Հայաստանում պետական ուղղահայացը չի աշխատում։ Անտեղյակության եւ անկազմակերպվածության պատճառով ՀՀ իշխանությունները հերթական անգամ նախօրեին հայտնվեցին կոտրած տաշտակի առջեւ: Թերեւս մեկ «քլիք» ավել հավաքելու, «լայքեր» ստանալու կամ PR-ի ձգտումը ծանր հետեւանքներ ունեցավ պետական պաշտոնյայի համար: Բանն այն է, որ ապրիլի 8-ին իշխանամետ լրատվամիջոցներից մեկի կողմից տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանից գերիներ են տեղափոխվելու Հայաստան: Վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը հաստատեց լուրը՝ հավելելով. «Այսօր նախատեսվում է հայ ռազմագերիների վերադարձ Երեւան»: Ինքնաթիռը, սակայն, Հայաստանում վայրէջք կատարեց դատարկ:
Իրավիճակը երեկ ավելի թեժացրեց ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը՝ հայտնելով, որ գերիների վերադարձի հարց պլանավորված չի եղել, ինքնաթիռի վայրէջքը եղել է սովորական աշխատանքային այց: Ահա այստեղ էլ հարց է առաջանում՝ ինչու էր վարչապետի խոսնակը շտապում չճշտված հայտարարություն անել։ Ինչո՞ւ էր շտապում ասել, թե գերիներ են գալու, եթե չէր ճշտել նախապես՝ նրանք ինքնաթիռում են, թե ոչ։ Ի վերջո, ՀՀ վարչապետի խոսնակը պարտավոր է միայն ճշգրտված տեղեկություն հայտնել, այլ ոչ թե խաղալ իրենց որդիներին կորցրած ծնողների հույզերի, զգացմունքների հետ։
Բայց երեկ ավելի զավեշտալի էին պաշտոնական մեկնաբանությունները, որոնք հնչում էին՝ որպես իրավիճակի արդարացում, բացատրություն։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով իրավիճակը, «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է. «Մենք հույս ենք փայփայել, ամեն օր սպասում ենք, որ ինքնաթիռով մեր գերիները կվերադառնան, բայց պետք է նշեմ՝ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից նման հայտարարություն չի եղել: Այնուամենայնիվ, ես համարում եմ, որ նման ապատեղեկատվության համար պետք է ներողություն խնդրենք մեր համաքաղաքացիներից եւ ծնողներից»։ Նկատենք՝ Ալեն Սիմոնյանի մեկնաբանությունն ամենեւին չի մեղմում իրավիճակը, քանի որ ՀՀ վարչապետի խոսնակն ապատեղեկատվություն տարածող չպետք է լինի որեւէ պարագայում։ Ցանկացած այլ երկրում այսպիսի խայտառակությունից հետո պետք է հրաժարականներ լինեին, սակայն երեկ ողջ օրը նման տեղեկություն չստացվեց: Երեկ՝ վաղ առավոտից, «Ժողովուրդ» օրաթերթը փորձում է հենց Մանե Գեւորգյանից նախ հասկանալ՝ իր հայտարարության հիմնավորումն ինչի վրա էր կառուցված, եւ երկրորդ՝ պարզել Գեւորգյանից՝ չի պատրաստվում արդյոք հրաժարական տալ: Նա, սակայն, ուղղակի անհետացել է, իսկ ՊՆ շենքը շարունակում է պաշարված մնալ։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի գործով քննիչն առաջիկայում ազատման դիմում է գրելու նոր մեղադրանք առաջադրելու հրահանգը չկատարելու պատճառով։ Այս լուրը լսելուց հետո ՀՀ հատուկ քննչական ծառայությունում գերլարված իրավիճակ է։ Տեղեկացանք, որ նախօրեին մեծ վեճ է եղել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եւ ՀՔԾ քննիչ Բորյա Չիլինգարյանի միջեւ։ ՀՔԾ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Խաչատրյանը մարտի վերջին Չիլինգարյանին հրահանգել էր մեղադրանք առաջադրել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին եւ նրան կալանավորելու միջնորդության հիմքեր գտնել։ Չիլինգարյանը հրաժարվել էր կատարել հրահանգը՝ ասելով, որ հիմքեր չկան, եւ ինքը չի պատրաստվում ապօրինություն կատարել։ Սասուն Խաչատրյանը նրան ժամանակ էր տվել՝ սպառնալով հեռացնել համակարգից։ Երեկ քննիչին տրված ժամանակի լրանալու կապակցությամբ կորոնավիրուսով մեկուսացած Սասուն Խաչատրյանը զանգել է Չիլինգարյանին՝ պարզելու, թե արդյոք իր հանձնարարականը կատարվել է, սակայն Չիլինգարյանը կրկնել է, որ չի պատրաստում ապօրինություններ անել: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Չիլինգարյանն իր մերձավոր շրջապատում ասել է, որ առաջիկայում, սեփական դիմումի համաձայն, ազատվելու է աշխատանքից՝ վերադառնալով փաստաբանի մասնագիտությանը։ Առաջիկայում ազատման դիմումներ են գրելու նաեւ այլ հնչեղ գործերով քննիչներ, որոնց նախընտրական շրջանում ստիպում են նոր քրեական գործեր հարուցել Փաշինյանի ընդդիմախոսների դեմ։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ լուրջ տարաձայնություններ են առաջացել «Մարտի 1»-ի գործով քննիչ Հրաչ Մուշեղյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի միջեւ։ Մուշեղյանը պահանջել էր Խաչատրյանին իրեն տրվող բոլոր հանձնարարականներն այսուհետ տալ գրավոր եղանակով:
Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը դեռեւս անցյալ տարի քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածով՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի կողմից խախտում կատարելու առթիվ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՔԾ-ն կարճել է դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով: Դատավոր Կարինե Պետրոսյանը բողոքարկել է ՀՔԾ-ի որոշումը դատարանում, քանի որ ՀՔԾ-ի որոշմամբ հղում չի կատարվել շատ կարեւոր հանգամանքի։ Բանն այն է, որ քրեական գործը հարուցվել է 308 հոդվածի հատկանիշներով , այսինքն՝ կոնկրետ պաշտոնատար անձի կողմից դիրքի հնարավոր չարաշահման կապակցությամբ, սակայն դատավորի անունը որոշման մեջ չի նշվել, որպեսզի շրջանցեն ԲԴԽ-ից թույլտվություն ստանալու արգելքը: Չէ՞ որ առանց ԲԴԽ-ի համաձայնության դատավորի նկատմամբ քրեական գործ չի կարող հարուցվել: Եվ հիմա դատավոր Պետրոսյանը կարճման որոշումը բողոքարկել է դատարանում, որպեսզի այսուհետ բացառվեն դատավորի նկատմամբ հարուցվող քրեական գործերով ԲԴԽ համաձայնության արգելքը անտեսելը:
Հայաստանում այս տարվա հունվար-փետրվար ամիսներին արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացել է 2973 մարդ: Այս հիվանդությունների մեջ առավել վատ ելք են ունենում սրտամկանի ինֆարկտը եւ ինսուլտը: Մեր մասնագետների խոսքերով՝ սրտի իշեմիկ հիվանդությունը եւ սրտամկանի ինֆարկտը երիտասարդացել են: Միայն հունվար ամսին այս հիվանդությունից մահացել է 1638 մարդ: Հայաստանում գրանցված մահացության դեպքերի մոտ կեսի պատճառը եղել են հենց արյան շրջանառության համակարգի հիվանդությունները: Ըստ մասնագետների՝ այս փուլում հիվանդության խնդրի առաջ է կանգնում 90-ական թվականների սերունդը, դրանից բացի, երիտասարդների մոտ հաճախացել են դեպքերը, երբ նրանք օգտագործում են թմրանյութեր: Մահվան ամենատարածված պատճառներից հաջորդը նորագոյացություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները: Քաղցկեղից այս տարվա երկու ամիսներին մեր հանրապետությունում մահացել է 834 մարդ: Թեեւ, նախորդ տարվա համեմատ, քաղցկեղից մահացության դեպքերի քանակը 115-ով պակասել է, այնուամենայնիվ, այս ցուցանիշները մտահոգիչ են: