ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼ Է ԻՐ ԿԱՊԻՏԱԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է անցյալ տարի իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալները: Ըստ այդմ, ընդհանուր ներդրումները շեշտակի նվազել են` 2019 թվականին իրականացված 173 մլրդ 977 մլն դրամից դառնալով 30 մլրդ 255 դրամ:

 

Նույնն է նաեւ ուղղակի ներդրումների դեպքում, այստեղ եւս նվազում ենք արձանագրել. եթե 2019 թվականին իրականացված ուղղակի ներդրումները 56 մլրդ 905 մլն դրամ են կազմել, ապա 2020-ին ուղղակի ներդրումները բացասական արդյունք ունեն, այլ կերպ ասած՝ 7 մլրդ 109 մլն դրամ հանվել է երկրից։

Հիմնականում ուղղակի ներդրումների ծավալների նվազման վրա իր ազդեցությունն է ունեցել բուսաբուծություն ու անասնաբուծություն, որսորդություն եւ հարակից ծառայություններ, մետաղական հանքաքարի արդյունահանում, հիմնական մետաղների արտադրություն գործունեությունների տեսակները: Օրինակ` եթե 2019 թվականի հունվար-դեկտեմբերին բուսաբուծություն ու անասնաբուծություն, որսորդություն եւ հարակից ծառայություններ գործունեության մասով ներդրումները կազմել էին 1 մլրդ 310 մլն դրամ, ապա անցյալ տարվա նույն ժամանակահատվածում` 229 մլն դրամ: Ծխախոտային արտադրատեսակների դեպքում երկու տարիներին էլ ուղղակի ներդրումները կազմել են պարզապես 0։ Հայաստանից իր կապիտալն արտահանել է նաեւ Միացյալ Նահանգները՝1 մլրդ 575 մլն դրամի չափով։ Հայաստանից Նիդերլանդների արտահանած կապիտալը կազմել է 21 մլրդ 432 մլն դրամ։ Արգետինան, Չեխիայի Հանրապետությունը, Ուկրաինան նվազեցրել են ուղղակի ներդրումների ծավալները։ Օրինակ՝ Վրաստանը 199 մլն դրամի չափով իր կապիտալը դուրս է հանել Հայաստանից։

Ի դեպ, բացի այս, նվազել են նաեւ Գերմանիայից Հայաստան մտնող ուղղակի ներդրումների ծավալները: Թեեւ Գերմանիան Հայաստանից կապիտալը չի հանել, բայց նվազեցրել է ներդրումները։ Մինչդեռ 2019-ին Գերմանիայից Հայաստան մտել էին 8 մլրդ 880 մլն դրամի ուղղակի ներդրումներ, իսկ անցյալ տարի այն կազմել է 278 մլն դրամ։

Միաժամանակ անցյալ տարի իրենց ներդրումներն ավելացրել են մի շարք երկրներ: Օրինակ` Լյուքսեմբուրգից Հայաստան մտել է 7 մլրդ դրամի չափով ներդրում, մինչդեռ 2019-ին Լյուքսեմբուրգը 1 մլրդ 291 մլն դրամի չափով կապիտալն արտահանել էր։ Իռլանդիայից Հայաստան մտած ներդրումների ծավալներն են ավելացել. օրինակ՝ նախորդ տարի Հայաստան մտած իռլանդալական ներդրումները կազմել են 349 մլն դրամ, բայց 2019-ին այն կազմել է 0։

Ռուսաստանի Դաշնությունն է նվազեցրել ուղղակի ներդրումները. ռուսական ներդրումների ծավալները Հայաստանից արտահանվել են։ Օրինակ` անցյալ տարվա ընթացքում Հայաստանից Ռուսաստանի արտահանած ուղղակի ներդրումների չափը կազմել է 46 մլրդ 899 մլն դրամ, մինչդեռ 2019 թվականի նույն ժամանակահատվածում Ռուսաստանից եկած ուղղակի ներդրումները կազմել են 12 մլրդ 592 մլն դրամի դիմաց: Նկատենք, որ Ռուսաստանի ներկայացումը հիմնականում մեծ է էներգետիկ շուկայում` գազամատակարարման եւ էլեկտրամատակարարման ոլորտում: Խոսքը «Հայաստան էլեկտրական ցանցեր» եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների մասին է: Ու, ընդհանրապես, Հայաստանի ներդրումների տեսակարար կշռի 40 տոկոսը միայն ռուսական ներդրումներն են կազմում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽԱՂԵՐ

Ավելի քան  մեկուկես ամիս  առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Նոյեմբերյան քաղաքում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հունիսին կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այն ժամանակ  տարակուսանք էի հայտնել, թե որտեղից Էդմոն Մարուքյանը կարող էր իմանալ, որ հունիսին ԱԺ ընտրություններ են կայանալու։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ակտիվացրել է իր գործունեությունը, ընտրողների շրջանում իր գովազդը։ Գործարկվել է  Ֆեյսբուքի «Լուսավոր Տավուշ»  էջը, որտեղ ներկայացվում են Տավուշի մարզի հայտնի դեմքերի՝ գրողների, բանաստեղծների, նկարիչների, մարզիկների կենսսագրությունները, նրանց գործունեությանը, մարզի բնակավայրերի պատմությունը, դրա հետ մեկտեղ այդ էջում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարների, պատգամավորների  գործունեությունն է գովազդվում։ Ապրիլի 12-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությամ նախագահ Էդմոն Մարուքյանը, այդ կուսակցությունից Աժ պատգամավորներ Անի Սամսոյանը, Սարգիս Ալեքսանյանը Այրում համայնքի մաս կազմող Հաղթանակ գյուղում մասնակցել են  հաղթանակցի զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված  ֆուտբոլի հուշամրցաշարի հաղթողների եւ մրցանակակիրների պարգեւատրման արարողությունը։ Այդ հուշամրցաշարն  անցկացվում է 1993թ.-ից՝ արդեն 28 տարի, նախկինում երբեք այդ կուսակցության պատգամավորները ներկա չեն եղել հուշամրցաշարի խաղերին կամ՝ հաղթողների եւ մրցանակակիրների պարգեւատրման միջոցառմանը։

 

 

 

ՀԱՐՑԸ ՉԻ ԼՈՒԾՎՈՒՄ

Իջեւան քաղաքում՝ Տավուշի մարզկենտրոնի տարբեր հատվածներում՝ միջպետական ավտոճանապարհին, ձիեր, անտեր շներ են թափառում։ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Իջեւան-Դիլիջան հատվածում՝  Հովք գյուղի մոտ, մշտապես ձիերի երամակ է կանգնած ավտոճանապարհին։ Տավուշի մարզի ճանապարհներին հայտնվող անասունների խնդիրը տարիներ շարունակ առկա է, սակայն չի լուծվում: Տավուշի մարզի տարածքով ձգվող Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհին, հատկապես՝ Իջեւան-Դիլիջան հատվածում, ամեն օր կարելի է տեսնել առանց հսկողության կովերի նախիրներ, ձիերի երամակներ: Ճանապարհի եզրին արածող կենդանիները Աղստեւ գետից ջուր խմելու համար հատում են ճանապարհը, հաճախ հայտնվում ճանապարհի մեջտեղում՝ ստեղծելով վթարային իրավիճակ: Թափառող կենդանիները երթեւեկող ավտոմեքենաների համար մեծ վտանգ են ներկայացնում հատկապես գիշերային ժամերին: Ճանապարհին հայտնված անասունների պատճառով Տավուշի մարզում բազմաթիվ վթարներ են եղել, շատ ավտոմեքենաներ են ջարդվել: Անցյալ տարի, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի որոշմամբ, մարզպետարանում հանձնաժողով ստեղծվեց այդ խնդիրը լուծելու համար, սակայն հիմնահարցն այդպես էլ չի լուծվել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է

Մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 30-ը նախադպրոցական կրթության ոլորտում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը: 2021-2023 թվականների ընթացքում նախատեսվում են նախադպրոցական տարիքի կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կարիքների գնահատում, անհրաժեշտ փաստաթղթերի, նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստման մոդուլների մշակում, երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության նպատակով ֆինանսավորման տրամադրում, հանրային իրազեկման բարձրացում եւ այլն: Համակարգի ներդրմամբ կստեղծվեն նախադպրոցական կրթության մատչելիության ապահովման նախադրյալներ, կընդլայնվեն կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վաղ զարգացման հնարավորությունները: Նախադպրոցական ոլորտում համընդհանուր ներառականության ներդրումն առավել սահուն կազմակերպելու նպատակով այն կիրականացվի երկու փուլով։ Ըստ փուլերի մարզային ընդգրկվածությունը կազմվել է՝ հաշվի առնելով մարզերի բնակչության թիվն ու դպրոցական մակարդակում համընդհանուր ներառականությանն անցման տարիների փորձը: 2021-2022թթ.-ին նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը կներդրվի Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում եւ Երեւանում, իսկ 2022-2023 թթ.-ին՝ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում:

 

 

 

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտ, Ասկերան, Մարտունի եւ Մարտակերտ քաղաքների հարակից բնակավայրերում եւ անտառային հատվածներում: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ միաժամանակ, ԱԻՊԾ սակրավորները՝ ՌԴ գործընկերների հետ մեկտեղ, «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը եւ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը բոլոր բնակավայրերում շարունակում են ռազմամթերքի հայտնաբերման ուղղությամբ կատարել իննժեներահետախուզական աշխատանքներ:

 

 

 

ՀՂԻ Է ՄԱՀԱՑԵԼ

Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ հայտնաբերել է կնոջ դի։ Նշված վայր են ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 38-ամյա Լյուդմիլա Ա.-ն էր։ Ըստ բժիշկների՝ մահացածը գտնվում էր հղիության 7-րդ ամսում։ Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։




Լրահոս