53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ կապված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ: Ըստ հաղորդման՝ Արմեն Սարգսյանը 2003-2012թթ. առնվազն 10 տարվա Միացյալ Թագավորության քաղաքացիություն է ունեցել եւ ՀՀ նախագահ է ընտրվել 02.03.2018թ. այն դեպքում, երբ չի բավարարել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու պահանջը: Արմեն Սարգսյանը կարող էր ՀՀ նախագահ ընտրվել միայն, եթե նրա ՄԹ քաղաքացիությունը դադարեցված լիներ մինչև 01.03.2012 թվականը (01.03.2018 — 6 տարի):
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը նախագահի քաղաքացիության մասով հղում է կատարել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված տեղեկանքին, որը ՀՀ նախագահի ընտրության գործընթացում ներկայացվել է ՀՀ ԱԺ: ՀՀ նախագահի ընտրության համար Ա.Սարգսյանին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքը տրվել է հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկատվությունը:
Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը քննարկվում է նախագահի պաշտոնում նրա առաջադրումից ի վեր: Այն, որ Հայաստանի չորրորդ նախագահը կարող է չբավարարել վերջին 6 տարիներին միայն ՀՀ քաղաքացի լինելու օրենսդրական պահանջը, հիմնական հարցերից էր նաև Ազգային ժողովում՝ նախագահի ընտրության նախօրեին կայացած քննարկումների ժամանակ:
«…Ձեր թեկնածության լեգիտիմության հարցն ա քննարկվում, և Դուք մի պարզ գործողություն չեք անում. Բրիտանիայի իշխանություններից տեղեկանք չեք բերում, որ Արմեն Սարգսյանը էսինչ թվի էսինչ օրը դիմել ա Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու համար, դիմումը բավարարվել ա, ուստի էսինչ օրվանից նա չի հանդիսանում Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Եվ եթե էս պայմաններում չի արվում էդ գործողությունը, մենակ մի եզրակացություն կա, որ էդպիսի փաստաթուղթ ուղղակի գոյություն չունի»,- մարտի 1-ին խորհրդարանում ասել էր այն ժամանակ դեռ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Արդեն 2018 թվականի հունիսի 12-ին, երբ Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանն էր, Արմեն Սարգսյանը «Մարիոթ» հյուրանոցում կայացած հանդիպման ժամանակ ներկայացրել է անգլիական մասնավոր իրավաբանական ընկերության կողմից տրված մի տեղեկանք, որում հավաստվել է, որ Արմեն Սարգսյանը 2011 թվականի դեկտեմբերին հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից և որ նախադեպային իրավունքի ուժով նա այդ պահից համարվում է ՄԲ քաղաքացիությունը կորցրած:
«Պարոն Փաշինյանի հարցին, թե ինչու է տեղեկանքը վերցված ոչ թե պետական կառույցից, այլ մասնավոր ընկերությունից, պարոն Սարգսյանը պարզաբանել է, որ Մեծ Բրիտանիայում դա ընդունված պրակտիկա է, երբ քաղաքացին իրեն վերաբերող որևէ տեղեկություն ստանալու խնդրով դիմում է ոչ թե ուղղակիորեն պատկան մարմնին, այլ մասնավոր իրավաբանական գրասենյակի ծառայությանը և այդ տեղեկությունը համարվում է նույնքան հավաստի»,- այս մասին հայտնել էր այն ժամանակ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը:
Եվ ահա, ըստ էության, այս ամենից հետո Արմեն Սարգսյանի քաղաքացիության խնդիրների մասին ոչ ոք չէր հիշում, այդ թվում՝ իշխանական թեւից: Արդեն հիմա փորձում են այդ հարցը քննարկել եւ վիճարկել փաստաբանները:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.