«Մատիլդա», «Մոսո», «Հայ զինվոր», «Վերադարձ ռեստորան»․ սրանք այն անվանումներն են, որոնք քարերով գրված են սարերի վրա: Երեւան-Սեւան մայրուղու վրա՝ հանրությանն ավելի հայտնի «Չայնիի» ոլորանանների մոտ գտնվող սարերի վրա տարիներ շարունակ անհայտ անձինք սպիտակ քարերով գրառումներ են անում: Ի դեպ, այդ սարերից մեկի վրա արդեն մի քանի տարի է, ինչ պահպանվում է «Բարգավաճ Հայաստան» գրությունը:
Բայց ուշագրավն այն է, որ այս գրությունները ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի եւ իր աշխատակազմի աչքից, չգիտես թե ինչու, միշտ վրիպում է: Բայց չնայած սրան՝ այս խնդրի շուրջ ArmLur.am-ը դիմեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն եւ հետաքրքրվեց՝ արդյոք ունեն վերահսկողություն այդ գրառումների հետ կապված եւ եթե այո, ապա ինչու չեն հրահանգում դրանք մաքրել: Պարզվեց՝ չունեն վերահսկողություն:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը խոստացավ հարցը քննարկել մասնագետի հետ, ապա կապ հաստատել մեզ հետ, սակայն այդպես էլ նրանից պատասխան չստացանք: Այնուամենայնիվ, դիմեցինք ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին, որտեղից Կենսաբազմազանության վերահսկողության վարչության պետ Գեղամ Խաչատրյանը փոխանցեց, որ իրենք եւս այս խնդրի շուրջ ահազանգ են ստացել: Տեսչական մարմնի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ իրենց տեսուչները բարձրացել են սարեր եւ պարզել, որ Կարմիր գրքում գրանցված բույս չեն նկատել այդ հատվածում: Պաշտոնյայի խոսքով, տհաճ է, բայց այլ տարբերակ չկա. «բնությանը վնաս չեն պատճառում», իսկ եթե բնությանը վնաս պատճառվեր, ապա իրենք ընդամենը կարող էին արձանագրել եւ ուղարկել ՀՀ ոստիկանություն: Բայց այս դեպքում բնությունը չի տուժել:
Մյուս կողմից, պարզվում է՝ այս սարերին գրելու ավանդույթը գալիս է խորհրդային տարիներից. դեռ այդ տարիներին սարին ծառերով անմահացրել են Լենին անունը: Բայց եթե մեր օրերում անհայտ գրողները նախընտրեին քարերը ծառերի փոխարեն, ապա կնպաստեին անտառածածկ տարածքների ընդլայնմանը:
Սյունէ Համբարձումյան
Պետրոս Թովմասյան