«Առհասարակ, Ադրբեջանի նախագահի «պուրակի» բացմանը եւ երեկվա ելույթներն ինչպես էթնիկ, այնպես էլ կրոնական հիմքերով Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության, ողջ հայ ժողովրդի նկատմամբ պետական բարձր մակարդակով ատելության ու թշնամանքի, ֆաշիզմի քաղաքականության ապացույց են»,- հայտարարում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահի ելույթներից որոշ մեջբերումներ ներկայում թարգմանվում են, համապատասխան ընդգծումներով կուղարկվեն միջազգային, այդ թվում՝ իրավապաշտպան միջպետական կառույցներին, ինչպես նաեւ կօգտագործվեն Պաշտպանի վերլուծություններում եւ իրավապաշտպան առաջարկներում:
Ըստ Թաթոյանի՝ Ալիեւի ելույթներում անընդհատ ընդգծվում է Ադրբեջանի ժողովրդի առավելությունները (բարոյականություն, մտավոր կարողություններ եւ այլն) Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության, ողջ հայ ժողովրդի նկատմամբ՝ ի հաշիվ արժանապատվության հրապարակային նվաստացման եւ պատմական փաստերի բացահայտ աղավաղման: Թաթոյանի համոզմամբ՝ սրանք են հենց ադրբեջանական վայրագությունների ու դաժանությունների, խոշտանգումների հիմքում ընկած ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության հիմքերը:
Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ Թաթոյանը հատուկ ընդգծել է՝ Հայաստանի որեւէ ժամանակաշրջանի իշխանություն երբեւէ Ադրբեջանի ժողովրդի, Ադրբեջանում ապրող սովորական մարդկանց նկատմամբ ատելության կամ թշնամանքի պետական քաղաքականություն չի վարել ու չի վարում:
Արման Թաթոյանը Ալիեւի ելույթներից հատվածներ է հրապարակել, որոնք ներկայացնում ենք ստորեւ.
մեջբերումներ երեկվա ելույթից (ք. Բաքու, 12 ապրիլ, 2021թ.). «Մենք աշխարհում ներկայացել ենք` որպես հաղթող ժողովուրդ, մինչդեռ Հայաստանը պարտված երկիր է, մեր առջեւ ծնկի եկած երկիր, գլուխն ու վիզը ծռած երկիր է եւ միշտ այդպես կլինի»:
Մեջբերումներ ելույթից՝ «Նոր հայացք Հարավային Կովկասին. Զարգացումն ու համագործակցությունը հակամարտությունից հետո» վերտառությամբ միջոցառմանը ADA համալսարան (Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի համալսարան, ք. Բաքու, 10-13 ապրիլ, 2021թ.). «Մենք ուզում ենք՝ երիտասարդ սերունդն իմանա, որ Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողն է։ Զանգեզուրը Հայաստանին է տրվել 1920 թվականին՝ 101 տարի առաջ։ Մինչեւ դա այդ տարածքը մերն էր։ Գյոյչա լիճը նրանք անվանում են Սեւանա լիճ։ Ընդամենը նայեք 20-րդ դարի սկզբի քարտեզին, եւ դուք այնտեղ Սեւան չեք տեսնի։ Նույնը վերաբերում է նաեւ Իրեւանին (Երեւանին)։ Նրանք ավերել են Իրեւանի պատմական հատվածը։ Դա ակնհայտ փաստ է, ադրբեջանցիները, այդ թվում՝ իմ նախնիները, ապրել են այնտեղ։ Ես ասել եմ, որ մենք վերադառնալու ենք այնտեղ։ Ես չեմ ասել, որ վերադառնալու ենք տանկերով։ Ասել եմ, որ վերադառնալու ենք»։
1075 ՆՈՐ ԴԵՊՔ
Ապրիլի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 205128 դեպք, որոնցից 184243-ը` առողջացած, 3794-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16134 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 915473 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 5869 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1075 նոր դեպք: Ունենք 583 առողջացած եւ 19 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 957 է:
ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունից իրազեկում են, որ հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի, Մարտունու շրջանի Քաջավան տեղամասի եւ Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներում: Ռազմագործողությունների ընթացքում թիրախավորված հրետակոծության հետեւանքով Արցախի ամբողջ տարածքում դեռեւս կան կյանքի համար վտանգ ներկայացնող պայթուցիկ առարկաներ, զինատեսակների մնացորդներ:
ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐ
Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ Բելառուսը կարող է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Մեր նպատակն է ամրապնդել վստահության միջոցառումները Հայաստանի հետ, եւ հույս ունենք, որ Բելառուսը՝ որպես մեր ընկեր, փորձված դաշնակից, ակտիվ մասնակցություն կունենա եւ ոչ միայն տարածքների վերականգնման հարցում»,- հայտարարել է Իլհամ Ալիեւը։ Վերջինս մանրամասնել է. «Բելառուսը՝ որպես Հայաստանի գործընկեր եւ ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում դաշնակից, ինչպես նաեւ Ադրբեջանի մտերիմ երկիր, կարող է կարեւոր դեր խաղալ նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ շփումների հաստատման հարցում»։