ՎԱՐՁԱՏՐՎԵԼ Է ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 6-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ քննչական դեպարտամենտում տվյալներ  են ձեռք բերվել այն մասին , որ ՀՀ քաղաքացին նախկինում բազմիցս գտնվել է Թուրքիայի Հանրապետությունում, որի ընթացքում արդեն հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում եւ հավաքագրվել նշված կազմակերպության ներկայացուցչի կողմից: Այնուհետեւ վերադառնալով մշտական բնակության վայր՝ Հայաստան, Թուրքիայում բնակվող իր ծանոթի միջոցով օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցին է փոխանցել իր բջջային հեռախոսահամարը:

 

Վարձատրության դիմաց, ի վնաս Հայաստանի, Արցախի Հանրապետության, տեղեկություններ է տրամադրել: Հայաստանի Հանրապետության քաղաքացին հավաքել է պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տվյալներ, ինչպես նաեւ այլ բնույթի տեղեկություններ, որոնք ինչպես անձամբ, այնպես էլ կնոջ միջոցով օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցի հետ համացանցային կապի ընթացքում փոխանցել է վերջինիս եւ դրա դիմաց որպես վարձատրություն ստացել շուրջ 1500 ԱՄՆ դոլար գումար:

Նկարագրված արարքները կատարելու համար նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում Հայաստանի Հանրապետության քաղաքացին ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Պետական դավաճանությանն օժանդակելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ ՀՀ քաղաքացու կինը, ում նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց:

Առաջադրված մեղադրանքներում մեղադրյալներն իրենց լիովին մեղավոր են ճանաչել եւ տվել խոստովանական ցուցմունքներ:

Այսպիսով, Armlur.am-ին մանրամասներ են հայտնի է դարձել, թե ովքեր են վերոնշյալ անձինք: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ  մեղադրյալի աթոռին են հայտնվել Լոռու մարզի բնակիչներ Մայիս Սահակյանն ու Ստելլա Սարգսյանը: Նրանց  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Մայիս Սահակյանը կնոջ՝ Ստելլա Սարգսյանի օժանդակությամբ լրտեսության, ռազմական բնագավառում պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաեւ թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքայինան անձեռնամխելիության եւ արտաքին անվտանգության: Մայիս Սսահակյանը կալանավորված է, իսկ Ստելլա Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:

 

 

ՓԱԹԵԹՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

2021 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի տեղանքի զննության արդյունքում քողարկող երկու պատերի միջնամասից հայտնաբերել են ներնետված երկու փաթեթ՝ պարուրված կպչուն ժապավենով: Ըստ ՀՀ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի՝ փաթեթներից մեկում առկա են եղել «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,7 գրամ քաշով կոշտ եւ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,5 եւ 0,7 գրամ քաշերով առանձնացված զանգվածներ, կրակայրիչ, ինչպես նաեւ փաթեթի ծանրությունն ապահովելու համար նախատեսված երկաթյա խողովակի կտոր: Մյուսում հայտնաբերվել են բջջային հեռախոսի էներգակուտակիչ, 2 USB լար եւ պոլիէթիլենային տարա, որում առկա է եղել կոնյակին բնորոշ հոտով, մուգ դարչնագույն հեղուկ։ Փաթեթին ամրացված է եղել նաեւ մոտ 50 սմ երկարությամբ հաղորդալար՝ այն ավելի նպատակային նետելու համար: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՄԻՊ-Ի ՀԵՏ

Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման եւ վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանում ապրիլի 12-ին կայացել է քննարկում, որի ընթացքում հատուկ զեկույցով հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա կարեւորել է Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը, որը հնարավորություն կտա խուսափել հետագա նոր հանցագործություններից: Ինչպես տեղեկացրին ՄԻՊ գրասենյակից, քննարկման նախաձեռնությունը եղել է Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասինը, որը եւս հանդես է եկել զեկույցով: Մասնակցել են նաեւ Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայկական կողմի բոլոր գերիների անհապաղ վերադարձի հարցով ապրիլի 9-ին դիմել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե:

 

 

ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ՄԱՀ՝ ԲԱԳՐԱՏԱՇԵՆՈՒՄ

Ապրիլի 14-ին Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն գյուղում մահացել է 1951թվականին ծնված Ալիկ Աղեկյանը։ Նրա տղան՝ Ռոմիկ Աղեկյանը, 2020թ. Արցախում տեղի ունեցած պատերազմում կորցրել է ոտքը, նրա ոտքը պրոթեզավորվել էր, շունը տիրոջ մոտ հիվանդանոց էր գնացել, այդ տեսանյութը տարածված էր համացանցում։ Ալիկ Աղեկյանի մահը շատերի կողմից որպես սպանություն է դիտակվում, իրականում նա մահացել է իր բնակարանի առաջ վայր ընկնելու, գլխուղեղի վնասվածքի հետեւանքով։ Բագրատաշենի բնակիչները չգիտեն, թե ոտքի վնասվածք  ունեցող, ոգելից խմիչքի հակում ունցող Ալիկ Աղեկյանի մահը դժբախտ պատահար է արդյոք, թե  հանցագործության հետեւանք։ Նա դեպքից մի ամիս առաջ ապրում էր Ճամբարակում՝ իր քրոջ մոտ, 2020թ. աշնանը՝ Արցախում տեղի ունեցած պատերազմի ժամանակ,  Ալիկի կինն էր մահացել։

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

ՏԻՄ-ԵՐ ՉԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ

Իջեւան համայնքի ղեկավար Վարդան  Ղալումյանը 2019թ. սեպտեմբերի 6-ին հրաժարականի դիմում ներկայացրեց, իսկ մինչ այդ ՀՀ քննչական կոմիտեն նրան  մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ  առերեւույթ չարաշահումների համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Այս քրեական գործով մինչ այժմ դատավարություն չի կայացել։ Վ. Ղալումյանի հրաժարականից հետո վարչապետ Նիկոլի Փաշինյանի  կողմից  2019թ. սեպտեմբերի 12-ին Իջեւան  համայնքի  ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը։ Վերջինս մինչեւ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվելը «Հայէկոնոմբանկ»-ի Իջեւանի մասնաճյուղի տնօրենն էր։ Հայկ Ղալումյանի եղբայր, Նիկոլ Փաշինյանի  մանկության ընկեր  Վահե Ղալումյանը Տավուշի մարզից  ԱԺ պատգամավոր է, վերջերս էլ ընտրվեց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ։ 2019 թվականից առ այսօր չի հաջողվում Իջեւան խոշորացվող համայնքում ընտրություններ անցկացնել, դրանք տարբեր պատճառաբանություններով հետաձգվում են։ Մինչեւ  կորոնովիրուսի համավարակը նախապես հայտարարված ընտրությունները  հետաձգվեցին, որի պատճառը Իջեւանում ծառահատումների դեմ իրականացված բողոքի զանգվածային ակցիաներից հետո Նիկոլ  Փաշինյանի վարկանիշի կտրուկ անկումն էր, ինչը կասկածի տակ էր դնում Հայկ Ղալումյանի՝ համայնքի ղեկավար ընտրվելը։

2020թ. մարտի 14-ին նշանակված ընտրությունները հետաձգվեցին կորոնավիրուսի համավարակի պատճառով,  ընտրությունների օր նշանակվեց 2020թ. նոյեմբերի 5-ը։     Կառավարությունը, պայմանավորված Հայաստանում տիրող ռազմական դրությամբ,  հերթական անգամ հետաձգել է Իջեւան խոշորացվող համայնքում ընտրությունների անցկացումը։ Տավուշի մարզում, բացի Իջեւանից, բոլոր տարածաշրջաններում  համայնքները խոշորացված են, առկա  են խոշորացված Բերդ, Դիլիջան, Նոյեմբերյան, Կողբ եւ Այրում համայնքները։

Իջեւան խոշորացված համայնքի կազմի մեջ է մտնելու Իջեւան քաղաքային համայնքը եւ 17  գյուղական համայնք՝ Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ներքին Ծաղկավան, Կիրանց, Սարիգյուղ, Սեւքար, Վազաշեն։ Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվել է Տավուշի մարզպետ, նրա տեղակալ Արթուր Ճաղարյանը՝ Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս