«ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԿՈՐԵԼ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

««Լուսաբաց» ստեղծագործությունը գրվել էր 2020 թվականի ամռանը, իսկ օգոստոս ամսին արդեն նկարահանել էինք տեսահոլովակը, եւ երբ արդեն պետք է հանձնեինք այն հեռուստադիտողի դատին, սկսվեց չարաբաստիկ պատերազմը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է երգչուհի Արփի Շահնուբարյանը՝ անդրադառնալով նոր տեսահոլովակի պրեմիերային եւ երկրի առկա դրությանը:

 

«Սպասելն արդեն անիմաստ էր, եւ որոշեցինք տեսահոլովակը հանձնել մեր հանդիսատեսին, քանի որ մեր երկրում երբեք չես կարող իմանալ, թե հաջորդ օրն ինչ կլինի: «Լուսաբաց» երգը, կարծում եմ, շատ համահունչ է գարնան հետ, այն կարծես նոր լույս լինի այս մռայլ իրականության մեջ: Թող այս երգով լավ լուսաբացներ լինեն մեր ժողովրդի համար, որպեսզի մենք է՛լ ավելի ջանասիրությամբ եւ սիրով ստեղծագործենք: Նոր ստեղծագործություններ առաջիկայում սպասվում են, բայց այս շրջանում ինձ մոտ այնքան շատ են հույզերը, որ մտածում եմ՝ անգամ չեմ կարողանա հասցնել  դրանք մեկը մյուսի հետեւից իրագործել: Մի խոսքով, կարող եմ ասել, որ ստեղծագործելու մուսսաս եկել է, բայց ոչ մի փակագիծ չեմ ուզում բացել, շատ լավ, կրեատիվ մտքեր, իդեաներ ունեմ, որոնց մասին կխոսեմ, երբ արդեն պատրաստ կլինեն»,- նշում է մեր զրուցակիցը:

Արփիի խոսքով՝ երկրում կատարվող բոլոր հակասական տրամադրությունները բացասական ազդեցություն են ունենում  նրանց ստեղծագործական գործունեության վրա:

«Չեմ կարող ասել՝ ճնշում են գործում, բայց իրենց վատ հետքը թողնում են: Եվ ինչպես ժողովրդական լեզվով են ասում, ինչքան խեղդես, այնքան ավելի են ուժեղանում: Ես ինձ վրա այդ խոսքերի իսկությունը զգում եմ: Ինչքան էլ որ մենք ճնշված ենք, այնքան ավելի շատ ենք ձգտում, ծարավն էլ ավելի շատ է խեղդում արարելու, ստեղծագործելու, դա է՛լ ավելի է կոնկրետ ինձ մոտ ուժեղանում, իսկ ճնշվածությունը բոլորը նկատում են, եւ փորձում են լուռ հաղթահարել»,- ասում է նա:

Հարցին, թե ցանկություն չունի երկրից արտագաղթելու, հետեւելու իր մյուս գործընկերների օրինակին մեր զրուցակիցն ընգծել է. «Բնականաբար մեր տանն էլ այդ խոսակցությունը եղել է, քննարկվել է եւ քննարկվում է: Իմ դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ միանշանակ բացասական է, բայց ամուսինս ցանկություն ունի երկրից հեռանալու: Կարծում եմ՝ հարցը ոչ թե հարմարավետությունն  է, այլ անվտանգությունը: Հայաստանն էլի մեր երկիրն է, Երեւանն էլի մեր մայրաքաղաքն է, որտեղի ամեն ծառն ու թուփը մեզ հարազատ են, բայց այսօր մենք խնդիր ունենք ապահովության: Այստեղ խնդիր կա քո երեխաների, քո հարազատների, մտերիմների ապահով լինելու: Ես միշտ ասում եմ՝ պետք է այս վիճակում ապավինենք միայն Աստծու օգնությանը, որպեսզի մեզ լուսավոր միտք, ուժ, համբերություն տա, կարողանանք հաղթահարել այս ճգնաժամային իրավիճակը, բայց, ամեն դեպքում, ես երազում եմ ունենալ լավ, ապահով հայրենիք եւ տուն»:

Զրույցի վերջում Արփին հավելում է, որ այլեւս վստահությունը ներկա իշխանության նկատմամբ կորել է, բայց ընդգծում է՝ հին իշխանություններին նույնպես չի վստահում:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆԻ ՆՈՐ ԲԵՆԵՖԻՍԸ

ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը տեւական դադարից հետո երկրպագուներին է ներկայացել «Բենեֆիս» համերգային ներկայացմամբ:

 

Բեմում արտիստին միացել են նրա որդին՝ Մայքլ  Քոթանջյանը,  թոռնուհին՝ Լիկա Քոթանջյանը:

Սիրված ներկայացումը մատուցվել է նորովի: «Այնքան շատ են պատմությունները եւ դերերը, որ պարբերաբար թարմացնում եմ «Բենեֆիս»-ը: Այս անգամն էլ բացառիկ է այն առումով, որ հետաքրքիր անակնկալ է պատրաստել թոռնուհիս»,-նշել է Ռաֆայել Քոթանջյանը:

Արտիստը խոստովանում է՝ դադարները, բեմում չլինելը դժվարությամբ է տանում: «Սա մի սարսափելի դադար էր, որը յուրաքանչյուր արտիստի համար անտանելի է։ Աստված  տա՝ էլ երբեք չլինեն այսպիսի դադարներ, եւ մարդիկ վերադառնան իրենց բնականոն կյանքին։ Ուրախ եմ, որ հիմա հնարավորություն ունենք կրկին խաղալու»,- ընդգծում է նա:

Մայքլ Քոթանջյանի խոսքով՝ ինքը նույնպես ամեն անգամ նորություններով եւ անակնկալներով է միանում համերգային ներկայացմանը:

«Ավելանում են նոր երգերը, տեսահոլովակները, որոնք ընդգրկում եմ ներկայացման մեջ: Մեզ համար ամենակարեւորը հանդիսատեսին դրական լիցքեր եւ էմոցիաներ փոխանցելն է»,-ասում է Մայքլը:

Համերգը կայացել է «Մեկ ազգ, մեկ բռունցք» հասարակական կազմակերպության աջակցությամբ, որի նախագահ Կարեն Մարտիրոսյանի խոսքով՝ իրենց պարտքն է լինել մեր հայրենակիցների կողքին ցանկացած ոլորտում, որտեղ աջակցության կարիք կա:

 

 

 

«ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴԸ». ՅՈՒՐԻ ԴԱՎԹՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ 

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկազմակերպվի հուշ-երեկո՝ նվիրված մեծանուն դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի հիշատակին:

«Հավերժի ճամփորդը. Յուրի Դավթյան» խորագրով համերգը տեղի կունենա ապրիլի 2-ին: Կհնչեն ռուս եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Ելույթ կունենան սոպրանո Աննա Մնացականյանը, մեցցո-սոպրանո Նարինե Անանիկյանը, տենոր Հայկ Վարդանյանը, բասեր Սերգեյ Սարգսյանն ու Հովհաննես Կարապետյանը: Համերգի երաժշտական ղեկավար եւ կոնցերտմայստեր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Օլգա Խաչիկյան:

Ավելի քան 20 տարի Յուրի Դավթյանը եղել է Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորը: Մաեստրո Դավթյանը համերգներով հանդես է եկել աշխարհի տասնյակ երկրներում:

Համերգը հրաշալի հնարավորություն է վայելելու Յուրի Դավթյանի խաղացանկից կազմված ծրագիրը:

 

 

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

«Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը ճանաչվել է անգլիական ակումբի փետրվարի լավագույն ֆուտբոլիստ: Քվեարկության արդյունքում 28-ամյա ֆուտբոլիստն առաջ է անցել Կերտիս Ջոնսից ու Տրենտ Ալեքսանդր-Առնոլդից: Սալահը երրորդ անգամ անընդմեջ է արժանանում այդ մրցանակին: Փետրվարին նա մասնակցել է 6 խաղի եւ դարձել 3 գոլի հեղինակ: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը «Լիվերպուլի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում եւ խփել 25 գոլ:

 

 

ԻՆՔԸ ԿՈՐՈՇԻ

Մոսկվայի «Դինամոյի» 17-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանի հայր Նորայր Զախարյանը պատմել է, թե որ երկրի ազգային հավաքականն է ընտրելու որդին: «Նա ինքը կորոշի: Ե՛վ Հայաստանն է մեր հայրենիքը, եւ՛ Ռուսաստանը: Ես չեմ միջամտի: Հիմա նա խաղում է Ռուսաստանի երիտասարդական հավաքականում: Կարծում եմ՝ եթե ամեն բան ստացվի, նա կխաղա Ռուսաստանի ազգային հավաքականում, սակայն ժամանակից առաջ ընկնել չեմ ցանկանում: Մինչեւ այդ թող խաղա, գոլեր խփի ու առաջադիմի»,- Նորայր Զախարյանի խոսքը մեջբերում է Sport24-ը: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Արսեն Զախարյանը մասնակցել է 6 խաղի, դարձել է մեկ գոլի ու 2 գոլային փախանցման հեղինակ: Այս օրերին նա Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում պատրաստվում է 2021թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին:

 

 

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՅՍՕՐ

Այսօր կմեկնարկի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Մրցաշարը կանցկացվի Հունգարիայում եւ Սլովենիայում։ Հատկանշական է, որ մրցաշարի խմբային փուլը կանցկացվի մարտ ամսին, փլեյ-օֆֆ փուլը (1/4-ից սկսած), կանցկացվի մայիսի 31-ից, իսկ եզրափակիչը կկայանա հունիսի 6-ին։ Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցում են 16 հավաքականներ։

 

 

 

ԱՌԱՆՑ ՀԱՂՈՐԴԱՎԱՐՆԵՐԻ

«Օսկար» կինոմրցանակաբաշխությունը տեղի կունենա մեկ ամիս անց, եւ կազմակերպիչները սկսել են ակտիվ պատրաստությունը միջոցառմանը։ Նախորդ շաբաթ հայտնի է դարձել, որ արարողությունն առաջին անգամ կանցկացվի միանգամից երկու վայրում՝ Լոս Անջելեսի կայարանում, ուր կհավաքվեն հավակնորդները, եւ «Dolby» թատրոնում։ Ինսայդերները հայտնում են, որ սա միակ փոփոխությունը չէ. այս տարի արարողությունը կանցկացվի առանց հաղորդավարների։ Բացի այդ, պրոդյուսներն առայժմ չեն որոշել նրանց ցանկը, ովքեր մրցանակները կհանձնեն հաղթողներին։

 




Լրահոս