Armlur.am-ը զրուցել է ԱԻՄ ներկայացուցիչ Գագիկ Սարուխանյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք իրենց կուսակցությունը նպատակ ունի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին: Մեր զրուցակիցը ներկայացրել է իրենց առաջիկա անելիքներն ու նշել, թե որքանով է իրական այս իշխանությունների կազմակերպած ընտրություններին մասնակցելը եւ, հատկապես, առանց կեղծիքների ընտրություններ անցկացնելը:
-Պարո՛ն Սարուխանյան արդյոք Ձեզ համար որոշում կա՞ կայացված: Մասնակցելո՞ւ եք խորհրդարանական ընտրություններին: Ի՞նչ եք կարծում, պե՞տք է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությանը գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
-Նշանակված ընտրությունն ինքնին արդեն Սահմանադրության խախտում է: Ընտրությունը նշանակում է երկրի նախագահը: Բացի այդ, ինքը ղեկավարում է այս կառավարությունը, ու ինչքան տեղյակ եմ, հրաժարական տալուց հետո նորից մնում է որպես պաշտոնակատար: Այսինքն՝ երկրորդ անգամ սահմանադրական խախտում է կատարում: 2018 թվականի Ազգային Ժողովում, երբ Հանրապետական կուսակցությունն էր մեծամասնություն, այն ժամանակ եւս նույն բանը կատարվեց: Առաջին անգամ չընտրվելու դեպքում պետք է հրաժարական տար, բայց մինչեւ երկրորդ ընտրություն ինքը պաշտոնավարում էր: Էլ հրաժարականի իմաստը ո՞րն է, եթե շարունակում ես պաշտոնավարել: Ինքը կատարում է երկրորդ սահմանադրական խախտումը: Կա նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի գործոնը, որի օրոք մի քանի ընտրություն է կեղծվել: Եվ պահպանելով այդ ընտրական աճպարար աշխատանքը՝ ուզում են գնալ ընտրության:
-Դուք որոշում եք կայացրել այս պարագայում չգնա՞լ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
-Իրադարաձություններն այնպես արագ են փոխվում: Ես այս արտահերթ խորհրդարանական ընտրությունը չեմ կարող անվանել ընտրություն, ես այն կանվանեմ երկրում կատարվող միջոցառում: Միջոցառմանը, որպես միջոց՝ քաղաքական դաշտում առկայությունն ընդգծելու համար, միգուցե մասնակցենք: Եթե ընտրությունն իսկապես անցկացվի, մենք պետք է ամեն ինչ անենք: Նախ եւ առաջ, երբ գնում ես Սերժ Սարգսյանի գրած Սահմանադրությամբ, դա նշանակում է, որ Սերժը ողջ էր, ողջ է եւ ողջ էլ մնալու է: Այստեղ հարկավոր է մտածել նաեւ սահմանադրական փոփոխությունների հարցի մասին: Ես սա ընտրություն չեմ կարող համարել:
-Տեղեկություններ կային, որ դաշինք եք մտադիր կազմել: Ի՞նչ կասեք:
-Դաշինք կազմելը ցանկացած պահին է: Դաշինք կա՝ ռազմավարական, դաշինք կա՝ նպատակային:
-Ո՞ւմ հետ եք պատկերացնում դաշինք կազմելը:
-Ցանկացածի, որը ժամանակին անգամ կեղծիքներ է արել, բայց աղերսում է այսօր, այսինքն՝ ասում է՝ կներեք: Մեկը պետք է ներողություն խնդրի, հասկանա, որ ինքը սխալ է արել, որ դիմացինը ների:
-Պարո՛ն Սարուխանյան, կա՞ մի քաղաքական գործիչ, որ այս պահին բարձր վարկանիշ ունի Հայաստանում: Ո՞ւմ եք համարում բարձր ռեյտինգ ունեցող քաղաքական գործիչ: Ռոբերտ Քոչարյանի՞, Սերժ Սարգսյանի՞, Արթուր Վանեցյանի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի դիրքերն են բարձր:
-Այս թվարկածներից բոլորին գումարում ենք իրար, մի հատ էլ 0 կողքը ավելացնում ենք ու տեսնում, որ Պարույր Հայրիկյանի կատարածը իրենք չեն կատարել ու ոչ էլ կարող են կատարել: Այս վարկանիշ ասվածը նայած որտեղ է ու ում մոտ: ԱԻՄ-ը պայքարելու է յուրաքանաչյուր փուլում այդ օրհասարական խնդրի շրջանակներում:
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԲՈՒՄ» Է ՍՊԱՍՎՈՒՄ
Հայաստանում կուսակցաշինության «բումը» շարունակվում է։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 10 կուսակցություն գրանցման հայտ է ներկայացրել։ Մինչեւ այս, ՀՀ արդարադատության նախարարության տվյալներով, գործում էր 91 կուսակցություն, այժմ էլ կուսակցությունների գրանցումները շարունակվում են։ Նոր ստեղծվելիք ուժերից շատերը հայտարարում են, որ մասնակցելու են հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Առհասարակ, այդ անգամ, կարծես թե, մասնակից քաղաքական ուժերի «բում» է լինելու:
Այսպիսով, ArmLur.am-ը փորձել է նախնական տվյալներով ներկայացնել այն քաղաքական ուժերին, որոնք արդեն հայտարարել են, թե արտահերթ ընտրություններին մասնակցելու են: Եւ այսպես՝
- Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,
- Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ՝ ԲՀԿ,
- Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն,
- Արամ Զավենի Սարգսյան՝ «Հանրապետություն» կուսակցություն,
- Արման Բաբաջանյան՝ Հանուն հանրապետության կուսակցություն,
- Լեւոն Շիրինյան՝ Հայաստանի քրիստոնեադեմոկրատական կուսակցություն,
- Տիգրան Ուրիխանյան՝ «Ալյանս» կուսակցություն,
- Արթուր Վանեցյան՝ «Հայրենիք» կուսակցություն:
Մի քանի կուսակցությունների պարագայում դեռեւս անհայտ է մասնակցության ձեւաչափը, քանի որ քննարկվում է դաշինքով ընտրություններին մասնակցելու տարբերակը. դրանց թվում են ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը: Արցախի հերոս Սամվել Բաբայանն էլ պատրաստվում է ապրիլի 23-ին համագումար անցկացնել եւ «Միասնական հայրենիք» կուսակցությունով մասնակցել արտահերթ ընտրություններին։ «Սասնա ծռեր» կուսակցությունը եւս այս ժամանակահատվածում ակտիվ գործունեություն է իրականացնում ու, կարծես թե, նպատակ ունի ակտիվ մասնակցել ընտրություններին: Կան նորաստեղծ կուսակցություններ, որոնք այս պահին քննարկումների ու հանդիպումների մեջ են ու դեռեւս չեն հստակեցրել իրենց մասնակցության հարցը:
Նշենք, որ ստեղծվել է նաեւ «Իմ Հայաստան» կուսակցությունը, որը ղեկավարում է Նարեկ Սամսոնյանը, բայց դեռեւս հստակ չէ՝ ինչ ձեւով է պատրաստվում ընտրություններին մասնակցել: Հավելենք նաեւ, որ 44-օրյա պատերազմից հետո 17 կուսակցություններ միավորվել էին ու պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
17 կուսակցություններն են «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» եւ «Սահմանադրական իրավունք միությունը», որոնցից մի քանիսն արդեն հստակ նշել են, թե ինչ ձեւով են մասնակցելու ընտրություններին, մի հատվածն էլ դեռ մտորումների մեջ է:
Նկատենք, որ այսքան շատ ուժերի մասնակցությունը ձեռնտու է հատկապես իշխող ուժին, քանի որ, ըստ օրենքի, ԱԺ չանցած կուսակցությունների ձայները բաշխվում են անցած ուժերի վրա, եւ, այսպես ասած, առյուծի բաժինը տրվելու է իշխանությանը:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՊԵՍԿՈՎԸ ՀԱՍՏԱՏԵՑ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ իրոք հեռախոսով խոսել է Հայաստանի նախկին ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ, նրանք վաղուց բարեկամական հարաբերություններ ունեն: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ես կարող եմ հաստատել՝ իրոք, նրանք խոսել են հեռախոսով: Եվ Դուք գիտեք, որ նրանք վաղուց լավ հարաբերություններ ունեն, որոնք պահպանում են եւ բավականին հաճախ են շփվում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Կրեմլը կարող է արդյոք հաստատել կամ հերքել լուրերն այն մասին, որ անցած շաբաթ Քոչարյանը Մոսկվայում գտնվելու ժամանակ զրուցել է Պուտինի հետ: Հիշեցնենք, որ Քոչարյանը Մոսկվա էր մեկնել՝ մասնակցելու «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին: Քոչարյանը ընկերության տնօրենների խորհրդի անդամ է:
ՆՈՐ ՊԱՇՏՈՆ ԿՍՏԱՆԱ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ խորհրդական Արշակ Կարապետյանն ազատվել է իր պաշտոնից: Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ Արշակ Կարապետյանն առաջիկայում նոր պաշտոն կստանա: Բանն այն է, որ Արշակ Կարապետյանի մտերիմ ընկերը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի աշխատասենյակը զբաղեցնող Արտակ Դավթյանն է: Երբ վերջինիս որդու հարսանիքից հետո ազատել էին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից, հենց Արշակ Կարապետյանն էր ակտիվություն ցուցաբերում, որպեսզի նոր պաշտոն ստանա, եւ Դավթյանին նշանակեցին Ռազմարդյունաբերության կոմիտեի ղեկավար: Եվ, ահա, մեր տեղեկությունների համաձայն՝ կրկին պաշտոն ստանալով՝ Արտակ Դավթյանը որոշել է իր մտերիմ ընկերոջը բերել Զինված ուժերի համակարգ, եւ, ամենայն հավանականությամբ, առաջիկայում Արշակ Կարապետյանը կնշանակվի Արտակ Դավթյանի տեղակալ: Հավելենք, որ Արշակ Կարապետյանը 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է Զինված ուժերի հետախուզության վարչության պետը եւ աշխատանքից ազատվել էր պատերազմից հետո: Նա նոր պաշտոնին նշանակվել էր 2018 թվականին:
ԳՆԱՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին. հայտնում է նախագահի աշխատակազմը: Կենտրոնական բանկի նախագահը տեղեկություններ է ներկայացրել գնաճի շուրջ իրավիճակի եւ ֆինանսական համակարգի բնականոն գործունեության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերի, ինչպես նաեւ դրամավարկային քաղաքականության վերաբերյալ: