2020 թվականի նոյեմբերի 10-ին ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարությունից դժգոհող քաղաքացիները հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու համար: Այդ ընթացքում մի խումբ անձինք ներխուժել էին կառավարության շենք, վնասել գույքը: Իսկ, ահա, ավելի ուշ վերջիններս մտել էին Ազգային ժողով եւ կառավարական առանձնատուն եւ այնտեղից նույնպես հափշտակություն իրականացրել: Այդ առթիվ 2020թ. նոյեմբերի 10-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Ըստ դատախազության հաղորդագրության` նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ բազմաթիվ անձինք նշված գործով ներգրավվել են որպես մեղադրյալ: Այսպիսով, Ազգային ժողով մուտք գործած երիտասարդներից մեկի՝ Էդուարդ Եդիգարյանի մասով դատարանը կայացրել է դատավճիռ:
Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ Էդուարդ Եդիգարյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը դադարեցնելու մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը հրապարակվելուց հետո, տեղեկանալով, որ ՀՀ Ազգային ժողովի, կառավարության շենքերում եւ պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում զանգվածային անկարգություններ են կատարվում, չունենալով ԱԺ շենք մուտք գործելու իրավունք, անտեսելով հատուկ պահպանվող օբյեկտի պահպանության ռեժիմը, այլոց հետ միասին մուտք գործելով շենք, օգտվելով զանգվածային անկարգությունների հանցավոր գործողությունների արդյունքում առաջացած անվերահսկելի իրադրությունից, ապօրինի մուտք է գործել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի` երրորդ հարկում գտնվող, բնակարան հանդիսացող աշխատասենյակ եւ ներխուժած բազմաթիվ անձանց ներկայությամբ այնտեղից բացահայտ հափշտակել է Արարատ Միրզոյանին պատկանող գույքը` սեւ գույնի բնական կաշվից պատյանով, 25 հազար ՀՀ դրամ արժողությամբ ՀՀ Սահմանադրությունը, որը 2020 թվականի նոյեմբերի 15-ին Էդուարդ Եդիգարյանի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել եւ վերցվել է:
Եվ, ահա, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, այս գործով դատավճիռ է կայացրել եւ Էդուարդ Եդիգարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով եւ որպես վերջնական պատիժ նշանակել 3 տարի 9 ամիս օր ժամկետով ազատազրկումը: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան` տարի ժամկետով: Նշված ժամկետում Էդուարդ Դանիելի Եդիգարյանի նկատմամբ լրացուցիչ պարտականություն է սահմանվել` մասնակցել վարքի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի կողմից սահմանված վերասոցիալականցման ծրագրերին: Էդուարդ Դանիելի Եդիգարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը փոփոխվել է, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո գործով իրեղեն ապացույց ճանաչված սեւ գույնի բնական կաշվից պատյանով գիրքը վերադարձվել է տուժող Ա. Միրզոյանին:
Սակայն մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը այս որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան:
ՄԵՐԺԵԼ Է ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ
ՀՀ վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանը մերժել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։ Տիրան Խաչատրյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի եւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի՝ խնդրելով անվավեր ճանաչել 26.02.2021թ. եւ 15.03.2021թ. ընդունված թիվ 350-Ա եւ թիվ 2-Ա հրամանները, պարտավորեցնել պատասխանողին ընդունելու բարենպաստ վարչական ակտ եւ Տիրան Խաչատրյանին վերականգնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում, որպես ածանցյալ պահանջ՝ վերացնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի՝ 19.03.2021թ. ընդունված թիվ 830-Ա հրամանը՝ ներառելով Տիրան Խաչատրյանին ՀՀ պաշտպանության նախարարության 10950 զորամասի անձնակազմի ցուցակներում եւ տրամադրել բոլոր տեսակի բավարարումները, որպիսի հայցադիմումը դատարանի 30.03.2021թ. որոշմամբ ընդունվել է վարույթ: Տիրան Խաչատրյանը խնդրել է կիրառել հայցի ապահովման միջոց եւ ժամանակավորապես բավարարել պահանջները, ինչը դատարանը մերժել է: Դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում հայցվոր Տիրան Խաչատրյանի կողմից հայցի ապահովման մասին միջնորդությունում բերված փաստարկներն ըստ էության վերաբերում են ոչ թե հարուցված հայցով ապագա վճռի կատարման անհնարինությունը կամ դժվարացնելը չեզոքացնելուն, այլ պատասխանողների կողմից իր իրավունքները խախտելուն:
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում 2021թ. ապրիլի 4-ին Կոտայքի մարզի Արզական գյուղի Ամառանոցային թաղամասի Այգեգործական փողոցի տներից մեկում հայտնաբերվել է «կանեփի մասնագիտացված ջերմոցային տնտեսություն», որտեղից առգրավվել են 97 տարաների մեջ աճեցված առանձնապես խոշոր չափերի՝ 120 կանեփի բույսեր, 2 եւ 32 գրամ քաշերով կանեփի յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներ, երկու հատ ապակյա կոլբաներ, մեկ հատ ներարկիչ, նյութով լցված ապակյա տարա՝ «րպՐպոՐՏ րպՐսՌՍՌրսՏպ» գրառմամբ: Մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ վերոնշյալ տանը տարաների մեջ առանձնապես խոշոր չափերի կանեփի բույս ցանելու եւ աճեցնելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել են Երեւանի երեք բնակիչներ: Նախաքննությունը շարունակվում է:
ԹԻՎՆ ԱՃԵԼ Է
2020թ. Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների եւ սեփական նախաձեռնությամբ վարույթների թիվը կրկին աճել է՝ կազմելով 14.780: Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին դիմում-բողոքների թիվը կազմել է 5.214, 2016թ.՝ 5.113, 2017-ին՝ 6.417, իսկ 2018թ. այդ ցուցանիշը գրեթե երկու անգամ ավելացել է՝ դառնալով 10.744: 2019թ., 2018թ. համեմատ, դիմում-բողոքների թիվն ավելացել է 22%-ով կամ 2386-ով՝ դառնալով 13.140 դիմում-բողոք:
ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է տաքսու վարորդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Գործով մեղադրյալ, Վանաձոր քաղաքի բնակիչ 51-ամյա տղամարդը 2020թ. սեպտեմբերի 13-ին տաքսի ավտոմեքենայով տուն վերադառնալու ճանապարհին ուղեվարձի շուրջ վիճաբանել է տվյալ տաքսի ավտոմեքենայի վարորդի հետ, որի ժամանակ, վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու դիատավորությամբ, ձեռքով հարվածել է նրա աչքին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ ձախ աչքի կոպերի արյունազեղումների, ձախ ակնագնդի սալջարդի` ուղեկցված հիֆեմայով, հեմոֆթալմով, եւ ձախ աչքի տեսողության եւ ֆունկցիայի կորստի ձեւով: 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաեւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի (հեռախոսազրույցների պահին զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը) միջեւ տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման դեպքի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննության վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունները ապօրինի ձայնագրառելու եւ համացանցում տարածելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այս գործով 3-ն էլ ճանաչվել են որպես տուժող եւ հարցաքննվել:
Ինչ վերաբերում է 2018 թվականի սեպտեմբերի 11-ին զանգվածային լրատվության միջոցներով «ՀՀ ԱԱԾ տնօրենի եւ ՀՀ ՀՔԾ պետի խոսակցությունը հայտնվել է համացանցում» վերտառությամբ հրապարակումներում տեղ գտած պաշտոնեական լիազորություններն անցնելու առկայությունը մատնանշող տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործին, ապա 2020թ. փետրվարի 4-ին հիշյալ քրեական գործով վարույթը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով՝ հանցակազմի բացակայություն, կարճվել է: