Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ-ում կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման երկրորդ միջոցառման շրջանակում մինչեւ 1 մլն դրամ գումարի սուբսիդավորված վարկերի հասանելիության շարունակականության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Միջոցառման եւ դրա շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգում կատարվելիք փոփոխությունն ու լրացումը կնպաստի գյուղատնտեսությունում տնտեսավարողների մասնակցության խթանմանը, շրջանառու միջոցների ձեռքբերման դժվարությունների մեղմմանը, ինչպես նաեւ գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքների ժամանակին եւ արդյունավետ իրականացմանը։
Ըստ հիմնավորման՝ միջոցառման արդյունքները վկայում են այն մասին, որ տնտեսավարողները մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերում գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում միկրովարկերի նկատմամբ:
Մասնավորապես, 2020 թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ տրամադրվել է 36608 միավոր վարկ՝ 63,4 մլրդ դրամի չափով, եւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ 26870 միավորը 21,6 մլրդ դրամ գումարով կազմել են մինչեւ 1 մլն դրամ գումարով միկրովարկերը։ 2020 թ. մարտի 31-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում տրամադրվել է շուրջ 16 մլրդ դրամի չափով միկրովարկ։ Էկոնոմիկայի նախարարության կողմից 2020թ. 1-ին կիսամյակի համար գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում մոնիթորինգ է իրականացվել թվով 695 վարկառուի մոտ, որոնցից 396-ը (57 տոկոս) եղել են մինչեւ 1 մլն դրամ գումարի վարկառուներ։ Վերջիններիս վարկի միջին գումարը կազմել է 857,1 հազար դրամ։ Մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ մինչեւ 1 մլն դրամ գումարով վարկառուներից 295-ը (75 տոկոս) վարկն օգտագործել է նպատակային: Նախատեսվում է երկարացնել միջոցառման իրականացման ժամկետը մինչեւ հոկտեմբերի 1-ը եւ հնարավորություն տալ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին օգտվելու մինչեւ 1 մլն դրամ գումարով միկրովարկերից, որոնք հասանելի են 0 տոկոս տոկոսադրույքով։
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Վիճակագրությունն ուսումնասիրելով՝ տեսանք, որ փոքր գյուղատնտեսական վարկերի ստացման հետ կապված տեմպն այնպիսին չէ, ինչպիսին նախորդ տարի, եւ որոշեցինք այս գործիքով խթանել, որպեսզի գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցներն ավելի լավ պայմաններով վարկեր ստանան, կամ ավելի ճիշտ՝ բանկերը որոշակի ապահովություն ունենան գյուղացիներին ավելի մեծ ծավալով վարկավորելու առումով»:
Ինչպես նշել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, վարկի առավելություններից է, որ այն գրավ չի պահանջում եւ հիմնականում փոքր գյուղատնտեսական տնտեսությունների համար է: «Գարնանամուտին շատ կարեւոր քայլ է կառավարության կողմից: Համայնքների բնակիչները կկարողանան իրենց փոքր հողատարածքների համար ձեռք բերել սերմացու, պարարտանյութ եւ այլ անհրաժեշտ պարագաներ՝ գարնանացանի համար», -ասել է նախարարը: