ԴԻՄԵԼ Է ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՎ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՀՋՖ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ArmLur.am-ին փոխանցել է բացառիկ դիմում-հայտարարություն.

 

«ՀՀ Ազգային ժողովի նախագահ պարոն Արարատ Միրզոյանին,

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Անդրանիկ Քոչարյանին,

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար տիկին Լիլիթ Մակունցին,

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար պարոն Գագիկ Ծառուկյանին,

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար պարոն Էդմոն Մարուքյանին,

2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական կոալիցիայի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի դադարեցումից հետո անցել է ավելի քան հինգ ամիս։ Այդ ողջ ընթացքում մեր հասարակության տարբեր շերտերի մոտ բազմաթիվ հարցեր են կուտակվել` պատերազմից առաջ, դրա ընթացքում, ինչպես նաեւ զինադադարի կնքումից հետո տեղի ունեցած բազմաթիվ իրադարձությունների, դրանց համատեքստում ՀՀ եւ Արցախի Հանրապետության զինված ուժերի եւ պետական ղեկավարման մարմինների կողմից ընդունված տարաբնույթ որոշումների եւ իրականացված գործողությունների վերաբերյալ։ Հանրային լրատվության միջոցները հեղեղված են տարաբնույթ տեղեկություններով, գնահատականներով, բացահայտումներով, դավադրապաշտական տեսություններով։ Դրան վերջին շրջանում ավելացել են որոշ պետական մարմինների կողմից հատվածաբար գաղտնազերծվող եւ հանրայնացվող տեղեկությունները (մասնավորապես` ԱԽ քարտուղարության կողմից ս?թ? ապրիլի 15-ին հրապարակված ԱԽ նիստերի արձանագրությունների ընտրովի հատվածները, որոնք ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը` դրանով միտումնավոր խեղաթյուրելով իրականությունը, որն էժանագույն վարքագծի դրսեւորում է ՀՀ գործող իշխանության կողմից)։

Այս ամենն իրական սպառանալիք է դարձել մեր ազգային անվտանգության համար, խարխլում է մեր հանրային համերաշխությունը, բարոյալքում է մեր զինված ուժերը եւ, որպես հետեւանք, խոցելի է դարձնում մեր պետությունը թշնամու հետագա հնարավոր ոտնձգությունների առաջ։

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը ողջ այս ընթացքում առավելագույն զսպվածություն է դրսեւորել այս հարցում, խուսափել է որեւէ կերպ հանրայնացնել պատերազմին վերաբերող եւ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը, սակայն վերջին շրջանում ավելացող շահարկումները, որոշ պետական եւ քաղաքական գործիչների կողմից հնչեցվող անպատասխանատու հայտարարությունները եւ գաղտնի տեղեկատվության արտահոսքը անհրաժեշտ են դարձնում իրավականորեն կանոնակարգել անցած պատերազմին առնչվող բոլոր հանգամանքների պետական քննության գործընթացը առավելագույն անաչառություն, համակարգվածություն եւ մասնագիտական խորություն ապահովելու նպատակով։ Այդ իսկ պատճառով դիմում եմ ձեզ՝ ՀՀ Սահմանադրության 108 հոդվածի 4-րդ կետով ձեզ վերապահված լիազորությունների շրջանակներում անհապաղ նախաձեռնելու 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծում։ Համոզված եմ, որ այդպիսի հանձնաժողովի աշխատանքը հնարավորություն կտա բացահայտել անցած պատերազմի հետ կապված հիմնական հանգամանքները, կարեւոր դասեր քաղել ապագա հնարավոր ռազմական գործողություններին առավել արդյունավետ նախապատրաստվելու նպատակով, ինչպես նաեւ լիցքաթափել շիկացած հանրային մթնոլորտը։ Իմ կողմից պատրաստակամություն եմ հայտնում առավելագույնս օժանդակել ապագա քննիչ հանձնաժողովի աշխատանքներին»։

Հավելենք, որ Օնիկ Գասպարյանն այս դիմումը ուղարկել է նաեւ Ազգային ժողով:

 

 

 

ՌԻՍԿԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Պետական եկամուտների կոմիտեն արդյունավետ է դարձրել չգրանցված աշխատողների ռիսկերի բացահայտումը: Հարկային տեղեկատվության եւ ռիսկերի վերլուծության վարչությունը վերլուծական մեխանիզմներով առանձնացրել է այն տնտեսվարողների ցանկը, որոնք, որպես անհատ ձեռնարկատեր, չունենալով գրանցված աշխատող, իրենք են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվում, միաժամանակ ամբողջական աշխատաժամանակով այլ գործատուի մոտ աշխատում եւ վարձատրվում: 2021թ. մարտ ամսվա ընթացքում նման ռիսկ ունեցող 770 անհատ ձեռնարկատիրոջ ուղարկվել են ծանուցումներ` առաջարկելով ներկայացնել պարզաբանումներ կամ գրանցել աշխատակիցներին, ինչի արդյունքում 183 անհատ ձեռնարկատերեր արդեն իսկ ապրիլ ամսվա սկզբի դրությամբ գրանցել են շուրջ 200 աշխատողի: Այսպիսով, ծանուցումներին արձագանքած տնտեսվարողները, չեզոքացնելով ներկայացված ռիսկերը, զերծ են մնացել լրացուցիչ հսկողական միջոցառումներից, խուսափել տուգանքներից, միաժամանակ վերականգնվել են աշխատողների իրավունքները: Իսկ աշխատակիցներին դեռեւս չգրանցած 587 անհատ ձեռնարկատերերի գործունեության նկատմամբ մշտադիտարկումը շարունակվում է, եւ վարքագիծը չփոխած ռիսկային հարկ վճարողների նկատմամբ, անհրաժեշտության դեպքում, կնախաձեռնվեն ստուգողական միջոցառումներ՝ գնահատված ռիսկերը հաստատելու կամ հերքելու ուղղությամբ։

 

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ

Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքթաթային հոդի միջանցիկ թափանցող վերք, փափուկ հյուսվածքների վնասումով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի պետ Սերգո Մարկոսյանը եւ ոստիկանության Սիսիանի պետ Ավետ Հովհաննիսյանը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Անուշ Ապետյանն է, ով նշված վնասվածքը ստացել է Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 209-րդ կմ հատվածում գտնվող «Ճանապարհային տնակ» կոչվող հարակից տարածքում անհայտ հանգամանքներում դեռեւս անհայտ անձի կողմից արձակված հրազենի կրակոցից: Փաստի աթռիվ ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 

 

ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ ԿԻՍԱՏ Է

2020թ. աշնանը՝ Արցախում տեղի ունեցած պատերազմից առաջ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեծ թափով  ճանապարհաշինություն էր կատարում, կառուցապատվում, ասֆալտապատվում էին Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն միջպատական ավտոճանապարհի  մեծ հատվածներ, ասֆալտապատեցին  նաեւ  մեծ թվով  համայնքային  նշանակություն ունեցող ավտոճանապարհներ՝ Աչաջուր գյուղում Մակարավանք տանող ճանապարհը, Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղի ավտոճանապարհը, միջպետական ավտոճանապարհից  Նոյեմբերյան  համայնքի մաս կազմող սահմանամերձ Բերդավան մտնող ավտոճանապարհը, Իջեւանի տարածաշրջանի   Գետահովիտ գյուղ տանող ավտոճանապարհը, Իջեւան  քաղաքի մի քանի փողոցներ եւ այլն։ Նման ակտիվ  ճանապարհաշինությունը  տարակուսանք  էր հարուցում, որովհետեւ  ակնհայտ էր, որ շուտով  Արցախում  պատերազմ  է  սկսվելու, եւ ֆինանսական  ռեսրսները պետք է  ուղղել  դրան նախապատրաստվելուն։

Գյուղական ավտոճանապարհները նորոգվել են, իսկ Հայաստան-Վրաստան  միջպետական  ավտոճանապարհի մի  կարեւոր հատված՝ Դիլիջան-Սեւան  ավտոմոբիլային թունելից մինչեւ Դիլիջան քաղաքի կենտրոնում գտնվող խաչմերուկ, շուրջ 18-20 կիլոմետր գտնվում է  ողբալի վիճակում։ Այդ  մեծ հատվածում ասֆալտի ծածկը քանդված է, շատ տեղերում  խոր փոսեր կան, ավտոմեքենաները,  դրանք  շրջանցելով, դուրս են գալիս երթեւեկության հանդիպակաց գոտի՝ ստեղծելով վթարային իրավիճակներ։ Այդ ավտոճանապարհը սպասարկում է  «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն։

Երեւան-Իջեւան  միկրոավտոբուսային երթուղին սպասարկող վարորդները շատ են դժգոհում  նշված ճանապարհահատվածի ասֆալտի ծածկի վիճակից, նրանք նշում են, որ Երեւան-Իջեւան  136 կիլոմետր  երկարությամբ ուղին իրենք հաղթահարում են  2 ժամում. եթե  Դիլիջանի այդ  հատվածում նորմալ ավտոճանապարհ լիներ, իրենք  այդ ուղերթն ավելի կարճ ժամանակում  կանցեին։ Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելում մարտի  22-ի ժամը 10-ի սահմաններում լուսավորություն չկար, թունելում խավար էր։ Այդ թունելում վերջերս տեղի է ունեցել բեռնատարի կցորդիչի անսարքություն եւ այդ պատճառով խցանումներ։ Թունելի օդափոխությունը նորմալ չի կատարվում, եւ հաճախ թունելում կուտակվում է ավտոմեքենաների  արտանետած  ծխի  մեծ քանակություն։  Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելը սպասարկում է Լինսի հիմնադրամի ճանապահաշինության ծրագրերի նախկին  ղեկավար էդուարդ Բեզոյանին պատկանող «Ճանապարհ»  ՍՊԸ-ն։  Է. Բեզոյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին ճանապարհաշինական բազմաթիվ ծրագրեր է իրականացնում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս