Armlur.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հետ` պարզելու համար, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին ինչ ձեւաչափով են մասնակցելու: Պատգամավորը վստահեցրեց, որ իրենց իշխանության ժամանակ ընտրակեղծարարություն չի լինելու, իրենք ժողովրդի կողմից են ընտրվել, ու ընտրությունների ժամանակ պարզ կդառնա, թե ինչ իրավիճակ է այսօր Հայաստանում: Իշխանական պատգամավորից հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք, ըստ իրեն, ինքը հաջորդ խորհրդարանում լինելու է, թե ոչ:
-Պարո՛ն Բաքոյան, ընդդիմություն չի հավատում, որ իշխանությունն իսկապես ցանկություն ունի գնալու արտահերթ խորհրդարանական ընտրությունների. կարծում են, որ սա իշխանության հերթական «բլեֆն» է: Ձեր կարծիքով՝ սա «բլե՞ֆ» է:
-Ես չեմ կարող ընդդիմության ասածները կամ ընդդիմության մտքերը փորձել հերքել կամ չհերքել: Մենք հստակ ճանապարհային քարտեզ ունենք: Կարող եմ ասել, թե մենք ինչ ենք անելու, թե ինչ է ասում ընդդիմությունը, թող նրանք դա մեկնաբանեն: Մենք հայտարարել ենք, որ հունիսի 20-ին գնալու ենք ընտրությունների եւ գնալու ենք ընտրությունների: Սա ներկա ճգնաժամայից իրավիճակից դուրս գալու լավագույն ելքն ենք համարում: Խորհրդարանական ընդդիմության հետ եկել ենք համաձայնության, որ այս իրավիճակից դուրս գալու լավագույն տարբերակը խորհրդարանական ընտրություններն են, եւ մենք գնալու ենք խորհրդարանական ընտրությունների:
-Նույն ընդդիմությունն ասում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ գնալը նշանակում է, որ այս իշխանությունը նորից կվերարտադրվի: Դուք կարծում եք, որ Փաշինյանի հրաժարականով հարցին ավելի ճիշտ լուծում կտրվե՞ր, քա՞ն այս տարբերակով:
-Մի բան հստակ է. այլեւս գոնե մեր ժամանակ ընտրությունները չեն կեղծվելու, լինելու են արդար ընտրություններ, ժողովուրդը ինչպես որոշի, այնպես էլ լինելու է: Թե ինչ են ասում ընդդիմադիր գործիչները, կարծում եմ, լավ հասկանում ենք, թե ինչով է պայմանավորված: Մտավախություն ունեն, որ չեն կարող հաղթահարել նույնիսկ անցողիկ շեմը: Իսկ ինչ կլինի ընտրություններից հետո, կտեսնենք, որ քաղաքական ուժերն են կարողանում այդ անցումային շեմը հաղթահարել եւ մտնել խորհրդարան:
-Պետական ռեսուրսը չի՞ գործադրվելու, որպեսզի ձեր իշխանությունը նորից վերարտադրվի:
-Պետական ռեսուրսը ի շահ մեզ օգտագործելու ձեւն էլ չգիտենք: Եթե պետական ռեսուրսը որոշ մասերով նախկինները, որ օգտագործում են՝ ի շահ իրենց, չօգտագործեն, գործող իշխանությունը երբեք դրան չի գնա: Իշխանությունն այդ ռեսուրսը օգտագործելու ձեւն էլ չգիտի եւ չի էլ ուզում իմանալ:
-Իշխանության ներկայիս վարկանիշն ինչպե՞ս եք գնահատում: Արդյոք 44-օրյա պատերազմից հետո այս իշխանության վարկանիշը կտրուկ չի՞ նվազել:
-Ժողովուրդը կտա այդ գնահատականը, եւ եթե մենք հունիսի 20-ին գնում ենք ընտրություններին, հունիսի 21-ին մենք կիմանանք, թե ինչքան է նվազել մեր վարկանիշը կամ նույնն է մնացել:
-Դուք այս ընթացքում շփվե՞լ եք հանրության հետ, ժողովրդի մեջ եղե՞լ եք, խոսե՞լ եք: Ի՞նչ է ասում հանրությունը: Ընտրությունների գնալու անհրաժեշտություն կա՞, եւ արդյոք վստահո՞ւմ է ձեր իշխանությանը:
-Ես պարբերաբար եմ այցելում համայնքներ՝ թե՛ եզդիական, թե՛ առհասարակ այլ համանքներ: Շփվում եմ մարդկանց հետ, իմ գործունեության առաջին օրվանից մինչեւ հիմա այցելում եմ համայնքներ: Ժողովուրդը մեզանով պայմանավորված որեւէ խնդիր գուցե տեսնում է, բայց այլ համատեքստում, որ շատ բարեփոխումներ մենք ավելի կտրուկ չենք իրականացրել: Եվ, այո, ընդունում եմ, որ հնարավոր է դրանք իսկապես կտրուկ չենք իրականացրել:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ՝ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ազգային ժողովը միաձայն (112 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ), երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը։ Այսպիսով, պետական դավաճանության համար սահմանվեց 15-20 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա կամ ցմահ, իսկ լրտեսության համար՝ 12-20 տարվա ազատազրկում։
ԲՀԿ-ն առաջարկել էր պետական դավաճանության համար ամենախիստ պատիժը՝ ցմահ ազատազրկում, իսկ լրտեսության համար՝ 12-20 տարվա ազատազրկում։ Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Նշենք, որ գործող օրենքները պետական դավաճանության համար սահմանում էին 10-ից 15 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, իսկ լրտեսության համար՝ 8-ից 15 տարվա ազատազրկում։ Հիմնավորման մեջ ընդդիմադիր խմբակցությունը նշել էր. «2020թ սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի կողմից Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում ի հայտ եկան պետական դավաճանության կամ լրտեսության դեպքեր՝ ի ցույց դնելով իրավական կարգավորումներում առկա բացերը: Վերոնշյալ դեպքերը ցույց են տալիս, որ ներկայիս կարգավորումները չեն կանխարգելում պետական դավաճանության կամ լրտեսության իրականացումը, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում որպես կանխարգելող գործոն սահմանել ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված խիստ պատժի չափը՝ քսան տարի ազատազրկում կամ ցմահ ազատազրկում»:
ԲՀԿ-ն ակնկալում էր, որ նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի անվտանգությունը եւ ինքնիշխանությունը վտանգի ենթարկող մի շարք հանցագործությունների դեպքում կնախատեսվեն առավել խիստ եւ համաչափ պատիժներ՝ ստեղծելով անհրաժեշտ նախադրյալներ նման ծանրագույն վնաս հասնցնող դեպքերը կանխելու եւ զգոնությունը բարձրացնելու համար։
ՉԻ ԿԱՏԱՐՎՈՒՄ
Պարզվում է՝ Երեւանի փողոցներում գծանշումներ պետք է իրականացնի ոչ թե Երեւանի քաղաքապետարանը, այլ Ճանապարհային ոստիկանությունը, սակայն աշխատանքն այդպես էլ չենք տեսնում: Երեկ խորհրդարանում ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց ուղղեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին. «Քանի որ Երեւանի քաղաքապետին ԱԺ-ում հարցեր չենք կարողանում ուղղել, Ձեզանից հետաքրքրվեմ՝ որպես լիազոր մարմին. մարդիկ տեսողական հիշողությամբ են մեքենա վարում Երեւանում, գծանշումները բացակայում են, գարնանն ասում են աշնանը կանենք, աշնանն ասում են՝ գարնանը»։ Հարցին ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ ավելի ուշ կպատասխանի։ Պատգամավորը հայտարարեց, որ անհամբեր կսպասի պատասխանի, որպեսզի պարզ լինի, թե գերատեսչություններից ում թերությունն է, որ գծանշումներ չեն արվում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ անկախ պատգամավորից պարզել՝ ի վերջո ինչ են պատասխանել նրան ՏԿ նախարարությունից, ում թերացումն է գծանշումների բացակայությունը. «Վաչե Տերտերյանն ինձ ասաց, որ այդ աշխատանքները պետք է իրականացնի Ճանապարհային ոստիկանությունը: Նրան այդպես են ասել Երեւանի քաղաքապետարանից»: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նաեւ Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանից պարզել՝ ինչու գծանշումների աշխատանքները չեն կատարվում, սակայն նա այդպես էլ չպատասպանեց մեր հեռախոսազանգերին: Նաեւ գրավոր հարցում ենք ուղարկել եւ կսպասենք արձագանքի:
ԿԱՐԱԳԻ ԳՆԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ
Կարագի գները միջազգային շուկայում մարտի 16-ին, մարտի 2-ի համեմատ, փոքր-ինչ նվազել են, բայց, չնայած սրան, Հայաստանում այն շարունակում է բարձր մնալ: ArmLur.am-ը պարզեց, որ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում մարտի 16-ի դրությամբ վաճառվել է ավելի քան 5.6 դոլարով: Այն մարտի 2-ի դրությամբ կազմել է ավելի քան 5.8 դոլար, բայց հունվարի 5-ի դրությամբ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում կազմել է 4.5 դոլար: Հայաստանի ներքին շուկայում կարագը, անկախ միջազգային շուկայի վայրիվերումներից, վաճառվում է թանկ գնով. երեկվա դրությամբ նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է մոտ 3800 դրամով կամ 7.12 դոլարով: Ի դեպ, Երեւանում սուպերմարկետ կա, որտեղ նորզելանդական կարագի մեկ կիլոգրամի գինը գերազանցում է 4200 դրամը: Իսկ, ահա, «Անքոր» տեսակի կարագի մեկ կիլոգրամը վաճառվում է 4600- 5000 դրամով: Նկատենք, որ դոլարի փոխարժեքի բարձրացումն իր ազդեցությունն է թողել կարագի գնի վրա: Դոլարի եւ եվրոյի փոխարժեքի բարձրացման հետեւանքով Հայաստան ներկրվող ապրանքների գները զգալի բարձրացել են: