ԴԵՆԴՐՈՊԱՐԿԻՑ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվում են ուսումնասիրություններ բնապահպանության տարբեր ենթաոլորտներում իրականացվող գործընթացների իրավաչափության եւ օրենսդրության պահանջների համապատասխանության առնչությամբ: Մասնավորապես, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի գործունեությանը վերաբերող ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ուղարկած փաստաթղթերի հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով 2020թ.-ի ապրիլին ստեղծված հանձնաժողովը նույն ամսին «Բերդի «Սորաններ»» դենդրոպարկ հիմնարկի տնկարանում արձանագրել է 1100 սյունաձեւ թույայի տնկի՝ յուրաքանչյուրը 2500 ՀՀ դրամ արժողությամբ:

 

Այնուհետեւ, ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով 2020թ. հոկտեմբերի վերջին ստեղծված հանձնաժողովը նույն տնկարանում նոյեմբերին արձանագրել է 359 սյունաձեւ թույայի տնկի, այսինքն՝ 741 տնկիով պակաս:

Ըստ ՊՈԱԿ-ի կանոնադրության եւ ոլորտը կարգավորող այլ ենթաօրենսդրական ակտերի` դենդրոպարկի բույսերի հավաքածուների պահպանության, վերարտադրության ու օրենքով սահմանված կարգով օգտագործելու աշխատանքների նկատմամբ հսկողությունը եւ «Բերդի «Սորաններ»» հիմնարկի գործունեության նկատմամբ վերահսկողությունը դենդրոպարկի տնօրենի եւ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի գործառույթներն են:

Այսինքն՝ հիմնարկի պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով չեն կատարել տնկարանի պահպանության պարտականությունը, որի հետեւանքով անհայտ անձանց կողմից առերեւույթ կատարվել է 741 հատ թույայի տնկիների 1.852.500 ՀՀ դրամի խոշոր չափերով գողություն:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են բերվել հանցավոր արարքի հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի եւ 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Իսկ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ չնայած N ՍՊԸ-ին տրամադրված օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման իրավունքով ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարայի տուֆերի հանքավայրի «ՀԱՅՔ» տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար նախատեսված է 200 մ3 ծավալով փորձնական հանույթ, սակայն ընկերության կողմից ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տարածքից 2020թ. փետրվարի 11-ից մինչեւ 2021 թվականի հունվարի 25-ը իրականացվել է 31.563 մ3 ծավալով լեռնային զանգվածի քանդման աշխատանքներ: Դրա արդյունքում դեգրադացվել է 33.204 մ2  մակերեսով տարածք, որից 1.097 մ2՝ գյուղատնտեսական նշանակության, իսկ 32.107 մ2՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման եւ այլ նշանակության հողեր։

Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման կարգով կատարված հաշվարկի համաձայն՝ արձանագրված վերոհիշյալ խախտումների հետեւանքով ընդհանուր առմամբ պատճառվել է էական՝ 7.603.273 դրամի վնաս՝ առանց հողի նախկին տեսքի բերելու իրականացվելիք ծախսերի։

Նկատի ունենալով, որ այդ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել հողը փչացնելու, շրջակա միջավայրին դիտավորությամբ կամ անզգուշությամբ էական վնաս պատճառելու հանցագործության հատկանիշների առերեւույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով, հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ նշված երկու քրեական գործերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե:

 

 

 

ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնել է իր երկու գործընկերների հետ նոր նախաձեռնություն ձեւավորելու մասին: ArmLur.am-ի փոխանցմամբ՝ ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում Թ. Թովմասյանը տեղեկացրել է, որ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ նոր են վերադարձել Արցախից եւ որոշել են նաեւ Սոֆիա Հովսեփյանի հետ միասին  ոչ իրավաբանական ձեւակերպմամբ, քանի որ օրենսդրությունը թույլ չի տալիս, ձեւավորել  «Արցախ» նախաձեռնություն: «Մենք պատրաստվում ենք թեկուզ կարճաժամկետ այս խորհրդանում լինել Արցախի ձայնը, որովհետեւ մինչեւ հիմա մենք ունենք միայն այսպիսի ֆորմատ՝ Արցախի հետ բարեկամական խումբ: Այդպիսի տարբեր բարեկամական խմբեր ունենք տարբեր երկրների հետ: Կարծում եմ, որ Արցախի մասով հատուկ ընդգծված վերաբերմունք պետք է ունենանք: Հատկապես պատերազմից հետո, երբ մինչեւ այդ մենք պատկերացում ունեինք, որ Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, հիմա վստահաբար կարող ենք ասել, որ Արցախն էր Հայաստանի անվտանգության երաշխավորը: Եվ Գեղարքունիքում ու Սյունիքում մենք մեր մաշկի վրա դա զգում ենք, թե թշնամուն քանի կմ հեռու էր պահում Արցախը»,-ասել է Թովմասյանը: Ըստ պատգամավորի՝ այդ արժեքը պետք է գնահատել եւ առաջնորդվել մեր իսկ անվտանգությունն ապահովելու առաջնահերթ խնդրով: Նա կարեւորել է Արցախի հարցի նկատմամբ մշտական ուշադրությունը: «Մենք շարունակելու ենք Արցախը պահել մեր ուշադրության կենտրոնում»,-ամփոփել է անկախ պատգամավորը:

 

 

ՀԱՇԻՎՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

Հայաստանի բանկերի միությունը Հաճախորդի միջազգային օրվա առիթով ներկայացնում է տվյալներ՝ Հայաստանի Հանրապետության առեւտրային բանկերում սպասարկվող հաճախորդների եւ նրանց բանկային հաշիվների թվի վերաբերյալ։  «2020 թվականին բանկերի հաճախորդների թիվն աճել է 7.5%-ով` կազմելով 3 251 281: Մասնավորապես՝ ֆիզիկական անձանց թիվն ավելացել է 219 397-ով կամ 7.5%-ով (3 146 319 հաճախորդ), իրավաբանական անձանց թիվը՝ 6 451-ով կամ 6.5%-ով (104 962 հաճախորդ): Նախորդ տարվա ընթացքում 333 527-ով կամ 5.6%-ով ավելացել է նաեւ հաճախորդների բանկային հաշիվների թիվը՝ կազմելով 6 265 944։ Մասնավորապես՝ ֆիզիկական անձանց հաշիվներն ավելացել են 320 493-ով կամ 5.6%-ով (6 034 936 հաշիվ), իրավաբանական անձանց հաշիվները՝ 13 034-ով կամ 6%-ով (231 008 հաշիվ): Հայաստանի բանկերի միությունը շնորհավորում եւ շնորհակալություն է հայտնում բանկերի հավատարիմ հաճախորդներին արդյունավետ համագործակցության եւ վստահության համար»,-նշված է բանկերի միության հայտարարության մեջ:

 

 

 

ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների հանգստի եւ աշխատանքի ռեժիմի առանձնահատկությունները: Նոր կարգավորմամբ` նախադպրոցական ուսումնական հաստատություններում մանկավարժական աշխատանքի կատարման համար աշխատաժամանակի տեւողությունը շաբաթվա համար սահմանվում է՝ 22 ժամ` հատուկ մանկավարժի (լոգոպեդի, սուրդոմանկավարժի) համար; 22 ժամ` սոցիալական մանկավարժի համար; 22 ժամ` հոգեբանի համար; 24 ժամ՝ երաժշտության դաստիարակի (երաժշտական ղեկավարի) համար; 24 ժամ՝ պարուսույցի (պարի ղեկավարի) համար; 30 ժամ` ֆիզկուլտուրայի հրահանգչի համար; 30 ժամ` երկարօրյա խմբերի դաստիարակի համար; 36 ժամ` դաստիարակի համար:

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցող մանկավարժի (ուսուցչի, խմբավարի) աշխատաժամանակի տեւողությունը սահմանվում է աշխատանքային պայմանագրով՝ համաձայն «ՀՀ աշխատանքային օրենսգրքի» պահանջների:

Միաժամանակ սահմանվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների աշխատանքային ռեժիմը կարգավորվում է ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոններով` հաշվի առնելով, որ մանկավարժական աշխատողի անհատական եւ խմբային խորհրդատվական աշխատանքի ժամանակահատվածը չի կարող գերազանցել վերոնշյալ սանդղակով սահմանված շաբաթական աշխատաժամանակի տեւողության կեսը:

Նշենք, որ ուսումնական հաստատությունների աշխատողների աշխատանքի եւ հանգստի ռեժիմի առանձնահատկությունները մինչ այժմ կարգավորվել են ՀՀ կառավարության՝ 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման 5-րդ հավելվածով:

 

 

 

891 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում մարտի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 891 նոր դեպք, առողջացել է 332 քաղաքացի, մահացել են 19-ը: Մեկ օրում կատարվել է 4725 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 793 678-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  182 056 դեպք, որոնցից 167 518-ը՝ առողջացած, 3320-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10367 պացիենտ:  Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 851 է:

 

 

 




Լրահոս