հովիկ Բաբայանը 2020 թվականի հոկտեմբերի 28-ին ճանապարհածախսի պատրվակով Արամ Մանուկյանից նախ պահանջել եւ ստացել է 100 հազար ՀՀ դրամ, այնուհետեւ նրան մոլորության մեջ գցելու եղանակով, իր հանցավոր մտադրությունն իրագործելու մղումներից ելնելով, 2020 թվականի նոյեմբերի 1-ին Արամ Մանուկյանին հայտնել է, թե, իբր, զինծառայող Հայկ Մաթեւոսյանը գերության մեջ է գտնվում Ադրբեջանի Հանրապետության Դաբալա քաղաքում, որտեղ պահում են հայ ռազմագերիներին, եւ պատրաստվում են վերջինիս տեղափոխել քաղաք Բաքու: Դա կանխելու եւ Հայկ Մաթեւոսյանին Ռուսաստանի Դաշնության իր գործընկերների միջոցով այլ երկրների տարածքով Հայաստանի Հանրապետություն տեղափոխելը կազմակերպելու համար Հովիկ Բաբայանը մաս-մաս վճարելու պայմանով պահանջել է խոշոր չափերով՝ 1 միլիոն 480 հազար 800 ՀՀ դրամին համարժեք եւս 3 հազար ԱՄՆ դոլար, սակայն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում նույն օրը՝ ժամը 19-ի սահմաններում, Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակում Արամ Մանուկյանի կողմից 1.000 ԱՄՆ դոլարն ստանալուց անմիջապես հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից՝ չկարողանալով իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին հասցնել:

Այսքանով ամեն ինչ չի ավարտվում. Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Հովիկ Բաբայանը, տեղեկանալով, որ զինծառայող, 2002 թվականին ծնված Վանուշ Հարությունյանը, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմին, անհետ կորել է, կրկին նույն եղանակով կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու միասնական դիտավորությամբ Վանուշ Հարությունյանի ազգական Արմինե Փիլոյանին վստահություն ներշնչելու նպատակով խաբեությամբ նրան ներկայացել է որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձ եւ պատրաստակամություն հայտնել ի պաշտոնե զբաղվել անհետ կորած զինծառայող Վանուշ Հարությունյանի որոնողական աշխատանքներով: Հովիկ Բաբայանը 2020 թվականի հոկտեմբերի 5-ին ճանապարհածախսի պատրվակով Արմինե Փիլոյանից նախ պահանջել եւ ստացել է 70.000 հազար ՀՀ դրամ, այնուհետեւ վերջինիս գիտակցության ու կամքի վրա ներգործելու, մոլորության մեջ գցելու եղանակով, իր հանցավոր մտադրությունն իրագործելու մղումներից ելնելով, 2020 թվականի հոկտեմբերի 14-ին Արմինե Փիլոյանին հայտնել է, թե, իբր, զինծառայող Վանուշ Հարությունյանը ողջ է, սակայն գերության մեջ է գտնվում Ադրբեջանի Հանրապետությունում, եւ ինքը կփորձի իր կապերի միջոցով Վանուշ Հարությունյանին վերադարձնել ՀՀ: Այնուհետեւ Վանուշ Հարությունյանին Ռուսաստանի Դաշնության իր գործընկերների միջոցով Ադերբեջանից Չեչնիայի Հանրապետություն, այնտեղից Դաղստան, որից հետո ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաք տեղափոխելը կազմակերպելու համար մաս-մաս վճարելու պայմանով պահանջել եւ խաբեությամբ ստացել է խոշոր չափերով՝ եւս 2.500 ԱՄՆ դոլարին համարժեք 1.131.400 ՀՀ դրամ՝ Ա. Փիլոյանին պատճառելով ընդհանուրը խոշոր չափերով՝ 1.201.400 ՀՀ դրամի գույքայի վնաս: Հովիկ Բաբայանը կալանավորված է:

Ն.Պ.

 

 

 

ՕԴԱՆԱՎԸ ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ

21 օր է անցել ամերիկյան արտադրության, հայկական գրանցմամբ «Բոինգ»-ի Իրանում հայտնվելուց հետո, եւ չնայած տարատեսակ խոստումներին՝ ինքնաթիռը դեռ Իրանում է, իսկ վերադարձի մասին որեւէ հստակություն չկա։ Հիշեցնենք՝ փետրվարի 23-ն էր, երբ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը տեղեկություն հրապարակեց օդանավի՝ Իրանում հայտնվելու մասին։ Նույն օրը Հայաստանի քաղաքացիական ավիացիան հաղորդագրություն տարածեց` պարզաբանելով, թե տեխնիկական աշխատանքներ էին ընթանում, եւ դրանք շարունակելու նպատակով օդանավը պետք է տեղափոխվեր Ուկրաինայի «Հոստոմել» օդանավակայան։ Փետրվարի 20-ին, սակայն, օդանավն անհայտ պատճառներով հայտնվել է Իրանի «Մեհրաբադ» օդանավակայանում։

Եվ, ահա, մինչեւ մարտի 4-ը բոլորը լուռ էին, մինչ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ այն խախտեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ ամբիոնից հայտարարելով, թե իրանական կողմի հետ կա համաձայնություն՝ օդանավը հենց այդ օրը Հայաստան վերադարձնելու վերաբերյալ։

Եվ չնայած այս խոստումներին եւ տարվող աշխատանքներին՝ փաստ է մեկ բան՝ 21 օր անց օդանավը դեռ Հայաստան չի վերադարձվել: Փոխվարչապետի գրասենյակից այլեւս չեն ցանկանում այս հարցով մեկնաբանություն տալ՝ սլաքներն ուղղելով դեպի Քաղաքացիական ավիացիայի կեմիտե. վերջիններս եւս լուռ են: Եվ ավելին՝ քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն արգելել է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումն Իրանին, այս խնդիրը հայտնվել է նաեւ ԱՄՆ ուշադրության ներքո, եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հորդորել է այս հարցին առնչվող բոլոր կողմերին անհապաղ հստակեցնել ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը` հիշեցնելով, որ նմանօրինակ գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում։ Հավելենք, որ այս գործով զբաղվում է նաեւ Ազգային անվտանգության ծառայությունը. այժմ ընթանում է նախաքննություն։

 

 

 

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները երեկ նորից դադարեցվել են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Նշենք, որ որոնումները նախատեսված է եղել Մարտունու շրջանում, Վարանդայի (Ֆիզուլի) եւ Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում: Եթե ձյան տեսքով տեղումներ չլինեն, ու բավարար տեսանելիություն լինի, աշխատանքները կվերսկսվեն այսօր: Նշենք, որ զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1499 է, որից 23-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:

 

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ ԶԵԿՈՒՅՑ՝ ՄԻՊ-ԻՑ

Ադրբեջանական իշխանությունները կատարել են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ՝ COVID-19-ի պայմաններում Արցախի եւ Հայաստանի դեմ լայնածավալ զինված հարձակումներով: Այս մասին հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը. «Այդ փաստն ապացուցում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նոր արտահերթ զեկույցն անգլերենով: Մարդու իրավունքների պաշտպանի այս արտահերթ զեկույցը կոնկրետ օրինակներով ու մասնագիտական վերլուծությամբ ցույց է տալիս «Ադրբեջանի կողմից մարդկության դեմ կատարված հանցագործությունները  COVID-19-ի  մարդածին աղետի համատեքստում»: Արտահերթ զեկույցում նշվում է, որ չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի եւ Անվտանգության խորհրդի հայտարարություններին, որ COVID-19-ի պայմաններում պետք է անհապաղ դադարեցվեն բոլոր իրավիճակներում ռազմական գործողությունները, Ադրբեջանի իշխանությունների կողմից 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի նախաձեռնումը վտանգել է Արցախի ողջ բնակչության կյանքն ու առողջությունը՝ դիտավորյալ պատճառելով մահեր եւ տառապանքներ: Այն զգալիորեն նպաստել է նաեւ Հայաստանում մահվան թվերի աճին: Այս ամենն իրականացվել է մահացու վիրուսի արագ տարածումն արագացնելու եւ առողջապահական համակարգի վերջնական փլուզմանը հասնելու միջոցով:

Այսպիսով, մարտի 1-ից սեպտեմբերի 26-ը ընկած ժամանակահատվածում COVID-19-ի համավարակի 49400 դեպք է գրանցվել, մինչդեռ պատերազմի ժամանակ՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը, այս թիվը հասել է 59 287: Ինչ վերաբերում է մահացության ցուցանիշներին, ապա նախապատերազմյան յոթ ամիսների ընթացքում արձանագրվել է 951 մահվան դեպք, մինչդեռ պատերազմի ընթացքում այդ թիվը հասել է 658-ի: Արձանագրած այս փաստերը եւս մեկ անգամ ապացուցում են մարդու իրավունքների պաշտպանի պնդումները, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է պատասխանատվություն կրեն պատերազմական հանցագործությունների համար, քանի որ անպատժելիությունը ծնում է նոր՝ ավելի դաժան հանցագործություններ։ Զեկույցն ուղարկվելու է միջազգային համապատասխան կառույցներին, ՀՀ պետական մարմիններին»:

 

 

ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐ ԵՆ ԿՈՒՏԱԿՎԵԼ

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 455 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 




Լրահոս