Որն է համարվում պետական կամ ծառայողական գաղտնիք. ԱԱԾ-ի նոր նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայությունն «Իրավական ակտերի նախագծերի» հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում են արդիակացնել այն:

Բանն այն է, որ գործող «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը բովանդակային և օրենսդրական տեսանկյունից ամբողջական բարեփոխման և կատարելագործման կարիք ունի, այն ընդունվել է 1996 թվականին և դրանում առկա մի շարք իրավակարգավորումներ չեն արտահայտում ներկա իրողությունները: Բացի այդ, վարչապետի 2020 թվականի որոշմամբ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» նոր օրենքի նախագծի մշակման և հարակից իրավական ակտերի արդիականացման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կողմից էլ մշակվել է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի նախագծը:

Մասնավորապես, օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է. «Ելնելով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների կարևորությունից, բնույթից, դրանց տարածման դեպքում առաջացող հնարավոր հետևանքներից ու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին պատճառված վնասների չափերից, ինչպես նաև այդ տեղեկությունների պահպանության համար անհրաժեշտ միջոցների ծավալից` սահմանվում են գաղտնիության երեք աստիճաններ`

1) «Հատուկ կարևորության»,

2) «Հույժ գաղտնի»,

3) «Գաղտնի»:

Իսկ հոդված 8-ն էլ սահմանում է, թե որ տեղեկությունները կարող են համարվել պետական եւ ծառայողական գաղտնիք.

Օրինակ

ռազմական բնագավառում`

ա) զինված ուժերի ռազմավարական և օպերատիվ պլանների, օպերացիաների նախապատրաստման և անցկացման, զորքերի ռազմավարական, օպերատիվ և զորահավաքային ծավալման, նրանց մարտունակության և զորակոչային պահեստազորի ստեղծման ու օգտագործման, աշխարհազորի կիրառման վերաբերյալ փաստաթղթերի բովանդակության, ինչպես նաև ղեկավարման համակարգի միջոցների տարրերի ենթակառուցվածքային փոխդասավորության, գործունեության ալգորիթմների, համակարգի հասանելիության, ամբողջականության և գաղտնիության դեմ ուղղված սպառնալիքները չեզոքացնելու միջոցառումների մասին,

ե) ռազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանվածության, ապահովվածության աստիճանի մասին:

Արտաքին հարաբերությունների բնագավառում`

1) Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական, արտաքին տնտեսական (առևտրային, վարկային և արժութային) գործունեության մասին, որոնց վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության կենսական կարևոր շահերին,

2) օտարերկրյա պետությունների հետ ռազմական, գիտատեխնիկական ու այլ տեսակի համագործակցության մասին տեղեկություններ, որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության կենսական կարևոր շահերին:

Այս նախագիծը մինչ ապրիլի 7-ը տեղադրված կլինի միասնական կայքում եւ կանցնի հանրային քննարկում:

Ն.Հ.




Լրահոս