ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի վերահսկողության տակ գտնվող շինհրապարակում («Երեւան Մոլ»-ի հետնամասում) այս պահին ձնկաբուծարանի կառուցման աշխատանքներ են իրականացվում: Նախատեսվում է մետրոյի աշխատանքի համար անհրաժեշտ ջրային ռեսուրսը ուղղակի չվատնել, այլ նաեւ օգտագործել ձկնաբուծականի նպատակով:
ArmLur.am-ի նկարահանող խումբը եղել է այդ շինհրապարակում՝ պարզելու, թե շինաշխատանքները որ փուլում են, ինչ իրավիճակ է այնտեղ, ինչպես եւ ով է որոշել այդ հատվածում ձկնաբուծարան կառուցել: Նկատեցինք, որ տարածքում շինարարաներն էին աշխատում, եւ մետրոպոլիտեին պատկանող այդ հատվածում լայն թափով շինարարություն էր ընթանում: Զրուցեցինք շինարարական աշխատաքները գլխավորող մի անձնավորության հետ, որը Համլետ անունով ներկայացավ եւ հայտնեց, որ որեւէ տեղեկություն չունի, թե կառույցն իրենից ինչ է ներկայացնում: Մեր զրուցակիցն ասաց, որ իրենք ինչ-որ ֆերմա են կառուցում, բայց թե ինչ է վերջում ստացվելու, չի կարող ասել:
Ի դեպ, մեր զրույցի ողջ ընթացքում ինչ-որ մի տղամարդ էր մոտենում մեր զրուցակցին ու հայտարարում, թե հեռախոսով ուզում են իր հետ խոսել: Համլետն էլ հեռախոսով խոսելուց անմիջապես հետո հայտարարեց, թե այդ տարածք մտնելը արգելվում է, ու մեզ հետ կկապնվեն շինհրապարակի ղեկավար կազմից ու կպատասխանեն մեր հարցերին: Մինչ օրս, սակայն, մեզ հետ որեւէ մեկը կապ չի հաստատել:
Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ովքեր են թույլ տվել, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի վերահսկողության տակ գտնվող տարածքը վերածեն շինհրապարակի եւ ձկնաբուծարան կառուցեն, տեղում մեզ չհաջողվեց պարզել, քանի որ մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Ավետիսյանը մեզ փոխանցել էր. «Որեւէ իրավաբանական եւ ֆիզիկական անձ «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող տարածքում, այդ թվում եւ Ձեր կողմից հիշատակված Երեւանի մետրոպոլիտենին պատկանող շինհրապարակում որեւէ շինարարական աշխատանք չի իրականացնում»:
Բայց մենք տեղում արձանագրեցինք շինաշխատանքները, ու զարմանալի է, թե ինչու է հերքում Գեւորգ Ավետիսյանը։
Ի դեպ, «Արմլուր» լրատվականի ձեռքի տակ է հայտնվել նաեւ տարածքի սեփականության վկայականը, որտեղ հստակ նշված է, որ տարածքը պատկանում է մետրոպոլիտեին: Իսկ դա նշանակում է, որ առանց մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի անդամների համաձայնության եւ իմացության, անհնար է այնտեղ ինչ-որ բան կառուցել: Խորհրդի անդամներն են մետրոպոլիտենի ժ\պ Գեւորգ Ավետիսյանը, մետրոպոլիտենի խորհրդի նախագահ Սասուն Հայրապետյանն ու Երեւանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Շինհրապարակում տեղեկացանք նաեւ, որ շինարարների հետ ֆինանասական հարցերը կարգավորում է Սամվել անունով մի մարդ, որը նախկինում աշխատել է Պետական եկամուտների կոմիտեում: Թե ով էր, մեզ պարզել չհաջողվեց։
Հավելենք, որ Երեւանի քաղաքապետարանից հրաժարվում են պատասխանել մեր հարցերին, ու արդեն՝ երկար ժամանակ։
Հուսանք՝ գոնե հրապարակումից հետո կպարզաբանեն, թե ով եւ ինչու է մետրոյի հաշվին ձկնաբուծարան կառուցում, ինչ գումարներով, եւ, ամեբակարեւորը, որտեղ են հոսելու ձկնաբուծարանից ստացված եկամուտները։
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ՁՎԻ ԳՆԵՐԸ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրում է բենզալցակայաններում բենզինի գնի եւ Հայաստան ներմուծվող խմբաքականակների հետ կապված հարցերը: Այս մասին ասել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը:
«Բենզինի որակի հետ կապված միանգամից ասեմ, որ որեւէ գործառույթ չենք իրականացնում, բայց տեսչական մարմնի մեր գործընկերների հետ հանդիպել ենք, եւ եթե լաբորատոր անալիզ իրականացնեն եւ տեսնեն, օրինակ, 92, 93 տեսակի բենզինը չի համապատասխանում իրականությանը, անբարեխիղճ մրցակցության դրույթները կսկսենք կիրառել»,- ասել է նա: Գ. Գեւորգյանը հայտնել է, որ շուտով բենզալցակայաններին կտրամադրվեն տարաներ, որպեսզի քաղաքացիները ստուգեն բենզինի քանակը, եթե ունեն կասկածներ:
Գեւորգյանը հիշեցրել է, որ համաշխարհային շուկայում բենզինի գինը էականորեն բարձրացել է:
Նա խոսել է նաեւ ձվի դեֆիցիտից ու թանկացումներից: Ըստ նրա՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մարտի 30-ին վարույթ կհարուցի շուկայում ձվի գնի բարձրացման մի շարք հանգամանքներ պարզելու համար։ «Վարույթ կհարուցվի ձվի շուկայի խոշոր տնտեսավարողների հետ կապված՝ պարզելու մի շարք հանգամանքներ՝ արդյոք դեֆիցիտը արհեստական է, արդյոք միջնորդ կազմակերպություններն են այդ արհեստական դեֆիցիտը ստեղծում, արդյոք կա հակամրցակցային համաձայնություն, թե կա գերիշխող դիրքի չարաշահում, եւ արդյոք գնային բարձրացումներն օբյեկտիվ են։ Եթե պատասխաններից որեւէ մեկը դրական կլինի, բնականաբար, տնտեսավարողները պատասխանատվություն կկրեն»,- ասել է Գ. Գեւորգյանն ու հավելել, որ ակնհայտ է՝ կան անձինք, որ խոշոր ծավալի գնումներ են կատարում եւ սպառողական նպատակի համար չեն իրականացնում։
«Իհարկե, որոշակի միջոցառումներ իրականացվել են, հանդիպել ենք առեւտրային ցանցերի, տեսչական մարմինների, թռչնաբույծների միության ներկայացուցիչների հետ։ Մենք ներքին քննարկումների արդյունքում եկել ենք պայմանավորվածության, որ ձվի գինը կիջնի»,- նշել է նա՝ հավելելով, որ արդեն իսկ շուկայում ձվի գինն իջնում է։
ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ՝ ՄԱՐԶՊԵՏԻՑ
Համացանցում լայնորեն տարածվել է տեղեկատվություն այն մասին՝ իբր, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է, թե Տավուշի մարզում հայ-ադրբեջանական շուկա է ստեղծվելու, ուր էժան ձեթ եւ բենզին է վաճառվելու, վերականգնվելու եւ բացվելու է Իջեւան-Ղազախ երկաթգիծը եւ այլն։
Մարզպետ Չոբանյանը, որոշ ուշացումով հերքելով այդ լուրը, գրել է, որ մենք գտնվում ենք տեղեկատվական պատերազմի մեջ, որտեղ ցանկացած վրիպումը (առավել ես՝ տարածումը) օգնություն է մեր թշնամիներին։ Մարզպետը Ֆեյսբուքի իր էջում հանդես է եկել մեդիագրագիտության դասով՝ գրելով. «Խնդրում եմ հետեւեք այս պարզ կանոններին՝ խուսափելու համար ապատեղեկատվության տարածումից.
- փնտրե՛ք սկզբնաղբյուրը։ Անհայտ աղբյուրի տեղեկատվությունը պետք է համարել ապատեղեկատվություն, քանի ճշտումներ չեք արել,
- փնտրե՛ք լուսանկարներ եւ տեսանյութեր։ Մեր ժամանակներում իրադարձությունները միշտ ունեն ձայնագրություն. եթե չկա, ապա, ամենայն հավանականությամբ, լուրը կեղծ է,
- օգտագործե՛ք որոնում այլ, ավելի վստահելի աղբյուրներում,
- երբեք մի՛ ապավինեք պատահական կայքերին, մի՛ ընդունեք սոցիալական ցանցերը որպես նորությունների միակ արդար աղբյուր,
- միշտ ինչ-որ բան տարածելուց առաջ սպասեք 15 րոպե: Որքան էլ գայթակղիչ է առաջինը «սենսացիա» դնելը, կրկնակի ստուգե՛ք փաստերը, հետեւե՛ք նախորդ կետերին եւ, այնուամենայնիվ, սպասե՛ք մի քանի րոպե»։
Այնպես չէ, որ Տավուշի մարզպետը միշտ հավաստի ու ստույգ տեղեկատվության ջատագով է: 2019թ. մայիսի 17-ին՝ իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ Իջեւանի տարածաշրջանի Ենոքավան գյուղում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, մարզպետը խոստացավ հայրենադարձության ծրագիր իրականացնել, 5 տարում արտերկրից 5 հազար հայ ընտանիք վերաբնակեցնել Տավուշի մարզ, խոստացավ, որ 2 տարում, այսինքն՝ 2019-2021թթ., Տավուշի մարզում չօգտագործվող հող չի լինելու։ Նա լավ էր հասկանում, որ արտերկրից՝ հիմնականում Ռուսաստանից, սահմանամերձ Տավուշ նման զանգվածային վերաբնակեցում չի լինի, կամ 2 տարում հնարավոր չէ օգտագործել մարզի բոլոր չօգտագործվող հողերը։ Այնումենայնիվ, ի՞նչ է հայտնել մարզպետը «Սպուտիկ Արմենիա»-ին։ Նա ասել է, որ Տավուշի մարզով Իջեւան-Ղազախ երկաթուղու բացման հնարավորությունը քննարկվում է, ուսումնասիրություններ են կատարվում, որովհետեւ կան քանդված, վերականգնման ենթակա հատվածներ։ Նաեւ ասել է, որ այս պահին այդ հարցը լուծված չէ, այդ երկաթգիծը կլինի Վերին Լարսի այլընտրանքը, այն կկրճատի Երեւանից Վրաստան, այդ թվում՝ դեպի մեր երկրի համար կարեւոր Փոթի նավահանգիստ ուղին։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ