Հայաստանում մեկ տարվա ընթացքում բավականին ավելացել է մահացածների թիվը. այս տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, մահացածների թիվն ավելացել է 728-ով։
Պաշտոնապես այս տարվա հունվարին մեր հանրապետությունում մահացել է 3295 մարդ։ Ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի՝ հիմնականում մահանում են սրտանոթային հիվանդություններից, քաղցկեղից: Ամենամտահոգողն այն է, որ գրանցված մահացության դեպքերի կեսից ավելիի պատճառն եղել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց մի մասը սրտամկանի սուր կաթվածն է, իսկ մի մասն էլ` հիպերտոնիկ հիվանդությունները: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանում այս տարվա հունվարին սրտանոթային հիվանդություններից մահացել է 1638 մարդ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 1461: Անցած տարվա համեմատ՝ աճ կա, այդ պատճառով սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ մահվան դեպքերի պատճառների ցանկի առաջատար դիրքերում:
Հայտնի է, որ մեր երկրում սրտանոթային հիվանդությունների տարածվածությունը լուրջ խնդիր է, որի պատճառով երիտասարդ շատ մարդիկ են մահանում: Մասնագետների համոզմամբ՝ գլխավոր «մեղավորները» զարկերակային բարձր ճնշումն է, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը, ֆիզիկապես ոչ ակտիվ կյանքն ու անառողջ` հիմնականում ճարպերի վրա հիմնված սնունդը: Մասնագետները նաեւ պնդում են, որ այս հիվանդությունների կանխարգելումն ավելի էժան եւ արդյունավետ է, քան դրանց բուժումը: Չէ՞ որ մեր երկրում սրտի միայն մեկ անոթը ստենտավորելու համար մոտ մեկ մլն դրամ եւ ավելի է անհրաժեշտ, իսկ վճարովի հիվանդասենյակի, անհրաժեշտ դեղորայքի, որը եւս թանկ է, հետազոտությունների մասին լռում ենք: Եւ բազմաթիվ են այն մարդիկ, որոնք մահանում են երիտասարդ տարիքում հենց այդ հիվանդությունների պատճառով, քանի որ գումար չունեն սրտի ստենտավորման համար:
Մահվան ամենատարածված պատճառներից հաջորդը նորագոյացություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները: Պաշտոնապես Հայաստանում այս տարվա հունվարին քաղցկեղից մահացել է 420 մարդ, իսկ նախորդ տարի այս հիվանդությունից մահացածների թիվը կազմել է 516: Թեեւ մեկ տարվա ընթացքում քաղցկեղից մահացածների քանակը 96-ով պակասել է, բայց, այնուամենայնիվ, այս ցուցանիշները շարունակում են մտահոգել մասնագետներին, ինչի մասին նրան մշտապես ահազանգում են։
Մասնագետների ներկայացմամբ՝ ե՛ւ սթրեսը, ե՛ւ շրջակա միջավայրը, ե՛ւ սննդակարգը համատեղ ազդեցություն են ունենում նշված երկու հիվանդությունների աճի վրա, իսկ դրանց կանխարգելումը որոշակիորեն կապված է մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման հետ: Ի դեպ, Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակել նաեւ Covid-19-ից մահացածների վերաբերյալ, ըստ որի՝ մեր հանրապետությունում նշված վարակից այս տարվա հունվարին մահացել է 390 մարդ։ Մյուս կողմից՝ դժբախտ պատահարներից, թունավորումների եւ վնասվածքներից մահացածների քանակն է զգալի ավելացել։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա հունվարին դժբախտ պատահարներից, թունավորումներից եւ վնասվածքներից մահացել է 306 մարդ, իսկ նախորդ տարի՝ 79։
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ
Արդեն հստակ է՝ այս տարի արտահերթ խորհրդարանական ընտրություններ կլինեն, թերեւս միայն ժամկետներն են քննարկման ենթակա՝ այն անցկացնել ամռանը, թե աշնանը: Նախ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շաբաթ օրը քննարկումներ անցկացրեց հենց այս հարցով, ապա նաեւ երեկ իշխող «Իմ քայլը» դաշինքի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն էին հավաքվել վարչապետի մոտ եւ երկար քննարկում ունեցել:
Նախ՝ նկատենք, որ վարչապետ Փաշինյանի, խորհրդարանական խմբակցությունների ու «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների հետ համատեղ հանդիպումը ձախողվեց. նախագահի առաջարկն ընդունել էր միայն իշխող ուժն ու ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը»։ Փոխարենը նախագահն առանձին հանդիպում ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։ Բոլոր երեք հանդիպումներից հետո նախագահականից նույնաբովանդակ հաղորդագրություն տարածեցին՝ հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու եւ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները, որի համատեքստում որպես լուծում անդրադարձ է կատարվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը: Եվ երեկ էլ հավաքվել էին իշխող թիմի անդամները: Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների մասին որեւէ հստակ բան չի ասել, նրա խոսքերից իմքայլականները հասկացել են, որ այն հնարավոր կլինի իրականացնել աշնանը. ինչպես ինքն է նշել. մինչ այդ բազում հարցեր կան լուծելու։
Մասնավորապես, Փաշինյանը հանձնարարել է խորհրդարանականներին «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծն առաջիկայում արդեն օրակարգ բերել, եւ պետք է ամեն ինչ անել ընդդիմության հետ կոնսենսուս ունենալու համար: Վարչապետն ասել է, որ հատկապես ռեյտինգային ընտրակարգը օրենսգրքից հանելու հարցը պետք է անպայման հավանության արժանանա խորհրդարանական ընդդիմության կողմից, հակառակ դեպքում միջազգային կառույցների մոտ դա բացասական արձագանք կստանա։
Ն.Հ.
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՍԱՏ Է
Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղում «Թումո» կենտրոնի շինարարությունը կիսատ է: Այժմ շինարարական աշխատանքներ չեն կատարվում։ Պատճառը թերի ֆինանսավորման պատճառով շինարարական մրցույթներ չանցկացնելն է։ Շինարարական աշխատանքների մեծ մասը կատարվել է, մնում են շենքի կառուցապատման որոշ աշխատանքներ, նաեւ շենքի ներսի հարդարման գործը։ Կողբում «Թումո» կենտրոնի շինարարությունը սկսվել է գրեթե 4 տարի առաջ՝ 2017թ. հունիսի 7-ին։ Բացման արարողությանը մասնակցել են նախագահ Սերժ Սարգսյանը, «Թումո»-ի հիմնադիր Սեմ Սիմոնյանը, «Թումո»-ի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազեանը, տեղական դպրոցների, ինչպես նաեւ տեղի զորամասի ներկայացուցիչները։ Կենտրոնը կկարողանա ընդունել 600-1000 պատանիների Կողբից, ինչպես նաեւ հարեւան Նոյեմբերյան քաղաքից եւ սահմանամերձ Բերդավան գյուղից։ «Թումո Կողբ» կենտրոնի դիզայնը ներառելու է դասընթացների սենյակներ, ինքնուսուցման հարթակ, ձայնագրման ստուդիա, կինոդահլիճ եւ բացօթյա տարածք մարզական ու ժամանցային գործունեության համար։ Կենտրոնում նաեւ անցկացվելու է «Թումո Բանակ» ծրագիրը, որի շրջանակներում մոտակա զորամասի ժամկետային զինծառայողները նույնպես կհմտանան «Թումո»-ի ոլորտներում։
ԱՐՑԱԽՑԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
Տավուշի մարզում բնակվող արցախցիներին բաժանվել են սննդի փաթեթներ ամենշաբաթյա պարբերականությամբ: Սնունդը բաշխում են Դիլիջան, Իջեւան, Այրում քաղաքներում։ Սննդի փաթեթներում ներառված են թարմ մսեղեն, կաթնամթերք, բանջարեղեն, պահածոներ: Մինչ այժմ սննդի փաթեթներ են տրվել մարզում բնակվող շուրջ 3500 ընտանիքի:
ԱՌԱՆՑ ԱԿՆՈՑԻ
Մարտի 11-ին Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանն այցելել է Դիլիջան համայնքի մաս կազմող Հաղարծին գյուղի տարեց բնակիչ Սիրուշ Պողոսյանին։ Դիլիջանի համայնքապետարանից հայտնում են, որ կնոջ 100-ամյակի կապակցությամբ նրան տրամադրվել է դրամական աջակցություն։ Տատիկը ուրախությամբ է ընդունել հյուրերին, երախտիքի խոսքեր ասել համայնքի ղեկավարի պաշտոնակատարին։ Սիրուշ Պողոսյանը հայտնել է, որ, չնայած իր 100-ամյակին, ինքը գրում եւ կարդում է առանց ակնոցի։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ