ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ 13 ԿՈՎԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքից անհետացել է եւս 7 կով: Մառախուղի պատճառով անասուններն անցել են Ադրբեջանի տարածք, սակայն դրանցից մեկը վերադարձել է: Այս մասին երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել է գյուղապետ Հակոբ Արշակյանը: Նկատենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտնի հայտարարությունից հետո սա միակ դեպքը չէ, երբ կովերն անհետանում են: Մարտի 19-ին եւս 13 կով էին անցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք, հայ սահմանապահների եւ ռուս խաղապահների միջնորդությամբ կապ են հաստատել ադրբեջանցիների հետ, խոստացել են գտնել եւ վերադարձնել, սակայն դեռեւս ոչ մեկը չի գտնվել:

 

Այս միջադեպի հետ կապված «Ժողովուրդ» օրաթերթին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել: Մեր տեղեկություններով՝ 13 կովերը ոչ թե ադրբեջանական կողմ են անցել, այլ հենց շուռնուխցիներն են այն վերցրել այդ ընտանիքից միջանձնային հարաբերությունների պատճառով: Նկատենք՝ այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ակնարկել էր նաեւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության խատգամավոր, Սյունիքից ընտրված Նարեկ Ղահրամանյանը: 13 կովերը պատկանում էին Գավրուշի ընտանիքին, ում հանդիպել էր պատգամավորը: «Մինչեւ հիմա չենք պարզել, թե ինչ է տեղի ունեցել, խոսել ենք բոլոր կողմերի հետ եւ հիմա կասկած ունենք, որ առհասարակ կովերը չեն անցել ադրբեջանական կողմ:  Ո՛չ հայկական սահամանապահները, ո՛չ ռուսական սահմանապահները չեն հաստատել, որ անցել են, իսկ ադրբեջանական կողմը մե՛կ հերքել է, մե՛կ հաստատել: Գավրուշի տղան գնացել է այնտեղ, չեն գտել: Ես այլ ինֆորմացիա եմ ստացել, որը չեմ կարող հրապարակել», – ասել էր Ղահրամանյանը:

Սակայն այստեղ հետաքրքիր է, որ խոսքերը հակասում են նախկինում եղած հայտարարություններին: Օրինակ՝ մարտի 30-ին ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, լրագրող Ալվինա Աղաբաբյանը, մանրամասներ հայտնելով, ասել էր, որ անասունների հետքերով Գավրուշի որդին ռուս խաղաղապահների հետ գնացել է Սեթանց, որտեղ նրանց ասել են, որ կվերադարձնեն գողացված կովերը, սակայն առայսօր չեն վերադարձրել։ Այսինքն՝ այդ ժամանակ խոսք չի եղել այն մասին, որ այդ կովերը ադրբեջանական կողմում չեն, եթե վերջիններս խոստացել են այն վերադարձնել:

Նկատենք՝ նման դեպք տեղի էր ունեցել նաեւ փետրվարի 11-ին, երբ զինված ադրբեջանցիները Խնձորեսկի սահմանին մոտեցել էին հայ հովվին ու մոտից տարել 173 գլուխ ոչխար։ Այն ժամանակ մեր սահմանապահների, ԶՈՒ 1-ին բանակային կորպուսի հրամանատարության եւ համայնքի ղեկավարի միջամտության արդյունքում խնդիրը հարթվել, գողացվածը հետ էր վերադարձվել։

Իսկ հիմա, փաստորեն, այս 13 կովերի ճակատագիրն անհայտ է, եւ տեղեկություն են տարածում, թե այդ կովերն ամենեւին էլ ադրբեջանական կողմ չեն անցել, այլ գյուղացիներն են գողացել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հակոբ Արշակյանը նշեց. «Նարեկ Ղահրամանյանը ոնց կարող է սահմանապահների հետ խոսել, նա սուտ է ասում: Բացի 13-ից, մառախուղի պատճառով 7 անասուններն անցել են Ադրբեջանի տարածք, սակայն դրանցից մեկը վերադարձել է: Այդ 13-ի մասով ասրբեջանցիները ռուսներին ասել են՝ կգտնենք, կբերենք: Կարող է՝ անցել են, կարող է՝ չեն անցել: Իսկ 7-ի դեպքում խիտ մառախուղ էր, կովերն էլ հավանաբար խոտի ուղղությամբ ներքեւ` ադրբեջանական կողմ են գնացել, կորել։ Խնդրի մասին հայտնել ենք սահմանապահներին, բայց ադրբեջանցիները «դաբրո չեն տալիս», որ գնանք, որոնենք»,- ասաց Արշակյանը։

Ի վերջո, թե որտեղ են այդ 13 կովերը, այդպես էլ մնում է անհայտ, եւ որքան էլ համայնքի ղեկավարը սուտասան է անվանում պատգամավորին, պաշտոնական հաստատում չի եղել, որ այդ 13 կովերը ադրբեջանական կողմում են, իսկ վերջիններս էլ միայն ասել են, որ եթե գտնեն, կվերադարձնեն դրանք: Ստացվում է՝ Սյունիքի սահմանամերձ համայնքում ապրողներն իրականում լուրջ խնդրի առջեւ են կանգնած: Անվտանգ չէ ոչ միայն սահմանը, այլ հենց գյուղերի ներսում, երբ մեկը մյուսից կարող է ինչ-որ բան գողանալ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱՐՁԱԿՈՒՐԴ Է ՄԵԿՆԵԼ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գնել Սանոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել: Գ. Սանոսյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզպետին կփոխարինի ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը:

 

 

 

ԿՓՈԽԱՐԻՆԻ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում մանդատը վայր դրած Սուրեն Գրիգորյանին կփոխարինի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։ Հիշեցնենք, որ մարտի 23-ին Սուրեն Գրիգորյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին։ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել, որ Գրիգորյանի լիազորությունները դադարեցված են: «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակում Սուրեն Գրիգորյանին հաջորդում էր Միսաք Բաբաջանյանը, որն ավելի վաղ հայտնել էր, որ վաղուց որոշել է՝ պատգամավորական գործունեությամբ չի զբաղվելու, եւ ինքնաբացարկ է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որն իր գրանցումն արդեն ուժը կորցրած է ճանաչել:

 

 

 

ԲՈՂՈՔԸ ՄԱԿԱԳՐՎԵԼ Է

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումները վերադարձնելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոքներից մեկը մակագրվել է դատավոր Կարեն Ավետիսյանին, մյուսը՝ դատավոր Արթուր Առաքելյանին: Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։ Նշենք, որ Օնիկ Գասպարյանի հայցադիմումներից երրորդը դատավոր Մհեր Պետրոսյանը վարույթ է ընդունել։ Դատավորն այդ գործով բավարարվել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։

 

 

479 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում ապրիլի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 479 նոր դեպք, առողջացել է 880 քաղաքացի, մահացել են 22-ը: Հիվանդության նոր դեպքերի փոքր թիվը պայմանավորված է շաբաթ-կիրակի օրերի քիչ թեստավորմամբ: Մեկ օրում կատարվել է 3581 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 876 820-ի: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 197 113 դեպք, որոնցից 176 889-ը՝ առողջացման, 3614-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 15 687 պացիենտ: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 923 է:

 

 

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԴԵՖԻՑԻՏ

Սուրբ Զատկի տոնից մեկ օր առաջ երեւանյան խանութներում իսկական մարտեր էին ընթանում հավկիթ գնելու համար: Հավկիթը խանութներից անհետացել էր, եւ եթե մեկ-երկու օր առաջ մարդիկ կարողանում էին այն գնել 90-110 դրամով, զրկվեցին անգամ այդ հնարավորությունից: Այս երեւույթն ունի իր պատճառները, եւ դրանցից մեկն էլ վերահսկողության բացակայությունն է. շուկայում մի քանի խաղացողներ գերշահույթ ստանալու նպատակով հակամրցակցային քայլերի են դիմել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օրեր առաջ մի քանի քաղաքացիներ սուպերմարկետներից արկղերով ձու են գնել եւ այն բարձր գնով վերավաճառել են փոքր խանութներին: Սա է պատճառը, որ խանութներում ոչ միայն ձվի գինն է գերազանցել 100, նույնիսկ 110 դրամը, այլեւ արհեստական դեֆիցիտ է առաջացել: Բացի այս, օրեր առաջ որոշ անձինք, սուպերմարկետներից արկղերով ձու գնելով, պահեստավորել են իրենց ավտոտնակներում, որպեսզի Զատիկին այն թանկ գնով վաճառեն: Այս խնդիրը լուծելու նպատակով խանութներում տնտեսվարողները հրաժարվում էին 15-ից ավել ձու վաճառել մեկ անձի:

Հետաքրքիր է, սակայն, որ մինչեւ 2009թ. Հայաստանը ձու արտահանող երկիր է եղել, հետո վերածվել է ներմուծողի։ Դրանից հետո Հայաստանը համարվել է ինքնաբավ երկիր, քանի որ արտադրանքը բավարարել է, սակայն Զատկին ընդառաջ, պարզվում է, դեֆիցիտ է առկա: Վերջին տարիներին արտադրության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2020թ.՝ 754 մլն, 2018թ. այդ թիվը 726 էր: Ձվի միջին գինը պարբերաբար տատանվում է։ Եթե 2013-2014թթ. 1 հատ ձվի միջին մանրածախ գինը, ըստ Վիճկոմիտեի հաշվարկների, կազմել է մոտ 70 դրամ, ապա վերջին երկու տարիներին՝ 2018-2019թթ., այն 60-65 դրամի սահմաններում է։ Այսպիսով, այս տվյալները եւս փաստում են, որ դեֆիցիտն արհեստական է եղել:

 

 

 

ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐ

2021թ. ապրիլի 4-ին ՀՀ Ան «Սեւան» քրեակատարողական հիմնարկի ծառայողը տարածքում շրջայց կատարելիս դիտաշտարակների միջնամասում նկատել է ներնետված կասկածելի փաթեթ՝ քողարկված գուլպայում:  Փաթեթում հայտնաբերվել են առանձնացված 4 փաթեթ՝ Մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներով եւ մեկական դատարկ ապակյա սրվակներով, որոնց քաշը սրվակների հետ միասին կազմել է 14,2 գրամ, ինչպես նաեւ Մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,4 քրամ քաշով  բյուրեղանման զանգված, հոգեմետ հանդիսացող «METHADOSE 40» մակնշմամբ, «57 71 M» մակնշմամբ մեկական ամբողջական եւ «THAS» մակնշմամբ կես դեղահաբեր, Դիազեպամ հիշեցնող 18 սպիտակ դեղահաբ, 2 բջջային հեռախոս, բաժանորդային քարտ եւ USB լարեր:

 

 




Լրահոս