«Երբ Ադրբեջանը հետախուզական արբանյակ էր գնում, Հայաստանի իշխանությունները գնում էին հողամասեր հունական կղզիներում»,- Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա խորհրդարանում էր՝ ներկայացնելու Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։ Հայաստանում ռազմաարդյունաբերական համակարգը սկսել է ձեւավորվել 2016 թվականի ապրիլից՝ Ադրբեջանից 11 տարի ուշացումով։
«2017 թվականին Ադրբեջանն ուներ երկու արբանյակ, որոնցից մեկը՝ հետախուզական, որը գնել էր։ Այո՛, Ադրբեջանը հետախուզական արբանյակ էր գնում, իսկ Հայաստանի իշխանությունները գնում էին հողամասեր հունական կղզիներում, եվրոպաներում, այնտեղ, որտեղ հնարավոր էր։ Ուրեմն պետք է արձանագրել, որ նրանք տանուլ են տվել պետության ինստիտուցիոնալ կայացման հարցում՝ պետությունը վերածելով մի մաֆիոզ կառույցի, որը քամում է Հայաստանի կենսական միջոցները, ու էդ մաֆիոզ կառույցները մինչեւ էսօր իրենց շոշափուկներն ունեն ամենուր՝ սկսած դատական համակարգից, վերջացրած, ցավոք սրտի, մինչեւ անգամ Զինված ուժերում», -հայտարարեց Փաշինյանը:
Փաշինյանը վստահեցրեց՝ Լելե Թեփեի վրա գրոհի առաջարկը եւ որոշումը եղել է գեներալներինը, ինքը կարծիք այդ մասին երբեք չի հայտնել. «Ասում են՝ ես որոշում եմ կայացրել՝ այ Սերժ Սարգսյանը Լելե Թեփեն հանձնել է, ես ասել եմ՝ գնացե՛ք, գրավե՛ք, եւ էդ համատեքստում 700 զոհ է եղել։ Կատարյալ անհեթեթություն։ Էդ օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ, այդ առաջարկն ընդունելի է համարել գեներալ, այդ առաջարկը կյանքի կոչելու, իրականացնելու հնարավորությունը կայացրել է գեներալ, եւ այդ որոշումը կայացրել է գեներալ, եւ այնպիսի գեներալներ, որոնք էդ պահին էդ որոշումն իրականացնելու հնարավորությունն ունեցել են։ Այո՛, ես քննարկումների մի հատվածին ներկա եմ եղել, ես մոդերացիա եմ արել խոսակցությունը եւ սեփական կարծիք չեմ հայտնել, ես հարցրել եմ՝ դու ի՞նչ կարծիքի ես, դու ի՞նչ կարծիքի ես, եւ ամենաբարձրաստիճանին եմ հարցրել, ասել է՝ լավ միտք է, որից հետո տվել է հանձնարարական, գնահատել է իրադրությունը, զեկուցել եւ ասել է՝ այո՛, դա պետք է եւ կարելի է անել»։
Ինչ վերաբերում է պատերազմի դրվագներին, ապա, ըստ վարչապետի, դրանք պետք է օբյեկտիվ քննվեն. «Ես պատրաստ եմ, սկսած իմ բոլոր գործողություններից, վերջացրած բոլորի գործողություններով, բայց դա պետք է լինի օբյեկտիվ քննություն»։ Քննարկվում է Սյունիքում ռուսական 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու հարցը. Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ- ռուսական ռազմական դաշինքն է. նշեց վարչապետը՝ ընդգծելով՝ դրանք ամրապնդված են մի քանի տասնյակ ռազմավարական բնույթ ունեցող միջազգային պայմանագրերով եւ փոխադարձ դաշնակցային պարտավորություններով։
«Այս առումով Հայաստանի անվտանգության համար գործնական կարեւոր նշանակություն ունեն հայ-ռուսական միացյալ զորախմբավորումը եւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միացյալ համակարգը։ Այս երկու համակարգերը, ձեւավորած պայմանագրերի տրամաբանությամբ հարձակումը Հայաստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա, եւ երկու երկրները համատեղ պետք է դիմակայեն արտաքին մարտահրավերները»,- ասաց վարչապետը։
Նա ընդգծեց, որ այս համատեքստում մեկնարկել է նաեւ Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ գործընթացը, որը կներառի նախ կառուցվածքային, ապա՝ բովանդակային փոփոխություններ։
«Ռազմավարական հեռանկարում մենք պատկերացնում ենք, որ լրջորեն պետք է քննարկենք Հայաստանի Հանրապետության անցումը պրոֆեսիոնալ բանակի, եւ ժամկետային կամ զորահավաքային զինծառայության կառուցվածքը պետք է էականորեն կարողանանք փոխել։ Բացի դա, մենք քննարկում ենք Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները հարստացնելու հարցը, նաեւ արդյունավետ քննարկումներ ենք ունենում Ռուսաստանի մեր գործընկերների հետ Սյունիքի մարզում 102-րդ ռազմաբազայի հենակետ ունենալու վերաբերյալ։
Հեռանկարում մենք պատկերացնում ենք, որ Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պաշտպանությունը, որն իրականացնում է Զինված ուժերը, կդրվի սահմանապահների վրա, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն բացարձակապես մարտական պատրաստության եւ մարտունակության բարձրացման հարցերով։ Արցախի անվտանգությունը կշարունակի իրականացնել Պաշտպանության բանակը՝ ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ», – ասաց Փաշինյանը։
Ն.Հ.
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, Միավորված աշխատանքային կուսակցության հիմնադիր-նախագահ Գուրգեն Արսենյանին, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության համահիմնադիր Դավիթ Սանասարյանին եւ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին: Նշված կուսակցություններն Ազգային ժողովի ընդունած եւ հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ օրերս հայտարարությամբ դիմել էին Հանրապետության նախագահին: Նախագահի հետ հանդիպմանը կուսակցությունների ղեկավարները ներկայացրել են օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրենց մոտեցումներն ու դիրքորոշումները:
ՀԱԿԱԴԱՐՁ ՎԱՅՐԷՋՔ
Մոսկվա-Անթալիա չվերթն իրականացնող ինքնաթիռն ուղեւորներից մեկի ինքնազգացողության վատացման պատճառով Կրասնոդարում հարկադրված վայրէջք է կատարել. ուղեւորին հոսպիտալացրել են։ Օդանավակայանի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ 26-ամյա ուղեւորուհու ինքնազգացողության վատացման պատճառով Մոսկվա-Անթալիա ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել, որից հետո օդանավակայանում շտապ բժշկական օգնություն է ցուցաբերվել: Ուղեւորուհին 4 հարազատի ուղեկցությամբ հոսպիտալացվել է առաջին քաղաքային հիվանդանոց։
ԿԱԴՐԱՅԻՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Դավիթ Սողոմոնյանին Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Դավիթ Սողոմոնյանն այս պաշտոնին նշանակվել էր 2019 թվականին դեկտեմբերի 16-ին։ Նիկոլ Փաշինյանը Խաչատուր Կիրակոսյանին նշանակել է միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար:
ԿԱՐԳԱԼՈՒՅԾ Է ՀՌՉԱԿՎԵԼ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Սիփան վարդապետ Գեւորգյանը՝ ծառայության վայրն ինքնակամ լքելու կարգազանց ընթացքի համար։ Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արթուր Գեւորգյան ավազանի անունով:
ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԷՐ
Ապրիլի 13-ին Ազգային ժողովում քննարկվում էր Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի նշանակման հարցը: ՀԾԿՀ անդամի պաշտոնում առաջադրվել էր Լեւոն Բունիաթյանի թեկնածությունը: Իշխանական ֆրակցիային չհաջողվեց իրենց առաջադրած թեկնածուին անցկացնել կամ ցանկություն չունեցան անցկացնել: ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Լեւոն Բունիաթյանի թեկնածությունն առաջարկել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը: Պարզվում է՝ պատգամավորն է երաշխավորել, որ ՀԾԿՀ անդամ կարող է դառնալ Բունիաթյանը, սակայն Գեւորգյանի կարծիքը կիսել են ընդամենը 13 պատգամավոր, իսկ մյուսները մերժել են: Արդյունքում Գեւորգյանի թեկնածուն երեկ չընտրվեց: Մենք փորձեինք այս հարցերի շուրջ զրուցել Հայկ Գեւորգյանի հետ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:
ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԳՈՐԾԵԼ
Վարդենիս քաղաքի հիվանդանոցը կհագեցվի նոր տեխնիկայով եւ բարձր մակարդակով կշարունակի գործել: Այս մասին Ազգային ժողովում ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին: «Վարդենիսի հիվանդանոցի հետ կապված՝ կայացվել է որոշում, եւ այդ հիվանդանոցը կշարունակի գոյություն ունենալ, զարգանալ, քաղաքացիական հիվանդանոց կլինի, կհագեցվի նոր տեխնիկայով, կնորոգենք, եւ ամենաբարձր մակարդակով այդ հիվանդանոցը կշարունակի գործել»,- ասել է Փաշինյանը: Վարչապետը հավելել է, որ քաղաքացիական հիվանդանոցները հատկապես մեծ եւ արդյունավետ աշխատանք են իրականացրել ռազմական դրության ընթացքում:
ՓՈՂԻ ՀՈՍՔԸ ՆՎԱԶԵԼ Է
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ այս տարվա փետրվարին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 30 միլիոն 916 հազար դոլար: Նկատենք, որ, հունվար ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի` տրանսֆերտների զուտ ներհոսքը նվազել է 1 միլիոն 393 հազար դոլարով, իսկ, ահա, նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա համեմատ՝ նվազումը կազմել է 34 մլն 760 հազար դոլար: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ փետրվարին տրանսֆերտները շարունակել են նախորդ տարվա դեկտեմբերի եւ այս տարվա հունվարի համեմատ նվազել: Բացի այս, նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը փետրվար ամսին կազմել է 23 մլն 434 հազար դոլար։ Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են: Այն, հունվար ամսվա համեմատ, 4 մլն 529 հազար դոլարով ավելացել է: Մասնագետների խոսքերով՝ այս աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր հայրենակիցների մեծ մասը փետրվարի 1-ից մեկնել են ՌԴ արտագնա աշխատանքի եւ արդեն կարողանում են գումար ուղարկել հարազատներին: Ի դեպ, ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքն է ավելացել. եթե այս տարվա հունվարին այն կազմել է 18 մլն 668 հազար դոլար, ապա փետրվարին դարձել է 23 մլն 146 հազար դոլար։