Ձվի շուկայում Սուրբ Զատկի տոներին որոշակի սցենարով քաոս էր. որոշ խանութներում քաղաքացիները մի քանի հատիկ ձու գնելու համար ստիպված էին երկար հերթ կանգնել, հրմշտել իրար եւ ձեռքից ձեռք ձու խլել: Կարճ ասած՝ ձվի շուկան վերահսկողությունից դուրս էր մնացել: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը գլխավորող Գեղամ Գեւորգյանն իրականում տնտեսական ոստիկանի իր գործառույթները չիրականացրեց: Մասնագետների կարծիքով՝ այս կառույցը ճիշտ չի վերահսկել շուկան այն դեպքում, երբ մի քանի օր առաջ բարձրաձայնվում էր ձվի հնարավոր դեֆիցիտի մասին: Ի դեպ, այս խնդրի մասին «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգել էր դեռեւս մարտի 24-ին։ Այնուամենայնիվ, ձվի դեֆիցիտի երկու վարկած է շրջանառվում. նախ՝ Սուրբ Զատիկից մի քանի օր առաջ որոշ անձինք, սուպերմարկետներից արկղերով ձու գնելով, պահեստավորել են իրենց ավտոտնակներում, որպեսզի արհեստական դեֆիցիտ առաջացնեն՝ հող նախապատրաստելով ներկրման անվան տակ պահեստների ձուն թանկ գնով վաճառելու համար: Սակայն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ձու ներկրելու ցանկություն հայտնած անձանց զգուշացրել է՝ եթե ներկրում են, ապա պետք է պատշաճ մակնշում ապահովեն, ինչը չեն կարողացել: Ինչո՞ւ չեն կարողացել. քանի որ նրանք պետք է շուկա հանեին ավտոտնակներում պահեստավորած ձուն: Բանն այն է, որ Ռուսաստանից չեն կարող հավկիթ ներկրել, քանի որ այնտեղ եւս ձվի խնդիր կա, իսկ Իրանից հնարավոր չէ ներկրել, որովհետեւ փակ է սահմանը։ Մյուս վարկածի համաձայն՝ մարտից մինչեւ նոյեմբերի վերջ տնտեսվարողները չեն կարողացել ածան հավերի գլխաքանակը թարմացնել, մինչդեռ տարվա մեջ այն պետք է երկու անգամ թարմացվի, որ կարողանան հանրապետությունում առկա ձվի պահանջարկը ամբողջությամբ բավարարել: Կորոնավիրուսի եւ ռազմական դրության պատճառով տնտեսվարողները ստիպված են եղել Հոլանդիայից, Գերմանիայից, Վենգրիայից ավելի թանկ գնով ձեռք բերել ինկուբացիոն ձու եւ ճուտ: Բերել են, դրել են, բայց ժամկետը ուշ է եղել, եւ, մարտից սկսած, օրական անհրաժեշտ 1 մլն 285 հազար հատ ձվի փոխարեն արտադրվել է 900 հազար հատ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականությունը որոշելու հարցը: Հիշեցնենք, որ այս հարցով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարան էր դիմել մարտի 10-ին: Եվ, ահա, Սահմանադրական դատարանը որոշել է դիմումն ընդունել քննության եւ որոշել օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Արմեն Սարգսյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր. «Դիմումի ներկայացումը պայմանավորված է նաեւ նշված օրենքի իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներով, որոնք առավել ակնհայտ դարձան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի նախաձեռնության եւ դրան հաջորդած սահմանադրական իրավական գործընթացների արդյունքում: Ներկայացված դիմումով Սահմանադրական դատարանի որոշումները եւ ձեռնարկվող հնարավոր միջոցները կարող են լրջագույն ազդեցություն ունենալ մինչեւ այժմ ընդունված որոշումների, ստեղծված իրավիճակին առնչվող ներկայիս եւ հետագա գործընթացների վրա՝ վերը նշված օրենքի մեկնաբանման եւ կիրառման համատեքստում»: Հավելենք, որ այս գործով առաջին նիստը տեղի կունենա երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում հարցաքննվել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Գլխավոր շտաբի ներկայիս պետ Արտակ Դավթյանը, ինչպես նաեւ ծանուցում է ուղարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Չկարողացանք, սակայն, պարզել՝ Փաշինյանն արդեն հարցաքննվել է, թե ոչ, քանի որ հրավերը վերջերս է ուղարկվել, իսկ վարչապետն էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ընդառաջ գտնվում է ինքնամեկուսացման մեջ, չի շփվում որեւէ մեկի հետ։ Իսկ, ահա, Արտակ Դավթյանը հարցաքննվել է այն ժամանակ, երբ դեռ նորից իրավունքի ուժով չէր զբաղեցրել ԳՇ պետի աշխատասենյակը։ Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը: Բանն այն է, որ Մովսես Հակոբյանը պատերազմում հայկական կողմի պարտության պատճառների մասին խոսելիս մի շարք աղմկահարույց հայտարարություններ էր արել, պնդել, որ չի կատարվել պատշաճ զորահավաք, գնվել է սխալ զինտեխնիկա, Զինված ուժերում կրճատվել է մարտավարական, եւ ավելացել, այսպես ասած, «թուղթ ստորագրող» կամ օպերատիվ օղակը։ Բացի այդ, նրա պնդմամբ, անձամբ վարչապետի հրամանով բանակը համալրելու փոխարեն կամավորներին են ուղարկել առաջնագիծ։ Եվ, ահա, պաշտոնյաներին հարցաքննության հրավիրելը հենց այդ մասով բացահայտումներ անելու նպատակ է հետապնդում:
Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում բնակիչների համար կյանքը դարձել է ոչ ապահով: Մարտի 19-ից մինչ օրս այդ համայնքից 20 կով է անհետացել, որից գտնվել է միայն մեկը: Սակայն ուշագրավ են այդ 13 կովերի անհետացման հանգամանքները: Մասնավորապես, համայնքում առկա տեղեկատվության համաձայն՝ 13 կովերը ոչ թե ադրբեջանական կողմ են անցել, այլ հենց շուռնուխցիներն են այն վերցրել գյուղացի Գավրուշի ընտանիքից միջանձնային հարաբերությունների պատճառով: Եվ այս առումով հակասական են նաեւ պաշտոնական մեկնաբանությունները: Օրինակ՝ Սյունիքի մարզից ընտրված պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է. «Ո՛չ հայկական սահմանապահները, ո՛չ ռուսական սահմանապահները չեն հաստատել, որ անցել են, իսկ ադրբեջանական կողմը մեկ հերքել է, մեկ հաստատել: Գավրուշի տղան գնացել է այնտեղ, չեն գտել: Ես այլ ինֆորմացիա եմ ստացել, որը չեմ կարող հրապարակել», – ասել էր Ղահրամանյանը՝ խորհրդավոր գաղտնիություն պահելով: Իսկ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Այդ 13-ի մասով ադրբեջանցիները ռուսներին ասել են՝ կգտնենք, կբերենք: Կարող է՝ անցել են, կարող է՝ չեն անցել»։ Ու այդպես էլ անհասկանալի մնաց՝ ի վերջո որտեղ են 13 կովերը։ Ու որքան էլ համայնքի ղեկավարը սուտասան է անվանում պատգամավորին, սակայն միեւնույն ժամանակ պաշտոնական հաստատում էլ չի եղել, որ այդ 13 կովերը ադրբեջանական կողմում են: Ստացվում է՝ Սյունիքի սահմանամերձ համայնքում ապրողներն իրականում լուրջ խնդրի առջեւ են կանգնած: Անվտանգ չէ ոչ միայն սահմանը, այլ հենց գյուղերի ներսում նախ կենդանիների, նաեւ, բնականաբար, մարդկանց կյանքը։ Փաստ է, որ կովերը չկան, փաստ է, որ սահմանը հսկողները հայկական եւ ռուսական կողմից հստակ ինֆորմացիա չեն տրամադրում, փաստ է, որ չի էլ հաստատվել երրորդ կողմից արված գողության վարկածը։ Կարճ ասած՝ անիշխանություն։