ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ Է, ՈՐ 12-ԱՄՍՅԱ ԳՆԱՃԸ ԿՆՎԱԶԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021 թվականի փետրվարին արձանագրվել է 0.6% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.2% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը եւ բնականոն գնաճը ավելացել են եւ ամսվա վերջին կազմել համապատասխանաբար 5.3% եւ 5.5%՝ հիմնականում պայմանավորված միջազգային ապրանքահումքային շուկաներից եւ դրամի փոխարժեքի արժեզրկումից փոխանցվող ազդեցություններով. այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԲ-ն:

 

Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում շարունակվում են տնտեսական ակտիվության եւ պահանջարկի վերականգնման միտումները, ինչը, ենթադրվում է, կպահպանվի միջնաժամկետ հորիզոնում՝ հիմնականում պայմանավորված այդ երկրներում խթանող դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների իրականացմամբ:

Համաշխարհային պահանջարկի վերականգնման դրական սպասումների ազդեցությամբ, ինչպես նաեւ մի շարք առաջարկի գործոններով պայմանավորված՝ հումքային եւ պարենային ապրանքների միջազգային շուկաներում դրսեւորվել են գների աճի միտումներ: Սա նաեւ նպաստում է գործընկեր երկրներում սպասվածից բարձր գնաճային միջավայրի ձեւավորմանը: Նման իրավիճակում ԿԲ խորհուրդը արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա դեռեւս շարունակում է ակնկալել գնաճային ազդեցություն:

2020թ. չորրորդ եռամսյակում ՀՀ տնտեսական անկումը որոշ չափով գերազանցել է նախորդ դրամավարկային քաղաքականության ծրագրում կանխատեսված ցուցանիշը՝ հիմնականում պայմանավորված ծառայությունների եւ գյուղատնտեսության ճյուղերի ակտիվության նվազումներով։ 2021թ.-ի առաջին եռամսյակում ցածր տնտեսական ակտիվությունը դեռեւս պահպանվում է, ինչին շարունակում է էական նպաստում ունենալ ծառայությունների ոլորտի նվազումը՝ արտահայտելով նաեւ պահպանվող թույլ պահանջարկի եւ ցածր մասնավոր սպառման ազդեցությունը: Չնայած փոքր ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականությանը՝ պահպանվող անորոշությունների եւ վարկավորման աճի տեմպերի դանդաղման ներքո կանխատեսվում է, որ ներքին պահանջարկը առաջիկայում կմնա որոշակի զսպված: Նման պայմաններում ԿԲ խորհուրդը ներքին տնտեսությունից գնաճային ազդեցություններ չի սպասում:

ԿԲ խորհուրդը դեռեւս դեկտեմբերին, կանխատեսելով առաջարկի գործոններով պայմանավորված գնաճի ու գնաճային սպասումների որոշակի արագացում, էականորեն խստացրել էր դրամավարկային պայմանները: Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաեւ պահանջարկի պահպանվող թույլ միջավայրը՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում ներկայումս անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը։

Խորհուրդը միակարծիք է, որ առաջիկայում եւս դրամավարկային քաղաքականությունն ուղղված է լինելու գնաճային սպասումների արագացման ցանկացած ռիսկի չեզոքացմանը՝ հնարավորինս չվնասելով ներքին պահանջարկի վերականգնմանը։ Նման պայմաններում կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճը առաջիկա ժամանակահատվածում որոշակի արագացումից հետո կանխատեսվող հորիզոնում կնվազի եւ կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

ԿԲ խորհուրդը գտնում է, որ տնտեսական հեռանկարների մասով բարձր անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են, եւ դրանց դրսեւորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը:

 

 

 

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ ՑՈՒՑԱԿԱԳՐՎԵԼ ԵՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ

«Յունիբանկ»-ի դրամային պարտատոմսերի 13-րդ թողարկումը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայի հարթակում։ Թողարկման ծավալը կազմում է 1 մլրդ ՀՀ դրամ, արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 10,5% տարեկան: Հաշվի առնելով ներդրողների մեծ պահանջարկը՝ պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտեց ժամկետից շուտ: Այժմ տեղաբաշխման ընթացքում է բանկի դոլարային պարտատոմսերի նոր թողարկումը: Դոլարային պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար, արժեկտրոնային եկամուտը՝ 5.3% տարեկան, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ: «Յունիբանկ»-ի պարտատոմսերը կարելի է ձեռք բերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 53 մասնաճյուղերից ցանկացածում: Տեղաբաշխման ավարտից հետո դոլարային պարտատոմսերը եւս կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում: Երկրորդային ցուցակումն կիրականացվի Մոսկվայի բորսայում, ինչի շնորհիվ ռուսաստանյան ներդրողները կարող են դրանք ձեռք բերել առանց Հայաստանում հաշիվ բացելու:

Պարտատոմսերի հիմնական առավելությունները երաշխավորված բարձր եկամուտն ու ապահովվածությունն են: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Հայաստանի Ֆոնդային բորսայում ցուցակված երկու կամ ավելի տարի մարման ժամկետով պարտատոմսերից ստացված եկամուտը հարկման ենթակա չէ: Պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը /գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 22.01.2021թ. թիվ 1/25 Ա որոշմամբ), դրա լրացումները եւ թողարկման վերջնական պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում:

 

 

 

585 ՆՈՐ ԴԵՊՔ

Մարտի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 179 287 դեպք, որոնցից 166 702-ը` առողջացած, 3277-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8469 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 780 085 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 3242 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 585 նոր դեպք: Ունենք 292 առողջացած եւ 12 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 839 է: Արցախում մարտի 15-ին կատարվել է 51 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթեւ ձեւերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3755 քաղաքացու հետազոտություն, որից 528-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2412 դեպք: Կատարվել է 21203 թեստավորում:

 

 

 

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ

Երեկ Հայաստանում մեկնարկել են լայնածավալ զորավարժություններ: 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամն է Հայաստանը անցկացնում նման զորավարժություններ:  Ինչպես հայտնում է Պաշտպանության նախարարությունը, համազորային, զորատեսակների եւ հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ զորավարժություններ անցկացվելու են Զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում։ Հայաստանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ մինչեւ մարտի 20-ը շարունակվելիք զորավարժությունների նպատակն է ստուգել զորքերի մարտունակությունը, օպերատիվ օղակի կառավարման կարողությունները եւ ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները։ Անցկացվելու են մարտական հրաձգություններ, ընդգրկվելու են շուրջ 7,5 հազար զինծառայողներ, շուրջ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային եւ հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, շուրջ 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոցներ, ներգրավվելու են օդային հարձակման միջոցներ: Զուգահեռաբար երեկ Ադրբեջանում մեկնարկել են քառօրյա լայնածավալ զորավարժություններ՝ մոտ հարյուր միավոր տանկերի եւ այլ զրահատեխնիկայի, հրթիռային համակարգերի, օդուժի ու անօդաչու թռչող սարքերի ներգրավմամբ։ ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ին հաղորդել էր, որ այդ զորավարժություններին մասնակցում են մոտ տասը հազար զինծառայողներ։ Ռուսաստանի արտգործնախարարությունից լրատվական գործակալությանը փոխանցել են, թե տարածաշրջանային կայունության ու անվտանգության տեսանկյունից ադրբեջանական զորավարժությունները ռիսկային չեն համարում, քանի որ դրանք կրում են պլանային բնույթ։

 

 

 




Լրահոս