Ազգային ժողովի կողմից խախտում է տեղի ունեցել, ու դրա համար առաջին հերթին պետք է պատասխանատվություն կրի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը, ինչպես դա եղավ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի պարագայում: Բանն այն է, որ բուռն քննարկման արժանացած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է ուղարկվել ժամկետների խախտումով՝ երկու օր ուշացումով։
Մասնավորապես, ԱԺ-ն նախագիծը նախագահական ուղարկել է ապրիլի 2-ին, մինչդեռ վերջնաժամկետը մարտի 31-ն էր։ Բանն այն է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 83-րդ հոդվածն ասում է. «Ազգային ժողովի նախագահն ընդունված օրենքը մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է Հանրապետության նախագահին, որն ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում եւ հրապարակում է այն կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով»: Այս նախագիծը խորհրդարանում ընդունվել է մարտի 24-ին, սակայն նախագահին է ուղարկվել ապրիլի 2-ին է ուղարկվել, իսկ սա նշանակում է՝ երկու օր ուշացումով, այսինքն՝ հենց օրենսդիր մարմինն է խախտել ժամկետները: Ընդ որում, նախագահական ուշացումով է ուղարկվել ոչ միայն «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին», այլ նաեւ «Հակակոռուպցիոն մարմին ստեղծելու մասին» օրենսդրական փաթեթները, եւ ներկայումս խնդիրը քննարկվում է հանրապետության նախագահի աշխատակազմում, թե ինչպես վարվել սրանից հետո: Այսինքն՝ խորհրդարանի եւ հենց նրա ղեկավարի կողմից խախտում է եղել:
Փաստացի Ազգային ժողովի նախագահը չի կատարել Սահմանադրությամբ, ինչպես նաեւ «ԱԺ կանոնակարգ» սահամանդրական օրենքով իր վրա դրված ուղիղ պարտականությունները, այն ամենը, ինչի համար սահմանադիրի կողմից ստացել է իշխանական լիազորություններ։ Այլ կերպ ասած՝ դրսեւորել է սահմանադրական անգործություն։ Իսկ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածը՝ իշխանությունը չարաշահելու, իշխանության անգործության մասին է։ Համաձայն հոդվածի՝
«1.Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք էական վնաս են պատճառել (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը), պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
- Նույն արարքները, որոնք անզգուշությամբ ծանր հետեւանքներ են առաջացրել, պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
- Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներեք տարի ժամկետով»:
Այստեղ նկատենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել եւ մեղադրանք առաջադրվել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին, թե նա օրենքի խախտում է թույլ տվել՝ հանուն Հրայր Թովմասյանի: Մասնավորապես, ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ նախկին պաշտոնյաներն այնպես են արել, որ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը հայտարարի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին այն ժամանակ, երբ դեռ այդ հրաժարականը չի եղել, ինչից հետո էլ արդեն խորհրդարանը հին՝ 2005-ի Սահմանադրությամբ՝ մարտի 21-ին Թովմասյանին նշանակել է Սահմանադրական դատարանի նախագահ:
Ըստ ՀՔԾ-ի՝ Գագիկ Հարությունյանի կողմից մարտի 1-ին ստորագրված հրաժարականի մասին դիմումը ԱԺ է հասել մարտի 5-ին, բայց Արա Բաբլոյանը դեռ մարտի 2-ին արդեն հայտարարել է Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին։ Հիմա էլ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է թերեւս մոռացել, որ խորհրդարանի կողմից ընդունված նախագծերը պատշաճ կարգով պետք է ուղարկել նախագահին: Արա Բաբլոյանն այս պատմության համար մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
Ն.Հ.
ՀԱՐՑ Է ԲԱՐՁՐԱՑՐԵԼ
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման ու վերադարձի հարցն է բարձրացրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ երեկ ընդունելով Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամիին: Օմբուդսմենը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստականորեն ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ այդպիսով նպատակ ունենալով հոգեկան տառապանք պատճառել նաեւ գերիների ընտանիքներին: Պաշտպանը հանգամանորեն ներկայացրել է մարդու իրավունքների լրջագույն խնդիրները, որոնք առաջացել են Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքների ներքո անթույլատրելի արագությամբ ընթացող սահմանների հետ կապված գործընթացի պատճառով, նաեւ ասված է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդագրությունում։
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
Շրջանառության ծավալներն ու հավաքագրված հարկերը ՊԵԿ նախագահին թույլ են տալիս պնդել, որ տնտեսությունը հստակ վերականգնվում է: Այս մասին ասել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: «Դատելով առեւտրաշրջանառության ծավալների վերաբերյալ ՊԵԿ-ի կողմից կատարված վերլուծական տվյալներից՝ այո, ես փաստում եմ, որ տնտեսությունը հստակ վերականգնվում է, քանի որ դրա մասին են խոսում եւ՛ շրջանառության ծավալները, եւ՛ հավաքագրված հարկերը»,- ասել է նա: Կառույցի ղեկավարն անդրադառձել է բիզնեսում գոյություն ունեցող ստվերին: Նա նշել է, որ ստվերը կա եւ միշտ լինելու է: «Անգամ կա թույլատրելի ստվերի շրջանակ, որն «արդյունավետ» է, այն պետք է լինի»,- նշել է նա:
ՔԱՐԵՐ ԵՆ ՇՊՐՏԵԼ
Ադրբեջանցիները այս երկու օրերի ընթացքում քարեր են շպրտել Կապան-Երեւան ճանապարհով անցնող հայկական ավտոմեքենայի վրա։ Այս մասին ասել է Սյունիքի մարզկենտրոն Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը: Նա չի հստակրել, թե դեպքը կոնկրետ երբ է տեղի ունեցել։ «Դեպքը տեղի է ունեցել Կապանից գնալիս Դավիթ Բեկ-Շուռնուխ ճանապարհի հատվածում։ Այդ հատվածը գտնվում է ռուս սահմանապահների վերահսկողության տիրույթում։ Դիրքավորված հատվածից ադրբեջանցիները քար են նետել ճանապարհի ուղղությամբ՝ մեքենայի վրա»,-մանրամասնել է համայնքապետը՝ նշելով, թե ավտոմեքենան չի վնասվել։ Նրա խոսքով՝ նման իրավիճակներն անհանգստացնող են անվտանգության առումով։
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է
Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի գործը հասել ՀՀ վճռաբեկ դատարան: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց վերջինիս փաստաբան Արմեն Հարությունյանը: Նշենք, որ Դավիթ Գալստյանի պաշտպանը դիմել է Վճռաբեկ դատարան խափանման միջոց կալանքի հարցով: Ավելին՝ վերջինիցս տեղակացանք, որ Ազգային անվտանգության ծառայությունը օրերս դիմել է դատարան Դավիթ Գալստյանի խափանման միջոցը՝ կալանավորումը երկարաձգելու հարցով, ինչն էլ դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել է: Հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանին առնչվող քրեական գործով ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք են հրավիրվել ԱԱԾ եւ հարցաքննվել: Մեզ հետ զրույցում տեղեկությունը հաստատել էր նաեւ Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը, սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ չէր ցանկացել անուններ տալ:
«Ժողովուրդ» օրաթերթին, այնուամենայնիվ, հաջողվեց իր աղբյուրներից պարզել, որ ԱԱԾ-ն հարցաքննության է հրավիրվել նաեւ ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, քանի որ նա եղել է զենքերի գնման հանձնաժողովի կազմում:
Հիշեցնենք, որ Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանը, որը առավել հայտնի է Պատրոն Դավո մականունով, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մտերիմ ընկերն է: Նրա «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերությունը, ըստ ԱԱԾ-ի, Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր՝ պարտավորվելով 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր, բայց մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որոնք էապես զիջել են մարտավարական հատկանիշներով, եւ կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։
ԿԱՌԱՎԱՐԵԼԻ Է
Տեղի է ունեցել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցը՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին, վերաբերում էր դրամի արժեզրկմանը: Պատգամավորը հետաքրքրվել է, թե իրավիճակը կառավարելի է, թե ոչ, ինչպես է նա տեսնում առաջիկայում հնարավոր քայլերը, որպեսզի սահմանաչափը չգերազանցի եւ ազդեցություն չունենա գնագոյացման վրա: Ն. Երիցյանը վստահեցրել է, որ դրամի արժեզրկման առնչությամբ իրավիճակը կառավարելի է. «Բնականաբար, կան համաշխարհային զարգացումներ. դոլլարն արժեւորվում է աշխարհի բոլոր վալյուտաների նկատմամբ: Կան դրսից եկող գնաճային տարբեր ճնշումներ, սակայն իրավիճակը կառավարելի է»,-եզրափակել է Երիցյանը: