Հետհեղափոխական Հայաստանում այնպես է ստացվել, որ ուժային կառույցների բարձրաստիճան աշխատակիցները ստանում են գեներալի կոչում, սակայն մեծ շուքով կոչումներ ստանալուց հետո ազատվում են պաշտոնից եւ մնում գործազուրկ։
Առաջին մեկնարկը 2019 թվականին տվեցին ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Օսիպյանին շնորհվել էր ոստիկանության գեներալ-մայորի, իսկ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին էլ՝ գեներալ-մայորի զինվորական կոչում: Եվ, ահա, նոր կոչում ստանալուց երկու ամիս անց Արթուր Վանեցյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել, որն էլ հաստատվել էր: Իսկ, ահա, Օսիպյանը հեռացավ Արթուր Վանեցյանից երկու օր անց՝ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով եւ վարչապետի առաջարկությամբ:
Հաջորդ պաշտոնյան Ռազմական ոստիկանության նախկին պետ Արթուր Բաղդասարյանն էր: Նրան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից գեներալ-մայորի կոչում տրվեց հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ: Նոր կոչումից մեկ ամիս էլ չանցած՝ նրան պաշտոնանկ արեցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ: Արթուր Բաղդասարյանի պաշտոնանկությունը հաջորդել էր ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը, երբ անդրադարձ էր կատարվել վերջին շրջանում Զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպքերի հանգամանքներին եւ պատճառներին: Այսքանով ամեն ինչ չի ավարտվում: 2020 թվականին Պետական վերահսկողական ծառայության պետի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելու համար գնդապետի կոչում տվեցին, որին կարճ ժամանակ անց վարչապետը ազատեց պաշտոնից:
2020 թվականի հոկտեմբերի 15-ին գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհվեց, սակայն 4 ամիս անց նրան ազատեցին պաշտոնից:
2020 թվականին հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին եւ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանին շնորհեց Ազգային հերոսի կոչում: «ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը եւ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում մարտի դաշտում փառքով պսակեցին իրենց անունը եւ կարժանանան ազգային հերոսի կոչման:
Նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի»,-սոցցանցի իր էջում գրել էր վարչապետը, սակայն 4 ամիս անց Տիրան Խաչատրյանը ազատվեց պաշտոնից:
Դատելով կոչումներ ստացած պաշտնատար անձանց հետագա ճակատագրից՝ չի բացառվում, որ հիմա էլ հերթը հասել է ՀՀ ոստիկանապետին ազատելու գործընթացին:
Բանն այն է, որ ապրիլի 10-ին ոստիկանությունում տեղի է ունենալու կոլեգիայի ընդլայնված նիստ եւ, ըստ լուրերի, Վահե Ղազարյանին կշնորհվի ոստիկանության գեներալ-մայորի կոչում: Մեզ մնում է հետեւել իրադարձությունների ընթացքին՝ արձանագրելով, թե ինչ բախտի կարժանանա ներկայիս ոստիկանապետը:
2 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՏՈՒԳԱՆՔ
2020 թվականին Հատուկ քննչական ծառայությունը նախաքննության ավարտ էր հայտարարել 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանի հանրապետական կուսակցության թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տալու գործի հետ կապված: Ըստ քրեական գործի՝ նախորդ իշխանության օրոք իշխող ՀՀԿ-ի նախընտրական ցուցակի 75-րդ համարը զբաղեցրած անկուսակցական թեկնածու Ղուկաս Ուլիխանյանի օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու համար մեղադրվում է թեկնածուի եղբոր նախկին աշխատակիցը՝ Արթուր Բաբայանը։ Վերջինս ստորագրություն է տվել չբացակայելու համար, մեղադրանքը չէր ընդունում եւ հրաժարվել էր ցուցմունք տալ:
Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Արթուր Բաբայանը, ըստ քրեական գործի, այնպես է արել, որ իրենց դիմած թոշակառուի աչքերի վիրահատությունն իրականացվի պետական միջոցների հաշվին՝ պայմանով, որ նա պետք է ընտրի իր վերադասի՝ թաղապետ Արմեն Ուլիխանյանի եղբորը։ Քաղաքացին այդպես էլ արել է։ ՀՀԿ-ի՝ ակտիվ քարոզչություն ծավալած թեկնածու Ուլիխանյանը, սակայն, 2017-ի ընտրություններին խորհրդարան չի անցել։
Նախաքննության ընթացքում թոշակառու քաղաքացին հարցաքննվել է եւ պատմել է եղելությունը։ Նա, ըստ էության, ժամանակին իրեն քվեի համար դիմած Արթուր Բաբայանի դեմ ցուցմունք է տվել։ Ըստ իրավապահների՝ ընտրակաշառք վերցրած թոշակառուն ընդունել է, որ չունենալով բավարար միջոցներ աչքի վիրահատությունը կատարելու համար՝ դիմել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, որտեղ իրեն Արթուր Բաբայանը հայտնել է, որ կօգնեն վիրահատությունը պետական պատվերի շրջանակներում իրականացնելու համար, փոխարենը պահանջել է, որ ամբողջ ընտանիքով մասնակցեն 2017 թվականի ապրիլի 2-ին նշանակված Ազգային ժողովի ընտրություններին եւ կողմ քվեարկեն վարչական շրջանի ղեկավարի եղբոր` Ղուկաս Ուլիխանյանի օգտին:
Այս գործը քննվում էր դատարանում, եւ մինչ քրեական գործով դատաքննությունը սկսելը ամբաստանյալ Արթուր Բաբայանը միջնորդեց դատական քննությունն անցկացնել արագացված կարգով եւ հայտարարեց, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու բնույթը եւ հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է առաջադրված մեղադրանքի հետ: Ըստ այդմ, դատարանը որոշում կայացրեց Արթուր Բաբայանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ դատապարտել տուգանքի` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի` 2.000.000 միլիոն ՀՀ դրամի չափով, Արթուր Գեորգիի Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` «ստորագրությունը՝ չհեռանալու մասին» թողնել անփոփոխ մինչեւ դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Արթուր Բաբայանի գույքի վրա դրված կալանքը վերացնել:
Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
ԱՀԱԶԱՆԳ
Հոկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել էր հայ զինվորների քաջագործությունների շարքը: Նրանց թվում էր նաեւ 20-ամյա Հովհաննես Ասատրյանը՝ Շիրակի մարզից: Հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի ՀՄՄ-2-ի մեխանիկ-վարորդ, շարքային Հովիկ Հովհաննեսի Ասատրյանը, ցուցաբերելով մասնագիտական վարպետություն, ՀՄՄ-2-ով հմուտ խուսավարմամբ անցել է հակառակորդի թիկունքը եւ անվրեպ խոցել 4 զրահատեխնիկա:
ArmLur.am-ը զրուցել է նրա հորեղբոր՝ Հայկաձոր գյուղի բնակիչ Արտավազդ Ասատրյանի հետ, որը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Հովհաննեսը ո՛չ հայր ունի, ո՛չ մայր, եւ Հովհաննեսին մինչ օրս փնտրում են, սակայն չեն գտել: Վերջինիս հորեղբոր՝ Արտավազդ Ասատրյանի խոսքով՝ սեպտեմբերի 27-ի պատերազմից մինչեւ այսօր Հովհաննեսից նորություն չունեն:
«Մեր կառավարությունը ոչ մի բան էլ չի ուզում անի՝ հասկանալու համար, թե ուր են այդ երեխաները, մահացած են, գերի են, վիրավոր են, թե ինչ, ես շատ վրդովված եմ: Հովիկը երկողմանի ծնողազուրկ երեխա է, երկու եղբայր ունի՝ Նարեկն ու Խորենը: Ես մարզպետին դիմում եմ գրել, մարզպետը լավ մարդ է, բայց ոչ մի հարցով չկարողացավ օգնել, նամակ գրել եմ փոխվարչապետ Ավինյանին, պատասխան չկա, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին եմ նամակ գրել երկու անգամ, պատասխան չկա: Բոլոր փաստաթղթերը նրկայացրել եմ, ասում եմ՝ անհետ կորած երեխաների հարազատներին 6 ամիս 300 հազար դրամ գումար եք տալիս, Հովիկը ծնողներ չունի, տվե՛ք նրանց եղբայրներին, գազն ու լույսը անջատել են, ինձ ասում են՝ եղբայրները շահառու չեն, չենք կարող նրանց գումար տալ: Պատգամավորները նստում միլիոններ են առնում. եթե այդ երեխան շահառու չէ, ինչո՞ւ տարաք Ղարաբաղ, այսօր լույսի, գազի փող չեն կարողանում եղբայրները տալ: Մեր Հովիկը Ադրբեջանին տվել է մեծ վնասներ, մեր վայենկոմատը բերել մարտական խաչ է տալիս, ես քեզ խա՞չ եմ տվել, որ դու բերում ես խաչ ես տալիս, բերե՛ք մեր երեխուն: Դեմը ընտրություն է, ես չեմ թողնի մեր գյուղում ընտրություն անեն ու ամբողջ գյուղն էլ հետս, թող գան ինձ բռնել տան. գեղը կանգնի, գերան կկոտրի»:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԽՐՃՎԵԼ Է ԳՆԱՑՔԻ ՄԵՋ
Ապրիլի 8-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիմիտրով-Մխչյան ավտոճանապարհին՝ գնացքի գծերի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենան եւ բեռնատար գնացքը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Դիմիտրով գյուղի ուղեփակոցի մոտ գնացքը բախվել է «Daewoo Nexia» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ն. Հ., ծնված 1986 թ.) եւ մոտ 600 մ առաջ շարժվել. ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է: Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերել վարորդի դին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: