ՄԵՐ ՈՒԺԸ ՄԵՐ ԹՈՒԼՈՒԹՅԱ՞Ն ՄԵՋ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք ակնկալում ենք, որ Թուրքիան լուրջ արմատական փոփոխությունների կենթարկի Հայաստանի հանդեպ իր ագրեսիվ քաղաքականությունը եւ կվերացնի թշնամական գործողությունները», – երեկ Ազգային ժողովում պատասխանելով ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցին` հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: Սակայն հետաքրքիր է, որ ընդամենը մի քանի ամիս առաջ 1991 թվականից ի վեր Անկարայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմին ակտիվ մասնակցում է Թուրքիան, որն էլ ահաբեկիչ վարձկաններ էր ուղարկում հայ զինվորի դեմ կռվելու։

Այդուհանդերձ, նկատենք, որ վերջին օրերին իշխանական վերնախավն այլ հռետորաբանություն է օգտագործում։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ երեք անգամ խուսափել է ուղիղ պատասխանել հարցին, թե արդյոք Թուրքիան Հայաստանի համար թշնամի պետություն է, թե ոչ. «Եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, եւ մենք այդ ուղղությամբ աշխատում ենք», – ասել էր նա: Հիմա էլ արտաքին գործերի նախարարը հայտարարում է, թե  Թուրքիան կվերացնի թշնամական գործողությունները: Սակայն հետաքրքիր է՝ ինչ է տեղի ունեցել, եւ ինչի դիմաց պետք է Թուրքիան փոխի իր վերաբերմունքը Հայաստանի հանդեպ: Պաշտոնյաների այս պահվածքը երկու բան է նշանակում՝ կա՛մ որեւէ բան է Հայաստանը խոստացել, ու հասարակությունը դարձյալ չգիտի, կա՛մ տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք դարձյալ քաղաքացիներից գաղտնի են պահվել:

Բայց սա դեռ ամենը չէ. ՀՀ  արտաքին գերատեսչության ղեկավարը երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին՝ կապված Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների մասին, պատասխանել է.  «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ղարաբաղի, հատկապես՝ Հադրութի շրջանի վերաբերյալ մենք շատ հստակ արտահայտվել ենք, եւ ԱԳՆ-ն ներկայացրել է իր ճանապարհային քարտեզը մեր պատկերացրած Արցախի հարցի լուծման վերաբերյալ, եւ այնտեղ մեծ տեղ է զբաղեցնում դեօկուպացիայի դրույթը», – նշել էր նա: Նկատենք՝ Արա Այվազյանի խոսքում որեւէ բառ չկա Շուշիի մասին։ Ի՞նչ է ստացվում, իսկապե՞ս Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք է եւ մեզ պետք չէ՞։

Եվ մի բան էլ. պատասխանելով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին՝ նախարար Այվազյանն ասաց, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մշտապես խոսել է ղարաբաղյան հարցը պատերազմով լուծելու մասին, անգամ՝ բանակցությունների ժամանակ: Բայց այս իրողությունը մեր աչքի առաջ ունենալով՝ ե՛ւ վարչապետը, ե՛ւ ԱԱԽ քարտուղարը, ե՛ւ մի շարք պատգամավորներ խոսում են խաղաղության մասին՝ միակողմանի խաղաղության։ Այստեղ տեղին է հիշեցնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետեւյալ խոսքերը. «Մեր ուժը մեր թուլության մեջ է»։ Այսինքն՝ հանրահավաքներում քննադատում են առաջին նախագահին, բայց առաջնորդվում նրա թեզերով։

 

 

 

Որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունների նշանակման ժամկետները, այնքան իշխանության ներսում միասնականությունը խարխլվում է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս օրերին փորձում է իր շրջապատը համալրել բացառապես հավատարիմներով, նրան ուղեկցում են ընտրված մարդիկ։ Ընտրացուցակն էլ բավականին սեղմվել է, նույնիսկ այսօրվա շատ պատգամավորներ արդեն նախատեսված չեն ցուցակում։ Շատերը հրաժեշտ կտան խորհրդարանին ընդմիշտ, գուցե գործազուրկ մնան, որոշները գործադիրում ավելի ցածր կարգավիճակով աշխատանք կունենան։ Կուսակցական վերնախավն արդեն սկսել է թաղերով ու համայնքներով շտաբի պետերի փնտրտուքը։ Նույնիսկ այնպիսի մարդկանց են զանգահարում իշխանական գործիչները, որոնց ամիսներ առաջ արհամարհում էին, նեղացնում կամ պատվերով քրգործեր հարուցում նրանց դեմ։ Փաշինյանի մերձավոր շրջապատում խոսվում է, որ նկատելի է՝ վերջին ժամանակահատվածում սառել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ Փաշինյանի փոխհարաբերությունները, ու անհասկանալի է նաեւ այն հանգամանքը, թե արդյոք Միրզոյանի կուրսեցիները, ընկերներն  այս անգամ այդքան մեծ թվով կլինեն իշխանական նախընտրական ցուցակում։ Նրանք էլ առաջիկայում իրենց ապագայի մասով խնդիրներ կունենան։

 

 

 

Չնայած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը դեռ չի մեկնարկել, սակայն իշխանությունը լայն թափով սկսել է այն: Կիրակի օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ միասին Արմավիրի մարզում էր: Սակայն ուշագրավ է, որ այցի ժամանակ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն վարչական ռեսուրս են կիրառել, այլ նաեւ նպաստում են կորոնավիրուսի թվի աճին: Զավեշտալի է, որ Արմավիրի մարզի յոթ գյուղերում լինելուց, մարդկանց ձեռքով բարեւելուց, գրկելուց հետո Փաշինյանն անցկացրել է Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ: Վերջինս հանձնարարել է ակտիվացնել տեսչական ստուգումները հատկապես փակ տարածքներում եւ հանրային տրանսպորտում, շարունակել հանրային լայն իրազեկումը դիմակի կրման մշակույթը տարածելու ուղղությամբ եւ կենտրոնանալ պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերման աշխատանքների վրա: Մեկ այլ ուշագրավ հանգամանք եւս. նախընտրական քարոզչությունը դեռ չմեկնարկած՝ վարչապետն արդեն խախտել է այն: Մասնավորապես, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ միասին քաղաքացիներին հայտնելը, որ որոշում է կայացվել ասֆալտը պետության հաշվին վերանորոգել, վարչական ռեսուրսի կիրառման օրինակ է: Այս դրվագում պաշտոնեական դիրքն օգտագործվեց մրցակիցներից վեր լինելու համար, եւ պարզ է, որ ընդդիմադիրները չէին կարող նման բան առաջարկել, քանի որ չունեն կառավարող լծակներ:

 

 

 

 

Ձվի շուկան վերահսկողությունից դուրս է եկել. շուկայում մի քանի խաղացողներ գերշահույթ ստանալու նպատակով հակամրցակցային քայլերի են դիմել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրեր առաջ մի քանի քաղաքացիներ սուպերմարկետներից արկղերով ձու են գնել եւ այն բարձր գնով վերավաճառել են փոքր խանութներին: Սա է պատճառը, որ խանութներում ոչ միայն ձվի գինն է գերազանցել 100, նույնիսկ 110 դրամը, այլեւ արհեստական դեֆիցիտ է առաջացել: Բացի այս, օրեր առաջ որոշ անձինք, սուպերմարկետներից արկղերով ձու գնելով, պահեստավորել են իրենց ավտոտնակներում, որպեսզի Զատիկին այն թանկ գնով վաճառեն: Այս խնդիրը լուծելու նպատակով խանութներում տնտեսվարողներն այս օրերին հրաժարվում են 15-ից ավել ձու վաճառել մեկ անձին: Ի դեպ, ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն օրեր առաջ «Ժողովուրդ»  օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, որ արհեստական դեֆիցիտ առաջացնում են միջնորդ կազմակերպությունները, առաքիչները. «Էքսպեդիտորները, որոնց դուրս ենք թողել մինչեւ Զատիկի տոնը, նրանք վերցնում են ձուն եւ տալիս փոքր խանութներին»: Բայց Ստեփանյանի այս հայտարարությունը խիստ զայրացրել է առաքիչներին: Նրանք պնդում են, որ կարող են փաստաթղթեր ներկայացնել, թե որ կարգի ձուն որքան դրամով են մատակարարում սուպերմարկետներին: Մինչ առաքիչներն ու արտադրողները պայքարում են իրար դեմ, այս ընթացքում տուժում է հասարակ քաղաքացին, էլ չենք խոսում 44-օրյա պատերազմի զոհերի մասին, որոնց առաջին Զատիկն ապրիլի 4-ին է: Որոշներն այս ֆոնին փորձում են գումար աշխատել:

 




Լրահոս