Լուսանկարն արվել է Կոտայքի մարզում
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ Զովունի գյուղի վարչական տարածքում դեռեւս անհայտ հանգամանքներում «ԳԱԶ 69» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել եւ բախվել է դեպի Եղվարդ ընթացող Mercedes GLE 43 մակնիշի ավտոմեքենային։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչ ժամկետում է կատարվում ամուսնալուծության պետական գրանցումը, եւ որքան գումար է անհրաժեշտ վճարել:
Լիա Մարկոսյան (43 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ եթե ամուսինների միջեւ առկա է ամուսնալուծվելու վերաբերյալ փոխադարձ համաձայնություն, ապա նրանց ամուսնալուծությունը կատարվում է ՔԿԱԳ մարմնում։
Ամուսնալուծության գրանցումը եւ ամուսիններից յուրաքանչյուրին ամուսնալուծության վկայականներ տրամադրելը կատարվում է ՔԿԱԳ մարմնի կողմից ամուսնալուծության մասին ամուսինների դիմում տալու օրվանից առնվազն մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ։ Ամուսնալուծության պետական գրանցման համար՝ ներառյալ վկայական տալը, գանձվում է պետական տուրք` 10,000 ՀՀ դրամ։ Ամուսնալուծության պետական գրանցման ժամանակ մինչամուսնական ազգանունը կրելու ցանկության դեպքում գանձվում է նաեւ 5000 ՀՀ դրամ պետական տուրք:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ ամուսնալուծության գրանցման համար ամուսինները ՔԿԱԳ մարմին են ներկայացնում համատեղ դիմում:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ որոնք են խնամատարության սահմանված ժամկետները:
Ծովինար Հարությունյան (43 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Խնամատարությունը կարող է լինել կարճաժամկետ եւ երկարաժամկետ՝ մինչեւ երեխայի չափահաս դառնալը: Կարճաժամկետ խնամատարությունը կիրառվում է մինչեւ մեկ ամիս ժամկետով, անհրաժեշտության դեպքում` եւս մեկ ամիս երկարաձգելու հնարավորությամբ, եթե սույն օրենսգրքով առավել սեղմ ժամկետ նախատեսված չէ։ Կարճաժամկետ խնամատարության ժամկետի ավարտից հետո, եթե հնարավոր չէ երեխային վերադարձնել կենսաբանական կամ խնամակալի ընտանիք, իսկ խնամատար ընտանիքը պատրաստ է շարունակել երեխայի խնամքը եւ դաստիարակությունը, ապա նախապատվությունը տրվում է նույն ընտանիքում խնամատարության ժամկետը երկարաձգելուն: Երկարաժամկետ խնամատարությունը կիրառվում է մեկ տարի եւ ավելի ժամկետով: Երկարաժամկետ խնամատարության պայմանագրի երկարաձգում թույլատրվում է, եթե երեխայի վերադարձն ընտանիք կամ երեխայի որդեգրումը կամ խնամակալությունը (հոգաբարձությունը) հնարավոր չէ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ խնամատար ծնողը կենտրոնացված հաշվառման վերցվելուց հետո անցնում է համապատասխան դասընթացներ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի խնամքի եւ դաստիարակության կազմակերպման համար անհրաժեշտ, խնամատար ծնողի համար պահանջվող համապատասխան գիտելիքների եւ գործնական հմտությունների ձեռքբերման ու կատարելագործման նպատակով: Երեխայի խնամքը եւ դաստիարակությունը ճգնաժամային կամ արձակուրդային խնամատար ընտանիքում կազմակերպելու նպատակով այդ երեխայի տվյալները համադրում է հաշվառված մասնագիտացված խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց տվյալների հետ: