«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարտի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմին հրավիրել է կառավարական ամառանոց՝ քննարկելու հետագա անելիքները: Մեր տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեման եղել է արտահերթ ընտրությունը եւ, մասնավորապես, Ընտրական օրենսգիրքը ընդունելու-չընդունելու հարցը: Հանդիպմանը ներկաներից շատերը բարձրաձայնել են, թե անարդար է, որ իրենց երկար աշխատանքից հետո Ընտրական օրենսգիրքը չընդունվի, եւ ընտրությունները կազմակերպվեն հին ԸՕ-ով: Հատկապես Համազասպ Դանիելյանը, որը գլխավորել է փոփոխությունների քննարկման նպատակով ստեղծված խումբը, դեմ է արտահայտվել: Եղել են մարդիկ, որոնք կիսել են նրա տեսակետը, բայց շատերն էլ կան, որ շարունակում են անընդունելի համարել միայն համամասնական ընտրակարգով ընտրությունների գնալը: Այսինքն՝ այս պահին հակասական տրամադրություններ կան նաեւ իշխող խմբակցության ներսում:
Կիրակի օրը կրկին հավաքվել են, եւ կրկին անորոշություն է եղել մեծապես: Կրկին ընդհանուր հայտարարի չեն եկել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը նկատեց, որ ԸՕ թեմայով քննարկումները տեղափոխվել էին տարբեր պատգամավորների աշխատասենյակներ: Հատկապես մարզերից ընտրված պատգամավորները դեմ են ռեյտինգային ընտրակարգի չեզոքացմանը:
Չի բացառվում, որ նոր Ընտրական օրենսգիրքը ընդունվի արդեն նոր ձեւավորված խորհրդարանում՝ հաջորդ ընտրությունների համար: Իսկ հիմա, եթե լինեն արտահերթ ընտրություններ, դրանք կկազմակերպվեն հին ընտրակարգով, քանի որ նաեւ այդպիսի խոստում է տվել հենց Նիկոլ Փաշինյանը ԼՀԿ եւ ԲՀԿ ղեկավարների հետ բանակցությունների ժամանակ:
Խորհրդարանում մարտի 19-ին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունված «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխությունների փաթեթը վրդովմունք է առաջացրել դատական համակարգի ներկայացուցիչների մոտ: Բանն այն է, որ այս փոփոխություններով նախ նոր լիազորություններ են տրվել Բարձրագույն դատական խորհրդին, որը կատարվել է ԲԴԽ նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանի միջնորդությամբ, եւ, բացի այդ, արվել են փոփոխություններ, որոնք, դատավորների խոսքով, կարող են իրենց համար զսպաշապիկ հանդիսանալ: Մասնավորապես, դատավորներին անհանգստացրել է այն դրույթը, համաձայն որի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից եւ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու հնարավորություն կունենան նաեւ քաղաքացիները: Ընդ որում, հստակեցված չէ, թե դա որ փուլում կարող է կատարվել, ինչը ենթադրում է, որ դատավարության ցանկացած փուլում նման գործողությունը հնարավոր է: Այսինքն` արդարադատություն իրականացնող դատավորներին առավել ակտիվ քաղաքացիները կկարողանան վերցնել վերահսկողության տակ` դրանից բխող բոլոր վատ հետեւանքներով: Հավելենք, որ խորհրդարանում այս փոփոխությունները քննդատել էին ինչպես ընդդիմության ներկայացուցիչները, այնպես էլ անկախ պատգամավորները: Եւ այս նախագիծը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, կյանքի չի կոչվի: Այն բողոքարկվելու է Սահմանադրական դատարանում, որտեղ, ըստ շատ իրավաբանների, փշրվելու է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ օրեր առաջ ընդդիմության լիդերների հանդիպում է տեղի ունեցել: Տեղեկացանք, որ հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու ՀՓՇ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպման ժամանակ քննարկվել է գործող իշխանությունների հետ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու հարցը: Մենք տեղեկացանք, որ շատ նեղսրտած է եղել հատկապես Վազգեն Մանուկյանը, որը հայտարարել է, թե ինքը չի պատրաստվում ընտրություններին մասնակցել, ավելին՝ շարունակելու է փողոցային պայքարը, որի միջոցով վստահ է՝ կկարողանա հասնել ցանկալի արդյունքի: Վազգեն Մանուկյանն իր խոսքում նշել է, որ հավաքված ուժերն այդպես էլ իրենց ողջ ռեսուրսը չօգտագործեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու համար, ինչի համար էլ այսօր ունեն նման իրավիճակ, երբ Փաշինյանն է որոշում՝ երբ եւ ինչ ձեւաչափով պետք է գնան ընտրությունների: Ավելին՝ Մանուկյանն իր խոսքը կառուցել է` ակնարկելով, որ իրենց ներսում եղան ուժեր, ովքեր իշխանությունների հետ բանակցությունների գնացին, նրանց հետ հաշվի նստեցին, դրա համար էլ իրենք պարտվեցին: Լիդերներից մի քանիսը փորձել են Մանուկյանին վստահեցնել, որ միայն այս տարբերակով կարող են հասնել իշխանափոխության, բայց Մանուկյանն անդրդվելի է մնացել: Իսկ ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցելու ձեւաչափին, ապա ընդդիմության լիդերները վերջնական որոշում չունեն: Կարծես թե, բացի ՀՅԴ-ից ու Ռոբերտ Քոչարյանից, բոլորը կարծում են, թե պետք է ընտրություններին մասնակցել առանձին-առանձին: ՀՅԴ-ն ու Քոչարյանը հավանաբար կմասնակցեն «Քոչարյան» դաշինքով:
Երեւանյան որոշ խանութներում եւ սուպերմարկետներում ձու չկա: Եթե ձու կա, ապա փոքր խանութներում, այն էլ՝ 90 դրամ: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը չի դադարում հեռախոսազանգեր ստանալ քաղաքացիներից: Նրանց պատմելով՝ սուպերմարկետներում փոքր չափի մեկ հատիկ ձուն սկսում է 75 դրամից, միջինը՝ 86 դրամից, իսկ մեծ չափի ձվի մեկ հատիկի գինը սկսում է 100 դրամից: Փոքր խանութներում եւ շուկաներում հնարավոր է ձեռք բերել հատիկով ձու, հատն էլ՝ 90 դրամից սկսած: Այս թեմայի շուրջ ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացրեց իր պարզաբանումը. «Մենք խնդրել ենք պետական մարմիններին ձվի շարժը՝ արտադրությունից մինչեւ խանութ եւ խանութից դուրս ուսումնասիրել: Մեր կարծիքով՝ արհեստական դեֆիցիտ առաջացնում են միջնորդ կազմակերպությունները, մեր առաքիչները, այդ թվում նաեւ փոքր խանութները: Մարտի 23-ից սկսել է ձվարկումը, եւ մենք առաջիկայում ակցիաներ ենք կազմակերպելու, որտեղ ձվի գինը 50 դրամից չի բարձրանա: Բայց շատերը այս պահին իրենց ձեռքերը տաքացնում են այս խնդրի վրա, հատկապես մեր էքսպեդիտորները, որոնց դուրս ենք թողել մինչեւ Զատիկի տոնը: Նրանցից ամեն մեկը 5-6 դրամ փող է աշխատում, այժմ մենք ուղիղ առաքում ենք իրականացնում խոշոր ցանցերին: Բայց մինչ այդ, նրանք վերցնում են ձուն եւ տալիս փոքր խանութներին, որոնք 85-90 դրամով են վաճառում»: