ՉԻՆԱՍՏԱՆԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունների միջեւ «Տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրմանը: Որոշման հիմնավորման մեջ ասվում է. ««Տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրել 100 մլն չինական յուան (մոտ 15,5 մլն դոլար) գումարի չափով անհատույց օգնություն՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության նոր տաղավարի կառուցման եւ այլ համատեղ համաձայնեցված ծրագրերի իրականացման նպատակով: Միաժամանակ, Հայաստանի Հանրային հեռուստատեսության զարգացմանն ուղղված ծրագրի իրականացման նպատակով ՉԺՀ կառավարության կողմից անհատույց օգնություն է տրամադրվել ներքոնշյալ համաձայնագրերով.

 

2014թ. սեպտեմբերի 24-ին եւ 2015թ. հուլիսի 14-ին նամակների փոխանակմամբ կնքված համաձայնագրերով «Հայաստանի Հանրապետության Հանրային հեռուստատեսության զարգացման» ծրագրի հետազոտության եւ «Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստատեսության հեռարձակման նոր տաղավարի նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման իրականացման» նպատակով հատկացվել է  համապատասխանաբար 500 հազ.  եւ 580 հազ.  չինական յուան՝ 2005թ. հունիսի 13-ին հայտագրերի փոխանակմամբ կնքված համաձայնագրով հատկացված գումարից:

2015թ. փետրվարի 3-ին նամակների փոխանակմամբ կնքված համաձայնագրով չինական կողմը «Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստատեսության տեխնիկական վերազինման” ծրագրի իրականացման համար տրամադրել է թվային շարժական հաղորդիչ կայան (HD Digital OB Van) եւ տեղադրել է Հանրային հեռուստաընկերության կենտրոնական կառավարման սարքասրահի ավտոմատացման համակարգը (HD Master Control room), որը հնարավորություն է ընձեռում HD թվային հեռարձակման համար: Նշված ծրագրի ծախսերն իրականացվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության  եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ 2013թ. սեպտեմբերի 10-ին եւ 2014թ. դեկտեմբերի 23-ին կնքված Տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրերի շրջանակներում հատկացված գումարներից:

«Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջեւ 2015թ. մարտի 25-ին եւ 2016թ. հունիսի 6-ին կնքված տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրվել է 120 մլն. չինական յուանի չափով անհատույց օգնություն՝ Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստաընկերության համար հեռուստատեսային տաղավարի կառուցման հաստատված ծրագրի եւ այլ ծրագրերի քննարկման եւ իրականացման համար: Հանրային հեռուստաընկերության կողմից ներկայացվել է նախագիծ՝ նոր տեխնոլոգիաներին համապատասխան, բարձր ձայնամեկուսացմամբ եւ ակուստիկայով, 1000 քմ տարածքով հեռուստաընկերության նոր տաղավար կառուցելու վերաբերյալ: Տաղավարը հագեցված կլինի թվային եթերային սարքասրահով եւ տաղավարային այլ տեխնիկայով` լուսային, ձայնային համակարգեր, կամերաներ, կռունկ եւ այլն: Դրանց հիման վրա ստորագրման է նախապատրաստվում նամակների ձեւով կնքվող համաձայնագիր Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի կառուցման վերաբերյալ, որը կիրականացվի այդ համաձայնագրերով նախատեսված անհատույց օգնության միջոցներից: Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է գտնում «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրումը: Այն համապատասխանում է Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը եւ ստանձնած միջազգային պարտավորություններին:

 

 

 

ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՆԵՐԴՆԵԼ

Կառավարությունը նախատեսում է ներդնել գոյացող աղբի հավաքման, տեղափոխման եւ անվտանգ հեռացման կամ օգտահանման ու վերամշակման կայուն համակարգ: Կառավարությունը հաստատել է Աղբահանության համակարգի ռազմավարությունը եւ ռազմավարության կիրարկումն ապահովող 2021-2023 թթ. միջոցառումների ծրագիրը: Ռազմավարությամբ եւ ռազմավարության կիրարկումն ապահովող մինջոցառումների կիրառմամբ առաջարկվում են աղբահանության կայուն եւ արդյունավետ համակարգի ներդրման համար լուծման ուղիներ՝ նպատակաուղղված հանրապետության աղբահանության ծառայությունների որակի բարձրացմանը, բնագավառում կայուն կառավարման համակարգի ձեւավորմանը, ոլորտի նորմատիվատեխնիկական դաշտի բարելավմանը, բնագավառում պետական կառավարման, վիճակագրական հաշվառման եւ մոնիթորինգի եւ վերահսկողական միասնական համակարգի ներդրմանը, ինչպես նաեւ աղբի քանակի նվազեցման, վերաօգտագործման, վերամշակման, օգտահանման եւ էներգիայի վերականգնման մեխանիզմների ներդրմանը եւ համակարգում մասնագիտացված կազմակերպությունների ներգրավմանը։ Արդյունքում հանրապետության ողջ տարածքում կներդրվի գոյացող աղբի հավաքման, տեղափոխման եւ անվտանգ հեռացման կամ օգտահանման ու վերամշակման կայուն համակարգ:

 

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲԱՆԱՁԵՎ

Երեկ Սլովակիայի խորհրդարանի 25-րդ լիագումար նիստի ընթացքում Ազգային խորհրդի կողմից միաձայն՝ 120 կողմ ձայնով ընդունվել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի SMER-SD/Սոցիալական դեմոկրատներ կուսակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի կողմից ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ» բանաձեւը։

Բանաձեւում խստորեն դատապարտվում է խաղաղ բնակիչների սպանությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների, մշակութային եւ կրոնական ժառանգության կոթողների եւ հուշարձանների ոչնչացումը, մտահոգություն է հայտնվում հակամարտության ընթացքում երրորդ երկրների ռազմական ներգրավվածության եւ դրանց ապակայունացնող դերի առնչությամբ, շեշտվում է, որ տեւական խաղաղության հասնելու եւ Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, խորապես մտահոգություն է հայտնվում, որ ռազմագերիները եւ  բռնի պահվող այլ անձինք` ներառյալ քաղաքացիական անձինք, ազատ չեն արձակվել՝ համաձայն Միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ 1949թ. Ժնեւի կոնվենցիայի (III) դրույթների։

Հիշեցնենք, որ սա Ադրբեջանի կողմից ԼՂ դեմ սանձազերծած վերջին 44-օրյա պատերազմի վերաբերյալ երկրորդ բանաձեւն է, որն ընդունել է Սլովակիայի Ազգային խորհուրդը։ Առաջին՝ «Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտության վերաբերյալ» բանաձեւը Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի կողմից ընդունվել է 2020թ. հոկտեմբերի 22-ին։

 

 

ԿԿԱՆՈՆԱԿԱՐԳՎԻ

Գործադիրի հավանությանն է արժանացել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Օրենսդրական փաթեթով կկանոնակարգվի օդանավակայանների տարածքում տաքսու ծառայությունների մատուցման գործընթացը, կբարձրանա սպասարկման որակը, կբացառվեն ոլորտում անօրինական փոխադրումները: Հիմնավորման համաձայն՝ օդանավակայանների տարածքում առանձին կարգավորում չունի տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը, ինչի արդյունքում տաքսի ծառայություններ մատուցողների կողմից անընդունելի վարքագիծ է դրսեւորվում օդանավակայանների տարածքում ուղեւորների նկատմամբ նրանց բանավոր հավաքագրելու միջոցով անհանգստություն պատճառելու արդյունքում:

ՀՀ մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները եւ զբոսաշրջիկները հայտնվում են անհարմար դրության մեջ, ինչը զբոսաշրջության տեսանկյունից անընդունելի է: Բացի այդ,  օդանավակայանի տարածքից տաքսի ծառայություն մատուցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները չունեն հնարավորություն օգտվելու տաքսու կայանատեղից, ինչը անհավասար պայմաններ է առաջացնում փոխադրողների համար:

Ըստ այդմ, տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար օդանավակայանի տարածքից փոխադրումներ իրականացնելու հավասար պայմաններ ստեղծելու նպատակով առաջարկվում է տրամադրել օդանավակայանի մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման Ա տիպի լիցենզիա: Միաժամանակ առաջարկվում է կանոնակարգել օդանավակայանների տարածքում տաքսի ծառայություն մատուցողների կողմից տարբեր տիպի, այդ թվում՝ բանավոր գովազդը:  Ա տիպի լիցենզիայի պետական տուրքը կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար սահմանվում է տարեկան 200000 դրամ:  Սահմանվում է նաեւ վարչական տույժ խախտումների դեպքում:

 

 

1097 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում ապրիլի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 1097 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 193 736 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 860 046, վերջին մեկ օրում` 6217 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 15 622 պացիենտ. մեկ օրում ավելացել է 454-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 173 681 անձ, վերջին մեկ օրում՝ 617 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 3533 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 900 է:

 




Լրահոս