ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել. «2021թ. մարտի 15-ին ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը նվիրված ասուլիսին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է. «Ադրբեջանն, իր ստանձնած պարտավորություններին համապատասխան, բոլոր գերիներին վերադարձրել է Հայաստանին»: Հայտարարությամբ նաեւ նշվել է, որ «նոյեմբերի 26-ին Հայաստանի Շիրակի մարզից (…) զինված անձինք ռազմագերիներ չեն»: Ադրբեջանի իշխանությունների այս հայտարարությունները պարբերական բնույթ ունեն:

 

Հաշվի առնելով, որ հարցը վերաբերում է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանությանը եւ այն, որ չպետք է թույլ տալ փաստերի աղավաղված ներկայացում միջազգային կառույցներին՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում մանրամասն անդրադանալ նշված հայտարարություններին:

  1. Թե՛ նոյեմբերի 9-ի հայտարարությունից առաջ, թե՛ դրանից հետո ու ներկայում էլ առկա է ընթացող զինված հակամարտություն: Այս եզրահանգումն ուղղակիորեն բխում է միջազգային մարդասիրական իրավունքից եւ նշանակում է, որ Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են, պաշտպանված են միջազգային իրավունքով եւ պետք է անհապաղ ազատ արձակվեն ու անվտանգ վերադարձվեն:
  2. Գերիների ազատ արձակումն ու վերադարձը պարտադիր կատարման ենթակա միջազգային պահանջ է, այլ ոչ թե ադրբեջանական իշխանությունների «բարի կամքը» կամ նրանց «լավությունը»: Այս պահանջը միջազգային իրավունքում գործում է՝ անկախ կոնկրետ հակամարտությունների վերաբերող փաստաթղթերում ամրագրված լինելուց, ու պետք է կատարվի առանց նախապայմանների:
  3. Ադրբեջանի իշխանությունների վարքագիծն ու հայտարարությունները վկայում են առնվազն հետեւյալի մասին.

1) նրանք արհեստական են ձգձգում հայկական կողմի գերիների ազատ արձակումն ու վերադարձը; 2) չարաշահում են իրավական ընթացակարգերը եւ նենգափոխում միջազգային իրավունքի պահանջները՝ գերիների նկատմամբ հարուցելով քրեական հետապնդումներ ու ազատությունից զրկելն օգտագործում՝ որպես պատիժ: ՀՀ ՄԻՊ-ի արտահերթ զեկույցում կոնկրետ օրինակներով ապացուցված է, որ այս պրակտիկան կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները;

3) օգտագործում են հարցը քաղաքական նպատակների համար: Խոսքն, օրինակ, վերաբերում է անկախ լրատվամիջոցների հրապարակումներին այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները գերիների վերադարձի հարցն օգտագործում են Արցախում տարածքների փոխանակման, սակարկությունների ու քաղաքական այլ նպատակների համար;

4) շահարկում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ գերիների վերադարձին առնչվող 8-րդ կետը եւ այն կապում հայտարարության այլ կետերի հետ՝ ակնհայտորեն օգտվելով առիթից, որ դրանում նշված չէ այդ պարտավորության կատարման ժամկետ;

5) դիտավորությամբ շարունակաբար հոգեկան տառապանք են պատճառում գերիների ու անհայտ կորածների ընտանիքներին, ինչպես նաեւ խաղում են հայաստանյան ու արցախյան հասարակության զգացմունքների հետ;

6) իրենց պահվածքով հանրային լարվածություն են ստեղծում Հայաստանում ու Արցախում;

7) մարդու իրավունքների պահանջների կոպիտ խախտմամբ չեն հրապարակում Ադրբեջանում առանց որեւէ օրինական հիմքի պահվող հայկական կողմի գերիների իրական թիվը:

  1. Հետեւաբար, ադրբեջանական զինված ուժերի գերեվարած հայ զինծառայողներից ու քաղաքացիական անձանցից որեւէ մեկին «ահաբեկիչ» կոչելը միջազգային մարդասիրական իրավունքի ու, առհասարակ, մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ է:

Այս պնդումը հատկապես բխում է 1949 թվականի Ժնեւի երրորդ կոնվենցիայի պահանջներից:

  1. Ադրբեջանի նախագահի ու ԱԳ նախարարի հայտարարություները գերիների վերաբերյալ ուղղակիորեն հակասում են նաեւ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերի մտադրություններին ու այդ հայտարարության կիրառության պրակտիկային:

Մասնավորապես, այդ հայտարարության 8-րդ կետի պահանջի հիման վրա՝ ՀՀ-ն արդեն իսկ Ադրբեջանին է փոխանցել Արցախում հանցանքներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների սպանություն կատարած եւ դատապարտված երկու անձի: Ադրբեջանը նույն սկզբունքով Հայաստանին է փոխանցել այդ երկրում ֆորմալ դատապարտված հայերի:

  1. Հետեւաբար, նշված հայտարարությունը պետք է կիրառվի ինչպես նոյեմբերի 9-ից առաջ, այնպես էլ դրանից հետո բոլոր իրավիճակների նկատմամբ այնքան ժամանակ, քանի դեռ, պատերազմական գործողությունների հետեւանքներով պայմանավորված, առկա է մարդու իրավունքների պաշտպանության ու մարդասիրական գործընթացի օբյեկտիվ անհրաժեշտություն:

Նման մեխանիկական մոտեցումն անթույլատրելի է:

  1. Վերը շարադրվածից բացի, ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի հավաքագրած հավաստի ապացույցները հաստատում են, որ գերեվարված անձանց թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են: Դա վերաբերում է նաեւ մինչեւ թվով 44 գերիների մեկ խմբով վերադարձին եւ ներառում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից առաջ՝ պատերազմական գործողությունների փուլում գերեվարված անձանց:
  2. Գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաեւ Ադրբեջանում պետական աջակցությամբ հայատյացության քաղաքականության համատեքստում, ինչը բազմիցս հաստատվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի՝ օբյեկտիվ ապացույցների հիման վրա հրապարակած զեկույցներով:

Այս փաստը հաստատված է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներով:

  1. Ուստի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը եւս մեկ անգամ հրավիրում է միջազգային հանրության ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների ուշադրությունն Ադրբեջանի իշխանությունների, տվյալ դեպքում՝ արտաքին գործերի նախարարի հայտարարության վրա:

 

 

 

ԻՆՔՆԱԹԻՌԻ ՄԱՍՈՎ ՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Հայկական Fly Armenia airways ընկերության կողմից վարձակալած եւ նախնական թռիչքուղու շեղման հետեւանքով Իրանում հայտնված Boeing ինքնաթիռի դեպքով Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով. այս մասին ասել է ԱԱԾ պետի տեղակալ Տիգրան Հարությունյանը։

Իսկ նշված հոդվածը վերաբերում է օդանավ, նավ կամ երկաթուղային շարժակազմ փախցնելու կամ փախցնելու նպատակով զավթելուն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ եւ պատժվում է ազատազրկմամբ՝ 7-12 տարի ժամկետով։ Քրեական գործը քննվում է նաեւ 325-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելուն, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-400-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:

Հավելենք, որ 22 օր է անցել ամերիկյան արտադրության, հայկական գրանցմամբ «Բոինգի»՝ Իրանում հայտնվելուց հետո։ Եվ չնայած տարատեսակ խոստումներին՝ ինքնաթիռը դեռ Իրանում է, իսկ վերադարձի մասին որեւէ հստակություն չկա։

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ 54-ԱՄՅԱ ԿՆՈՋԸ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով  պարզվել են անչափահաս երեխաների նկատմամբ բռնություն գործադրելով ու դրա սպառնալիքով մուրացկանության մեջ ներգրավելու փորձ կատարելու, ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել երկու կանանց: Նախաքննության ընթացքում իրականացված մի շարք քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Կոտայքի մարզի 54-ամյա բնակչուհին իր անչափահաս երկու երեխաների հետ ձմռան ցուրտ ամիսներին ջեռուցման հնարավորություն չունենալու պատճառով հյուրընկալվել է Երեւանում բնակվող, իր հետ նախկինում փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնված ամուսնուն եւ վերջինիս 34-ամյա կնոջը:

Պարզվել է, որ 54-ամյա կինն իր երեխաների նկատմամբ չի իրականացրել պատշաճ խնամք եւ իր անչափահաս դստերը ստիպել է մուրացկանությամբ զբաղվել, սակայն աղջիկը հրաժարվել է, դիմել է փախուստի, որի պատճառով կինն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել երեխային շահագործելու իր մտադրությունը:

Բացի այդ, 54-ամյա կինն իր մյուս երեխայի նկատմամբ հաճախակի կիրառել է բռնություն՝ հարվածներ հասնելով անչափահաս որդու մարմնի տարբեր մասերին՝ նրան պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ:

Քննությամբ պարզվել է նաեւ, որ նախկին ամուսնու կինը՝ ծնված 1990թ., իր 2-ամյա աղջկա դաստակները սեղմել է փայտյա վառվող վառարանին՝ պահել մի քանի վայրկյան՝ այդկերպ նրան դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայումով թեթեւ վնաս: Այնուհետեւ հարվածներ է հասցրել անչափահաս որդու մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 54-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-1322-րդ հոդվածի (երեխայի կամ հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգի կամ շահագործման փորձ) 2-րդ մասի 4-րդ կետով եւ 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ 1990թ. ծնված կնոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Նախաքննությունը շարունակվում է:

Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել հոգեբարձության եւ խնամակալության մարմնին ձեռնարկել համապատասխան միջոցառումներ վորհիշյալ երկու կանանց ծնողական իրավունքներից զրկելու գործընթաց սկսելու համար:




Լրահոս