Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտնում է, որ պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու եւ շրջանառելու համար 39 անձի մեղադրանք է առաջադրվել, 5-ը դատապարտվել է ազատազրկման: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված եւ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ին իրականացված ագրեսիվ պատերազմի մեկնարկից սկսած՝ 2021թ.-ի մարտի 15-ի դրությամբ Արցախում պատերազմական ռազմագործողություններով պայմանավորված՝ զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ սարքերի ապօրինի ձեռքբերման, հափշտակության, Հայաստանի Հանրապետություն փոխադրման, բազմաթիվ դեպքերի առթիվ մարտի 15-ի դրությամբ հարուցվել է 95 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի տարբեր մասերի եւ 238-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Նշված քրեական գործերից 14-ով վարույթը կասեցվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը հայտնի չլինելու, պարզված չլինելու հիմքով, իսկ 13 քրեական գործով վարույթը կարճվել է:
63 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Դրանց շրջանակում անհրաժեշտ քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկվում հայտնաբերված զենք-զինամթերքի ձեռքբերման, շրջանառության բոլոր հանգամանքները լիարժեք պարզելու, հանցավոր արարքներում ներգրավված անձանց շրջանակները բացահայտելու, ինչպես նաեւ ապօրինի ձեռք բերված, փոխադրված եւ իրացված այլ զենք-զինամթերք եւս հայտնաբերելու նպատակով:
Քրեական գործերի նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ զենքերը, ռազմամթերքը պայթուցիկ նյութերը կամ սարքերը ձեռք են բերվել Արցախի Հանրապետության պաշտպանական տարբեր շրջաններից եւ կիրառվել կամ նախատեսված են եղել օգտագործելու պատերազմի ընթացքում թշնամու դեմ ռազմական գործողություններում:
Հայտնաբերվել եւ առգրավվել են հիմնականում «ԱԿ74», «ԱԿՄ», «ԱԿ-ՍՈւ» եւ այլ տեսակի ինքնաձիգներ, գնդացիրներ, ատրճանակներ, սվին դանակներ, նշանակետի խոցման բարձր հավանականություն ունեցող օպտիկական սարքերով հրազեններ, օպտիկական սարքերով համալրված հակատանկային նռնականետեր, արկղերով տարբեր տրամաչափի փամփուշտներ, մարտավարական եւ տեխնիկական հատկանիշներով զգալի ավերածություններ առաջացնող, խոցման բարձր հավանականություն ունեցող պայթուցիչներ, տարբեր տիպի նռնակներ, նռնակների պայթուցիչներ, վառոդաթելեր, հակատանկային նռնակի իրաններ, տրոտիլային խորանարդիկներ, տրոտիլի ապահովիչներ, էլեկտրական դետոնացման սարքեր, հրթիռային կայանների համար նախատեսված, ինչպես նաեւ ազդանշանային փամփուշտներ, շրջանառությունն արգելված բազմաթիվ այլ առարկաներ:
Վերջիններս պատերազմի օրերին, ինչպես նաեւ դրանից հետո ՀՀ տարածք են փոխադրվել՝ հիմնականում թաքցվելով ավտոմեքենաներում` առանձին դեպքերում խմբի կազմում մի քանի անձանց նախնական համաձայնությամբ եւ գործակցությամբ: Ապօրինի կերպով ձեռք բերված եւ փոխադրվող զենք-զինամթերքի զգալի մասը հայտնաբերվել է հիմնականում Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի տարբեր հատվածներում տեղակայված հսկիչ կետերում իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ավտոմեքենաների զննությամբ, ինչպես նաեւ ստացվող օպերատիվ տվյալների իրացմամբ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:
2021թ. մարտի 15-ի դրությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա քննված կամ քննվող քրեական գործերով ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածների տարբեր մասերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար 39 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրանցից 9-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 26-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը, 2-ի նկատմամբ՝ գրավը, 2-ի նկատմամբ՝ հրամանատարության հսկողության հանձնելը: 4 քրեական գործ 6 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնցից 3-ով 5 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: Վերջիններիս նկատմամբ որպես պատիժ է նշանակվել ազատազրկումը 2 անձի դեպքում՝ 1 տարի ժամկետով, 2 անձի դեպքում՝ 2 տարի ժամկետով, 1 անձի դեպքում՝ 4 տարի ժամկետով: Դատարանում գտնվող 1 գործով դատաքննությունը շարունակվում է»:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀՈՐ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ
Լոռու մարզում մարտի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել. «Վանաձոր» բժշկական կետրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Վանաձոր քաղաքի բնակիչ, 31-ամյա Հայկ Խ-ն է, ով որոշ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է։ Պարզվել է նաեւ, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հարեւանությամբ գործող «Կոնգո» գերեզմանոցից, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների, «Մակարով» տեսակի ատրճանակով հոր գերեզմանի մոտ նա կրակել է իր գլխին։ Աղբյուրի տեղեկություններով՝ նա նախկիում աշխատել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում։
ԽՈՍՏԱՑԵԼ Է ԵՎ ԽԱԲԵԼ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արարատի մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Յ. Մ-ն, ազգակցական կապերի բերումով տեղեկացված լինելով, որ Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակիչ Ռ. Հ-ի թոռը զոհվել է արցախյան պատերազմի ընթացքում, խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով նամակագրական կապ է հաստատել Կանադայում բնակվող Ռ. Հ-ի մտերիմ Ա. Գ-ի հետ եւ նրան ներկայանալով մահացած զինծառայողի հարազատների անունից՝ զոհվածի գերեզմանատան բարեկարգման եւ շիրմաքարի տեղադրման ծախսերը հոգալու պատրվակով խնդրել է գումար ուղարկել իրեն՝ այդկերպ խեղաթյուրելով իրական փաստերը եւ մոլորության մեջ գցելով գույքի իրական սեփականատերերին, ինչի արդյունքում դրամական փոխանցումների համակարգով նրանցից ստացել է խոշոր չափերի՝ 1.399.329 ՀՀ դրամին համարժեք 2700 ԱՄՆ դոլար գումար եւ խաբեության եղանակով հափշտակել այն:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով Յ. Մ-ն ձերբակալվել է եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները եւ տուժողների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱՆ
«Ադրբեջանցիները պետք է հեռանան Սյունիքից իրենց զինվորներով եւ ցուցանակներով»,- հայտարարել է ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը: Նրա խոսքով՝ Սյունիքում ադրբեջանցիների հայտնվելը որեւէ իրավական հիմք չունի: «Այնտեղ նրանք հայտնվել են բռնության սպառնալիքի ներքո: Ադրբեջանցի զինվորները սպառնացել են մարդկանց, ասել՝ եթե չհեռանաք, դրոն կուղարկենք: Նրանց ներկայությունն այնտեղ անօրինական է եւ սպառնում է Հայաստանի բնակիչների իրավունքներին»,- ասել է Թաթոյանը՝ նշելով, որ այդ կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առաջ է քաշել անվտանգության գոտու գաղափարը: «Ադրբեջանցիները պետք է հեռանան Սյունիքից իրենց զինվորներով եւ ցուցանակներով: Արոտավայրերը եւ հողերը պետք է օգտագործվեն բնակիչների կողմից»,-հայտարարել է Թաթոյանը: Նա նաեւ հայտնել է, որ հանդիպել է նախագահի հետ, եւ վերջինս կարծիք է հայտնել, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի մասին խոսք չկա:
ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ
Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ կան՝ ներառյալ անօրինական ու կամայական սպանությունները, խոշտանգումները, մասնավոր կյանքին կամայական միջամտությունը, երկրի սահմաններից դուրս քաղաքական դրդապատճառներով բռնաճնշումները, կարծիքի արտահայտման ազատության եւ մամուլի ազատության սահմանափակումները: Այս մասին նշված է աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի մասին ԱՄՆ Պետքարտուղարության ամենամյա զեկույցում: ԱՄՆ զեկույցում լուսաբանվում են մարդու իրավունքների կարեւոր խնդիրները՝ քաղբանտարկյալների, կոռուպցիայի խնդիրները, դատական համակարգի անկախության հետ կապված, լայնորեն տարածված խնդիրները, լրագրողների նկատմամբ բռնությունը, զրպարտության քրեականացումը, լրագրողների հետապնդումներն ու կալանավորումները՝ կասկածելի մեղադրանքներով, եւ վեբկայքերի արգելափակումը: «Turan.az լրատվական կայքը եւ իր Contact.az մասնաճյուղը ենթարկվել են զանգվածային կիբեռհարձակման եւ երկու անգամ արգելափակվել են: Հարձակումը կատարվել է այն բանից հետո, երբ կայքերը քննադատական հոդվածներ են հրապարակել կառավարության COVID-19 համավարակ գործողությունների վերաբերյալ,- նշված է զեկույցում: – Ադրբեջանի կառավարությունը չի հետապնդել եւ չի պատժել այն պաշտոնատար անձանց մեծ մասին, որոնք խախտում են մարդու իրավունքները, նրանց անպատժելիությունը շարունակել է խնդիր մնալ»: