«ԱԺ կանոնակարգ» օրենքի 128-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ ապրիլի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում՝ Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեության մասին: Եվ այս տարի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այն ներկայացրել է մարտի 30-ին՝ պահպանելով ժամկետները: Եվ չնայած «ԱԺ կանոնակարգ» օրենքում հաղորդում ներկայացնելու ժամկետները սահմանված են, սակայն այն ներկայացնելունը սահմանված չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հաղորդումը խորհրդարանում քննարկելու ժամկետները դեռ հայտնի չեն, եւ չի բացառվում, որ առաջիկա նստաշրջանում այն դեռ չընդգրկվի օրակարգում, սակայն, ամենայն հավանականությամբ, մինչեւ արտահերթ ընտրությունների օրն այն կհասցնեն քննարկել: Օրինակ՝ 2019 թվականի տարեկան հաղորդագրությունը նախորդ տարի քննարկվել էր հունիսի 1-ին: Դատախազության 2020 թվականի հաշվետվությունը տարբերվում է հատկապես արցախյան պատերազմի մասին հիշատակումներով, թե ինչ է կատարվել զինվորական դատախազության ոլորտում: 2020թ. ընթացքում ՀՀ ԶՈւ-ի եւ այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 5601 դեպք՝ նախորդ տարվա 3495-ի դիմաց. աճ է արձանագրվել 2106 դեպքով կամ 60.2%-ով: «Ժողովուրդ» օրաթերթը հաղորդումից տեղեկացավ, որ հանցագործությունների դեպքերի կտրուկ աճը պայմանավորված է Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմով։ Առանձնապես ծանր հանցագործություններից 538-ը կամ 84,1%-ը պայմանավորված են եղել ռազմական դրությամբ։ Այսպիսով, 640 առանձնապես ծանր հանցագործություններից 9-ը եղել է հակառակորդի կողմից կատարված սպանություն, 2-ը` համածառայակցի կողմից կատարված սպանություն: Հետաքրքիր է, որ ռազմական դրության ժամանակ եղել է զինծառայողի կողմից քաղաքացիական անձի սպանության եւ պահեստազորայինի կողմից պահեստազորայինի սպանության, պահեստազորայինի կողմից սպայի սպանության մեկական դեպքեր: Բացի այս, առկա է համածառայակցի կողմից կատարված սպանության փորձի 2 դեպք, պայմանագրային զինծառայողի կողմից քաղաքացիական անձի սպանության 1 փորձ, ռազմական դրության ժամանակ պետի նկատմամբ բռնություն գործադրելու 5 դեպք: Այլ ուշագրավ դեպքեր եւս կան, մասնավորապես՝ ռազմական դրության ժամանակ պետի կողմից իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության, իշխանության անգործության 18 դեպք, 374 դեպք՝ ռազմական դրության ժամանակ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, 3-ը՝ ռազմական դրության ժամանակ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, 2-ը՝ ռազմական դրության ժամանակ հրամանը չկատարելու, 103-ը՝ ռազմական դրության ժամանակ դասալքության, 2-ը՝ ռազմական դրության ժամանակ անդամախեղման, 1-ը՝ մարտ վարելու միջոցները հակառակորդին թողնելու, 10-ը՝ ագրեսիվ պատերազմի: Գաղտնիք չէ, որ պատերազմից հետո քրեական գործեր են քննվում, եւ պետք է հուսալ, որ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն:
Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից եւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից 6 ամիս անց Հայաստանը ապահով առաջնագիծ չունի: Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերի նոր սահմանները չունեն անգամ տարրական կահավորում, հայ զինծառայողները սահմանը պահում են սարերի վրա՝ առանց խրամատների եւ պաշտպանվելու համար նվազագույն պայմանների: Եվ այս իրավիճակը խոսում է Պաշտպանության նախարարության, նախարար Վաղարշակ Հարությունյանի եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի աշխատասենյակը զբաղեցնող Արտակ Դավթյանի անգործության մասին: Մասնավորապես, պատերազմի ավարտից մինչ այսօր առաջնագծում ինժեներատեխնիկական որեւէ աշխատանք չի կատարվել: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն եւ հետաքրքրվել՝ ինչու առաջնագծում ինժեներատեխնիկական աշխատանքներ չեն իրականացվում, որն է այդ ամենի պատճառը: ՀՀ պաշտպանության նախարարությունից բավականին ուշացումով, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, հայտնեցին. «ՀՀ ԶՈւ նոր հետպատերազմյան բնագծերում ինժեներական աշխատանքները կատարվում են մշտապես: Աշխատանքների ընթացքը երբեմն պայմանավորված է եղանակային պայմաններով, բարձրադիր լեռնային ռելիեֆով, ձյան շերտով (մինչեւ 3 մ հաստության), ճահճակալած եւ այսօր սառած տեղամասերով»: Այսինքն՝ ըստ էության, Պաշտպանության նախարարությունը եւս հաստատում է, որ առ այսօր առաջնագծի կահավորման համար որեւէ աշխատանք չի կատարվել, քանի որ 500 կմ-ից ավել առաջնագիծը հիմնականում ցուրտ բնակլիմայական պայմաններում է, բարձրադիր լեռնային ռելիեֆով:
Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպման է հրավիրել պետական բուհերի ռեկտորներին: Թեման «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքն է, որը օրենքի խախտմամբ 2 օր ուշացումով է ուղարկվել ՀՀ նախագահին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչ ռեկտորների հետ հանդիպումը նախագահը հանդիպել է նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանին՝ քննարկելու համար աղմկահարույց օրենքի նախագիծը: Նախարարը փորձել էր հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ Արմեն Սարգսյանը՝ հաշվի առնելով առկա քննադատությունները: Եվ Արմեն Սարգսյանը, այսպես ասած, փափուկ բարձ է դրել նախարարի գլխի տակ՝ ասելով, թե լուրջ խնդիրներ չի տեսնում: Սակայն այդ հանդիպումից հետո կառավարության համար պարզ դարձավ, որ Արմեն Սարգսյանը չի ցանկանում ստորագրել օրենքի նախագիծը, եւ ավելին՝ Ազգային ժողովի խախտման հետեւանքով աղմկահարույց օրենքի ճակատագիրն ընդհանրապես անհայտ է: Ինչպես հայտնի է, այդ օրենքի նախագիծը պետք է ուղարկեին մինչեւ մարտի 31-ը, այնինչ նախագահին ուղարկվել է ապրիլի 2-ին։ Սա նշանակում է, որ նախագահը չի կարող այն ստորագրել։ Եվ թերեւս նախագահի՝ ռեկտորների հետ հանդիպման նպատակը այս օրենքի շուրջ ստեղծված իրավիճակն է եւ ռեկտորների կարծիքն իմանալը։ Իսկ ռեկտորների մի մասը շատ արմատական է տրամադրված եւ պահանջելու է նախագահից այդ օրենքը չստորագրել՝ ուղարկելով ՀՀ սահմանադրական դատարան՝ որոշելու օրենքում առկա հակասահմանադրական ձեւակերպումները:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում նոր խմբավորումներ են ձեւավորվում: Խմբակցության այն անդամները, որոնք վստահ են, որ լինելու են հաջորդ ընտրացուցակի անցողիկ տեղում եւ, բնականաբար, խորհրդարանում, միավորվել են, առանձին «չատ» են բացել ու բացառապես այդ մի քանի հոգին են տեղեկանում, թե ընդհանրապես իրենց քաղաքական թիմը ինչ որոշումներ ունի, ինչ հարց կա օրակարգում եւ այլն: Մյուսները անտեղյակ են, որեւէ ինֆորմացիա չունեն, թե ինչ է կատարվում իրենց ներսում: Նկատենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ անձամբ թիմին նախընտրական ցուցակի մասին ոչինչ չի ասել, բայց տեղեկացվածները համապատասխան ակնարկները տեղ են հասցրել, ինչը հանգեցրել է 80 հոգանոց ֆրակցիայի մասնատման: Շատերն արդեն աշխատանք են փնտրում իրենց համար եւ գործադիր օղակի տարբեր ներկայացուցիչների մոտ խնդրում են ապահովել իրենց ապագա զբաղվածության հարցը: Մի քանիսն իրենց հարցերը գաղտնի քննարկում են խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ, նրա միջոցով փորձում իրենց ապագան նորովի կերտել: Կան մարդիկ, որոնք երկարաժամկետ վիզա չունեն, օտարերկրյա դեսպանատների հետ են աշխատում՝ մուտքի վիզաներ ստանալու եւ երկրից որեւէ պատրվակով դուրս գալու համար: