ՎԱՐԱԿԻ ԱՃԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉԻ ՄՏԱՀՈԳՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մարտի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 801-ով, իսկ մահացածների թիվը՝ 23-ով:

 

Մեր հանրապետությունում կորոնավիրուսի թվերը շարունակում են աճել, բայց ստեղծված պատկերը կարծես թե չի մտահոգում ոչ միայն երկրի թիվ մեկ ղեկավարին, այլեւ Առողջապահության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը։ Օրինակ, մարտի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ միասին Արագածոտնի մարզ էր գնացել՝ համայնքային այցերի, հանդիպել մարզի բնակիչների հետ: Նրանք եղել են մի քանի գյուղերում, հավաքներ անցկացրել, ընդ որում՝ վարչապետը չնայած հաճախ դիմակ էր կրում, սակայն սոցիալական հեռավորություն չէր պահում եւ անկաշկանդ ձեռքով բարեւում էր մարդկանց, շփվում տեղացիների հետ:

Կհիշեք՝ վարչապետը մարտի 1-ին եւս բազմամարդ հանրահավաք էր անցկացրել, մինչդեռ ամիսներ առաջ հենց ինքն էր դիմակ բաժանում մարդկանց եւ հորդորում պահպանել հակահամաճարակային կանոնները: Սրան զուգահեռ Առողջապահության նախարարությունը, անհասկանալի է, թե ինչով է իրականում զբաղված. արդյոք նշված գերատեսչությունը մտահոգվա՞ծ է կորոնավիրուսի դեպքերի թվի աճով, արդյոք որեւէ բան ձեռնարկո՞ւմ է վարակի տարածումը կանխելու համար այն դեպքում, երբ բազմամարդ հավաքները վարակի տարածման մեծ աղբյուր են:

Այնուամենայնիվ, ArmLur.am-ը դիմեց Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին, խոսեցինք Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային վերահսկողության վարչության գլխավոր տեսուչ Նաթելա Պողոսյանի հետ եւ հետաքրքրվեցինք՝ ինչու վարչապետին չեն տուգանում հակահամաճարակային կանոնները, կարանտինային ռեժիմը խախտելու համար:  Մեր հարցին ի պատասխան՝ մասնագետը փոխանցեց. «Բաց տարածքներում դիմակների կրման վերաբերյալ վերահսկողությունը տեսչական մարմնի լիազորությունների շրջանակում չէ, դա պետք է վերահսկեն իրավապահ մարմինները: Բազմամարդ հավաքի հետ կապված վերահսկողությունը եւս տեսչական մարմնի լիազորությունների շրջանակում չէ»:

Զրույցի ընթացքում գլխավոր տեսուչը հղում արեց ՀՀ կառավարության 1514 որոշոման 5-րդ գլխի 21-րդ կետին, ըստ որի՝ հավաքներ կազմակերպել, անցկացնել եւ հավաքներին մասնակցել թույլատրվում է միայն 1514-ի հավելվածի 18-րդ կետով սահմանված անհատական, պաշտպանական միջոցների կիրառման եւ անձանց միջեւ նվազագույնը 1.5 մետր հեռավորության պահպանման դեպքում, բայց սրա նկատմամբ վերահսկողության մասին ոչինչ նշված չէ: Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագետը վստահեցնում է՝ նշելով, որ վերահսկողություն բաց տարածքներում սովորաբար իրավապահ մարմինների լիազորությունների շրջանակում է: Ինչո՞ւ ոստիկանությունը չի տուգանել վարչապետ Նիկոլ Փաշինյանին. հարցին պատասխան ստանալու նպատակով դիմեցինք նաեւ ՀՀ ոստիկանություն, սակայն ապարդյուն. ոստիկանությունից հորդորեցին հարցը գրավոր ուղարկել: Հավանաբար պատասխան չունեն:

Ս.Հ.

 

 

 

ՁՎԻ ԳԻՆԸ ԿՏՐՈՒԿ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է

Երեւանյան որոշ խանութներում եւ սուպերմարկետներում ձու չկա: Եթե ձու կա, ապա փոքր խանութներում, այն էլ՝ 90 դրամ: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը չի դադարում հեռախոսազանգեր ստանալ քաղաքացիներից: Նրանց պատմելով՝ սուպերմարկետներում փոքր չափի մեկ հատիկ ձուն սկսում է 75 դրամից, միջինը 86 դրամից, իսկ մեծ չափի ձվի մեկ հատիկի գինը սկսում է 100 դրամից:

 

Բայց փոքր խանութներում եւ շուկաներում հնարավոր է ձեռք բերել հատիկով ձու, հատն էլ՝ 90 դրամից սկսած: Այս թեմայի շուրջ ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացրեց իր պարզաբանումը. «Մենք խնդրել ենք պետական մարմիններին ձվի շարժը՝ արտադրությունից մինչեւ խանութ եւ խանութից դուրս ուսումնասիրել: Մեր կարծիքով՝ արհեստական դեֆիցիտ առաջացնում են միջնորդ կազմակերպությունները, մեր առաքիչները, այդ թվում նաեւ փոքր խանութները: Մարտի 23-ից սկսել է ձվարկումը, եւ մենք առաջիկայում ակցիաներ ենք կազմակերպելու, որտեղ ձվի գինը 50 դրամից չի բարձրանա: Բայց շատերը այս պահին իրենց ձեռքերը տաքացնում են այս խնդրի վրա, հատկապես մեր էքսպեդիտորները, որոնց դուրս ենք թողել մինչեւ Զատիկի տոնը: Նրանցից ամեն մեկը 5-6 դրամ փող է աշխատում, այժմ մենք ուղիղ առաքում ենք իրականացնում խոշոր ցանցերին: Բայց մինչ այդ նրանք վերցնում են ձուն եւ տալիս փոքր խանութներին, որոնք  85-90 դրամով են վաճառում»:

Մասնագետի խոսքով՝ նախորդ տարի մեր հանրապետությունում, չնայած հավկիթի արտադրության ծավալների աճին, մարտից մինչեւ նոյեմբերի վերջ տնտեսվարողները չեն կարողացել ածան հավերի գլխաքանակը թարմացնել, մինչդեռ տարվա մեջ այն պետք է երկու անգամ թարմացվի:

«Մենք նախորդ տարի չկարողացանք դա անել, ճանապարհները փակ էին, համավարակը, պատերազմը, ռազմական իրավիճակը, մենք ստիպված եղանք Հոլանդիայից, Գերմանիայից, Վենգրիայից ավելի թանկ գնով ձեռք բերել ինկուբացիոն ձու եւ ճուտ, որպեսզի կարողանանք մեր գլխաքանակը թարմացնել: Բայց այդ քանակը դարձյալ բավարար չի եղել, եւ չարտերային թռիչքով մենք Գերմանիայից մեկ օրական ճուտ բերեցինք թանկ գնով, որ գոնե կարողանանք մեր շուկան պահել: Նույնիսկ Ռուսաստանը չկարողացավ իր պարտավորությունները մեր նկատմամբ կատարել: Ինչ որ մենք բերել ենք, դրել ենք, ժամկետը ուշ է եղել. պետք է մարտի սկզբներին հասցնեինք ձվարկումը, հիմա դա մարտի վերջին է տեղի ունենալու»,- բացատրեց մասնագետը:

Թռչնաբույծի խոսքով՝ մարտի 23-ից սկսել է ձվարկումը, ու առաջիկա օրերին ակցիաներ են տեղի ունենալու: «Մենք փորձում ենք սպառողին ասել, որ խուճապի չմատնվեն, որովհետեւ Զատիկին կհասցնենք»,- լրացրեց մասնագետը: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որտեղից փոխանցեցին, որ հավկիթի շուկան իրենց ուշադրության կենտրոնում է: Մեզ մնում է հուսալ, որ ՏՄՊՊՀ-ն հետեւողական կլինի եւ թույլ չի տա Զատիկին ընդառաջ հավկիթի շուկայում գնային անհիմն բարձրացումներ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՃԱՆԱՊԱՐՀԻ ԱՂԵՏԱԼԻ ՎԻՃԱԿԸ

2020թ. աշնանը՝ Արցախում տեղի ունեցած պատերազմից առաջ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեծ թափով ճանապարհաշինություն էր կատարում, կառուցապատվում, ասֆալտապատվում էին Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ավտոճանապարհի մեծ հատվածներ, ասֆալտապատեցին  նաեւ  մեծ թվով  համայնքային  նշանակություն  ունեցող ավտոճանապարհներ՝ Աչաջուր գյուղում Մակարավանք տանող ճանապարհը, Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղի ավտոճանապարհը, միջպետական ավտոճանապարհից Նոյեմբերյան  համայնքի  մաս կազմող սահմանամերձ Բերդավան մտնող ավտոճանապարհը, Իջեւանի տարածաշրջանի Գետահովիտ գյուղ տանող ավտոճանապարհը, Իջեւան  քաղաքի մի քանի փողոցներ եւ այլն։ Նման ակտիվ ճանապարհաշինությունը տարակուսանք էր հարուցում, որովհետեւ ակնհայտ էր, որ շուտով Արցախում պատերազմ  է  սկսվելու, եւ ֆինանսական  ռեսրսները պետք է ուղղել դրան նախապատրաստվելուն։ Գյուղական ավտոճանապարհները նորոգվել են, իսկ Հայաստան-Վրաստան  միջպետական ավտոճանապարհի մի կարեւոր հատված՝ Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելից մինչեւ Դիլիջան քաղաքի կենտրոնում գտնվող խաչմերուկ, շուրջ 18-20 կիլոմետր գտնվում է  ողբալի վիճակում։ Այդ մեծ հատվածում ասֆալտի ծածկը քանդված է, շատ տեղերում խոր փոսեր կան, ավտոմեքենաները, դրանք շրջանցելով, դուրս են գալիս երթեւեկության հանդիպակաց գոտի՝ ստեղծելով վթարային իրավիճակներ։ Այդ ավտոճանապարհը սպասարկում է «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն։

Երեւան-Իջեւան միկրոավտոբուսային երթուղին սպասարկող  վարորդները շատ են դժգոհում նշված ճանապարհահատվածի ասֆալտի ծածկի վիճակից, նրանք նշում են, որ Երեւան-Իջեւան 136 կիլոմետր  երկարությամբ ուղին իրենք հաղթահարում են 2 ժամում: Եթե Դիլիջանի այդ հատվածում նորմալ ավտոճանապարհ լիներ, իրենք  այդ ուղերթն ավելի կարճ ժամանակում  կանցեին։ Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելում մարտի 22-ի ժամը 10-ի սահմաններում լուսավորություն չկար, թունելում խավար էր։ Այդ թունելում վերջերս տեղի է ունեցել բեռնատարի կցորդիչի անսարքություն եւ այդ պատճառով խցանումներ։ Թունելի օդափոխությունը նորմալ չի կատարվում, եւ հաճախ թունելում կուտակվում է ավտոմեքենաների արտանետած  ծխի  մեծ քանակություն։

Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելը սպասարկում է Լինսի հիմնադրամի ճանապահաշինության ծրագրերի նախկին  ղեկավար էդուարդ Բեզոյանին պատկանող «Ճանապարհ»  ՍՊԸ-ն։ Է. Բեզոյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին  ճանապարհաշինական բազմաթիվ ծրագրեր է իրականացնում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս