Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Բաքու կատարած այցից հետո կրկին ակտիվացան Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին քննարկումները։ Մասնավորապես, Բաքվում Բելառուսի նախագահի հետ կայացած բանակցությունների ժամանակ Իլհամ Ալիևը հույս էր հայտնել, թե Մինսկը որպես հայերի և ադրբեջանցիների դաշնակից կարող է լուրջ դերակատարություն ունենալ հայերի և ադրբեջանցիների միջև հաշտեցման միջոցառումների գործում։
Բաքու այցից հետո Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել նախ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և, Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն, քննարկել նաև Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, իսկ հետո էլ խոսել է Ղազախստանի առաջին նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։
Այս ամենից անմասն չի մնացել ռուսական մամուլը եւ տարբեր հոդվածներում շեշտվում է, որ հայերի և ադրբեջանցիների միջև հաշտեցմանն ավելի հեշտ կլինի հասնել Եվրասիական տնտեսական միության շրջանակում։ Օրինակ RBC-ն, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե Եվրասիական տնտեսական միության երկրները քննարկում են ապրիլի 29-30-ը Կազանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցությունը։
Սակայն կազմակերպության կանոնների համաձայն՝ նման մասնակցության համար պարտադիր է ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների, այսինքն՝ նաև Հայաստանի համաձայնությունը։ RBC-ն գրում է, թե Հայաստանը համաձայն է երկաթուղու կառուցմանը, որը կապելու է Ադրբեջանն ու Նախիջևանը երկրի հարավում Մեղրիի տարածքով, սակայն պնդում է, որ դրա հետ միաժամանակ սկսվի Իջևանի տարածքով երկաթգծի վերականգնումը: Ռուսական լրատվամիջոցի փոխանցմամբ, հայկական կողմի համար մեծ խնդիր է ռազմագերիների վերադարձը եւ շեշտում է՝ հայկական կողմն արդեն ցուցակ է կազմել, որում ներառված է 200 անուն, ցուցակը հանձնվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին։
Վերջին տարիներին ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցը պարբերաբար քննարկվել է Մոսկվայում, սակայն պաշտոնական Բաքուն նման մտադրության մասին չէր հայտարարում, իսկ Ղարաբաղյան պատերազմից հետո Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը հայտարարել էր, թե ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հիմնական խոչընդոտը ղարաբաղյան հակամարտությունն էր, և այսօր, երբ այդ խոչընդոտը, նրա խոսքով, արդեն չկա, անդամակցության մասին կարելի է լուրջ խոսել։
Մանրամասները՝ տեսանյութում