Armlur.am-ը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Անշարժ գույքի կոմիտեի նախկին ղեկավար Նարեկ Բաբայանի հետ: Վերջինս նախօրեին Արագածոտնի մարզում ուղեկցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մենք փորձել ենք պարզել, թե արդյոք դա նշանակում է, որ նախընտրական քարոզարշավն արդեն սկսվել է, եւ ինչպես մարզի բնակիչները դիմավորեցին իրենց թիմին: Բաբայանի հետ խոսել ենք նաեւ ընտրությունները կեղծելու, վերընտրվելու, ինչպես նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմքով արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու մասին:
-Պարո՛ն Բաբայան, Դուք շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էիք Արագածոտնի մարզում: Կարո՞ղ ենք ասել, որ սկսում եք քարոզարշավը, ու Դուք անձամբ ակտիվ մասնակցություն եք ունենում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին:
-Ես չէի ասի, որ սա քարոզարշավ է, ես կասեի, որ մենք ուղղակի հանդիպում ենք ունենում մարզերում, համայնքների բնակիչների հետ՝ խոսելու խնդիրներից: Ինչ վերաբերում է իմ ներգարվվածությանը, իհարկե, ես ներգրավված լինելու եմ, ես մեր կուսակցության վարչության անդամ եմ եւ պատասխանատվությունն եմ ստանձնել, ինչպես նաեւ կիսում եմ պատասխանատվությունն ամեն ինչի համար:
-Արագածոտնի մարզում ժողովուրդն ինչպե՞ս ընդունեց ձեզ, ի՞նչ տպավորություն եք ստացել: Արդյոք առաջիկայում ձեր իշխանությունը նորից վերընտրվելո՞ւ է:
-Ինձ համար առաջնահերթ խնդիրը վերընտրվելը չէ, խնդիրը ժողովրդի իշխանության պահպանումն է եւ վերահաստատումը, եւ որպեսզի ժողովուրդը վստահ լինի, որ այլեւս նախկինի վերադարձ չի լինելու, նկատի ունեմ, ընտրակեղծարարությանը եւ մնացած այն ամենին, ինչ տեղի է ունեցել: Ինչ վերաբերում է մեր ընդունելությանը, բավականին դրական կարող եմ գնահատել ընդունելությունը, բավականին ջերմ եւ փոխադարձ ազնիվ եւ հասկացողության մթնոլորտում:
-Մտավախություն չունեի՞ք, որ պետարազմից հետո հանրությունը ձեզ նույնկերպ չի ընդունելու, ինչպես 2018 թվականին:
-2018թ. լրիվ այլ իրավիճակ էր: Ինչ վերաբերում է հիմիկվան, մենք գիտենք իրականում մարդկանց տրամադրվածությունները եւ մի ստվար աջակցության մասին նույնպես գիտենք, նաեւ գիտենք քննադատություններն ու մեր բացթողումները: Քննադատությունների մեծ մասը տեղին է, բայց ոչ այն քննադատությունները, որոնք հնչեցնում են 17 կուսակցությունները կամ նախկին իշխանությունները:
-Այն, որ պատերազմի մեղավորը դուք եք, պարտության մեղավորը ձեր իշխանությունն է, ինչի համար մեղադրում են 17 կուսակցությունները, սխա՞լ եք համարում:
-Կարծում եմ՝ մենք մեր բաժին պատասխանատվությունն ունենք, եւ այն բոլոր մեղադրանքները, մանավանդ դավաճանության մեջ մեղադրելը, լիովին անհիմն են, եւ եթե անգամ եղել է դավաճանություն, ապա այլ տեղերում, եւ այդ թվում հենց 17 կուսակցությունների եւ, մասնավորապես, Վազգեն Մանուկյանի ելույթներում հնչել է իր իսկ դավաճանության կոչերը:
-Պարո՛ն Բաբայան, նաեւ ընդդիմությունը՝ ի դեմս «Հայրենիքի փրկության շարժման» շատ ներկայացուցիչների, նշում են, որ այս իշխանությունը կեղծելու է ընտրությունները, եւ չեն ցանկանում Նիկոլ Փաշինյնաի հետ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ մտածելով, որ կօգտագործեք բոլոր պետական ռեսուրսները եւ ընտրությունները կկեղծեք: Արդյոք ձեր իշխանությունը կեղծելո՞ւ է ընտրությունները, որպեսզի վերարտադրվի:
-Ձեր ձեւակերպած հարցի մեջ բավականին խնդիր կա:
-Ես Ձեզ ներկայացնում եմ ընդդիմության կողմից արված մեղադրանքը. ի՞նչ կասեք:
-Դա մեղադրանք չէ, դա անհեթեթություն է: Բոլոր ժամանակներում բոլոր ընտրություններ կեղծածները որեւէ ձեւով չեն կարող մեղադրել դեռեւս տեղի չունեցած ընտրություններում ինչ-որ մեկի կատարելիք հանցագործություններում:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Իշխանական կուլիսներում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, որ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Դա է պատճառը նաեւ, որ վերջին օրերին Արման Թաթոյանի դեմ գործի է դրվել իշխանական ամբողջ ռեսուրսը նրան վարկաբեկելու, ռեյտինգն իջեցնելու համար: Թեմայի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը հարցում է ուղարկել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, եւ պատասխանը ներկայացնում ենք ստորեւ.
«Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չի պատրաստվում մասնակցել առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին, հետեւաբար նման տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Պաշտպանը երբեւէ որեւէ առնչություն չի ունեցել եւ ներկայում էլ չունի քաղաքական գործընթացների հետ եւ գործում է բացառապես մասնագիտական, ապաքաղաքական աշխատանքի սկզբունքով:
Ընտրություններին մասնակցությունը ոչ միայն չի բխում Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական կարգավիճակից, այլ նաեւ լուրջ խնդիրներ կառաջացնի Սահմանադրությամբ նախատեսված գործառույթների իրականացման համար, այդ թվում՝ կապված ադրբեջանական կողմից պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների փաստագրման, ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության հետ:
Ավելին, ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպվելու դեպքում Պաշտպանն իրականացնելու է ողջ գործընթացի ապաքաղաքական ուսումնասիրություն եւ օրենքից բխող այլ գործառույթներ»:
Հիշեցնենք, որ վերջերս Միջազգային հանրապետականինստիտուտը (International Republican Institute–IRI) հարցում էր անցկացրել, որի համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության աշխատանքին մարդիկ ավելի բարձր գնահատական էին տվել, քան վարչապետի աշխատակազմին։ Ավելին, նույն հարցման համաձայն՝ մարդկանց 44 տոկոսը նշել էր, որ եթե ընտրությունները լինեն հաջորդ շաբաթ, ապա ոչ մեկին ձայն չեն տա, եւ միայն 33 տոկոսն է նշել, որ կընտրի Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ նաեւ այս թվերն են մտահոգել իմքայլականներին, որ եթե Արման Թաթոյանն առաջադրվի, ապա կարող է առաջ անցնել իրենցից՝ ստանալով մարդկանց մեծամասնության քվեն։
ՉԵՆ ԾԱՌԱՅԻ
ՀՀ քաղաքացիները կարող են գնալ Արցախ, գրանցվել որպես Արցախի քաղաքացի եւ ծառայել Պաշտպանության բանակում: Այսպիսի հայտարարությամբ է այսօր հանդես եկել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արցախում կառուցվածքային փոփոխություններ են ընթանում, որը վերաբերում է նաեւ բանակում իրականացվող փոփոխություններին, եւ հենց դրա շրջանակներում է այսպիսի որոշում կայացվել: Այսուհետ Արցախում լինելու է պրոֆեսինալ հիմունքներով բանակ, թեեւ ժամկետային զինծառայության տարբերակն էլ ուժի մեջ է։ Նկատենք, որ արցախյան 44-օրյա պատերազմից եւ նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությունից հետո անգամ խոսակցություններ էին ընթանում այն մասին, որ Արցախի պաշտպանության բանակը կազմալուծվում է, սակայն իրականում խոսք էր գնում վերակազմավորման մասին: Մասնավորապես, նաեւ քննարկվում է ժամկետային զինծառայողների զինծառայության ժամանակը վերանայելու եւ կրճատելու հարցը:
ԵՐԲ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ
Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ից 30-ը պետք է հրաժարական տա: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց սահմանադրագետ Վարդան Այվազյանը: Վերջինս նկատեց, թե խորհրդարանում երկու անգամ վարչապետ չընտրվելուց հետո այն կինքնալուծարվի, որից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կհայտարարի արտահերթ ընտրությունների մասին: Հետաքրքիր է սակայն, որ քաղաքական ուժերի շատ ներկայացուցիչներ չեն հավատում, որ Նիկոլ Փաշինյանը կկատարի իր խոստումը, եւ հունիսի 20-ին իսկապես արտահերթ խորհրդարանական ընտրություններ կլինեն:
ՀՀԿ-ՈՒՄ ԹԵԺ Է
Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ-ում այս օրերին թեժ քննարկումներ են: Կուսակցության մարզային, քաղաքային նախկին ղեկավարները կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանին համոզում են, որ պետք է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին, քանի որ իրենք կարող են շատ ձայներ հավաքել ու հայտնվել խորհրդարանում: Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը դեռեւս որեւէ հստակ բան չի ասում իր թիմի՝ արտահերթ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հետ կապված, քանի որ վերջինս ի սկզբանե հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ իրենք նպատակահարմար չեն համարում ընտրությունների մասնակցել: Ու դա է պատճառը, որ այս օրերին այս հարցը դառել է քննարկումների ու թեժ բանավեճերի թեմա: Մենք փորձել ենք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից պարզել, թե որքանով են իրական այս տեղեկությունները: «ՀՀԿ-ի ներսում երկրի քաղաքական օրակարգին համահունչ թեժ քննարկումներ մշտապես եղել են, կան եւ կլինեն: Քաղաքական կուսակցությունները քաղաքական մտքի դարբնոցներ են, հատկապես ՀՀԿ-ի նման ինտելեկտուալ, ազգային քաղաքական ուժի պարագայում, այսինքն՝ երկրի օրակարգային հարցերը չեն դադարել մեզ մոտ քննարկվել: Ինչ վերաբերում է ընտրություն-չընտրություն թեմային, ապա ՀՀ-ում ընտարական գործընթաց մեկնարկած չի, որպեսզի պաշտոնական դիրքորոշման անհրաժեշտություն լինի կուսակցությունում»,-հայտարարել է Աշոտյանը: