ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋԱՐԿ Է ՍՏԱՑԵԼ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սովորաբար առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մշակույթի գործիչները կուսակցությունների կողմից տարբեր ցուցակներում հայտնվելու մասին  առաջարկներ են ստանում.  բացառություն չէ նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը: Թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Արտաշես Ալեքսանյանի հետ:

 

«Իրականում ցանկություն չունեմ որեւէ կուսակցության ցուցակում հայտնվելու, իսկ հիմա  ինչ-որ ցուցակներում պետք է հայտնվեն պրոֆեսիոնալ մարդիկ: Ես միշտ ասել եմ՝ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով, որպեսզի կարողանանք մենք մեր տունը կառուցենք: Պատշարը պետք է պատշար լինի, եռակցողը՝ եռակցող եւ այլն: Այո, կուսակցություններ կան, որոնց կողմից առաջարկ եմ ստացել մասնակցել արտախորհրդարանական ընտրություններին, բայց դեռեւս պրպտում եմ, փորձում եմ ծանոթանալ առաջարկած ծրագրերին»,- նշում է մեր զրուցակիցը:

Հարցին, թե  որ կուսակցությունների կողմից է ստացել է առաջարկ, մեր զրուցակիցը չցանկացավ ասել, միայն նշեց, որ փնտրտուքների մեջ է. երբ հստակ որոշում կկայացնի, կբարձրաձայնի, թե որ կուսակցության հետ է մասնակցելու արտախորհրդարանական ընտրություններին:

«Հատկապես ուշադրություն եմ դարձնում  տվյալ կուսակցության հովանավոր «սեւ կարդինալին»: Այնպես չլինի, որ ես գիտենամ, որ ինքը թալանչի է, բայց ազգային ծրագիր գրելով՝ ներկայացնում է լրիվ ուրիշ բան: Ես դրա համար եմ ասում, որ ժողովուրդն այս անգամ պետք է աչալուրջ լինի: Աստված մարդուն տվել է աչքեր եւ ականջներ, լսելու եւ տեսնելու հնարավորություն, ժողովո՛ւրդ ջան, լսե՛ք, տեսե՛ք՝ ով ինչ է ասում, ինչ է ներկայացնում, որպեսզի կրկին անգամ չսխալվեք: Ցավոք սրտի, ստամոքսը երբեմն ավելի ուժեղ է գտնվում, քան սթափ գիտակցությունը: Մարդ չի մտածում իր վաղվա օրվա համար, իր սերունդի, իր թոռան մասին, նա միայն մտածում է, որ ստամոքսը լիքն է, գրպանը լիքն է, վերջ, իր համար լավ է: Պետք է ազատվել այս գաղջ մտածողությունից, պետք է մտածել մի քիչ մեր սերունդների մասին, թե ինչ ենք մենք թողնում իրենց, ինչ ճանապարհ ենք հարթում իրենց համար»,- ընդծում է Արտաշես Ալեքսանյանը:

Արտաշես Ալեքսանյանը  մեզ հետ զրույցում անդրադառնում է  նաեւ իր ստեղծագործական գործունեությանը: Դերասանը նշում է, որ այս պահին խաղում է ռեժիսոր Դիանա Գրիգորյանի «Սարի աղջիկ» հեռուստասերիալում:

Հարցին, թե գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու առաջրկներ չկան, Արտաշես Ալեքսանյանը նշում է, որ ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ չունի. պատճառը դերասանը կապում է կորոնավիրուսի հետ, ապա հավելում. «Իսկ Հայաստանում գեղարվեստական ֆիլմեր  առհասարակ նկարահանվում ե՞ն»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԼԵՄՍ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է «ԷՐԳԻՐ ԱՎԵՏՅԱՑ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

«Էրգիր Ավետյաց» ցուցահանդեսում ներկայացված են ՀՊՄՀ կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ նկարիչների միության անդամ, ՀՀ վաստակավոր գործիչ, ՌԴ կրթության ակադեմիայի ակադեմիկոս Լեմս Ներսիսյանի կտավները, որոնցում պատկերված է Արեւմտյան Հայաստանը՝ Անիից մինչեւ Կիլիկիա:

 

Կտավներին կցված են օտարազգի նշանավոր քաղաքական գործիչների, պատմաբանների, ճանապարհորդների, իրավաբանների, գրողների մեկնությունները Հայոց ցեղասպանության մասին:

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 15-ին Հայաստանի նկարիչների միությունում: Այն կգործի մինչեւ ապրիլի 25-ը:

«Ինչպես բոլոր հայերը, այնպես էլ ես դեռ երիտասարդ տարիքից հետաքրքրվել եմ Հայոց ցեղասպանության խնդրով եւ միշտ կարծել եմ, որ այդ ոճրագործության մասին պետք է խոսվի, այն պետք է ներկայացվի հանրությանը: Ըստ իս՝ դա կարելի է անել նաեւ արվեստի լեզվով: Ոչ միայն պատմաբանները, իրավաբանները կամ փիլիսոփաները կարող են խնդրի հանրայնացմամբ զբաղվել, այլեւ արվեստի գործիչները: Դրա համար անհրաժեշտ է մեկնել այն վայրեր, որտեղ եղել են ոճրագործությունները»,- պատմել է Ներսիսյանը:

Նկարիչը 2004 թվականին հետո 2007-ին շրջել է Անիից մինչեւ Կիլիկիա եւ նկարել է իրեն հանդիպած բոլոր հայկական հուշարձանները, բոլոր նշանավոր վայրերը, որտեղ տեղի են ունեցել  1915 թվականի ոճրագործությունները: Ըստ Ներսիսյանի՝ ցուցահանդեսում ներկայացված 106 աշխատանքը բովանդակության առումով ասես մի փոքր շեղվում է գեղարվեստական բնույթից, քանի որ այն նաեւ տեղեկատվական գործառույթ է իրականացնում, ներկայացնում է եղեռնագործության պատմաժամանակագրությունը:

«Էրգիր ավետյաց ցուցադրությունը» եւս հերթական անգամ ի լուր աշխարհի դատապարտում է Հայոց ցեղասպանությունը եւ հատուկ արձանագրում, որ այն արդեն ճանաչված իրողություն է միջազգային հանրության եւ ամրագրված առաջադեմ եւ քաղաքակիրթ հասարակության կողմից:

Ցուցադրությունը կտեւի տասը օր:

Ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործությունները ցուցադրվել են Ֆրանսիայում եւ Ստրասբուրգում:

Ցուցահանդեսն իրականացվում է Հայաստանի նկարիչների միության եւ «ԱրթԶ» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:

 

 

ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան անդրադարձել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում Ամստերդամի՝ «Այաքսի» հետ տնային ոչ-ոքիին (1:1), որի շնորհիվ հռոմեական ակումբը նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր: «Կարծում եմ՝ Ամստերդամում մրցակիցն ավելի շատ խնդիրներ ստեղծեց մեր պաշտպանության համար: Հանդիպման մեծ մասը մենք վերահսկում էինք: Մրցակիցն ունի շատ տաղանդավոր թիմ, բայց մենք հրաշալի գործեցինք պաշտպանությունում: Երբեք չէի նվաճել Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի ուղեգիր, այնպես որ սա հպարտության մեծ առիթ է ինձ համար: Ինչ վերաբերում է ապագայիս, ապա այս հաջողությունը ոչինչ չի փոխում: Չգիտեմ՝ արդյոք «Ռոմայի» մարզիչը կլինեմ հաջորդ մրցաշրջանում: Ես միշտ ասել եմ, որ ապագան քիչ է անհանգստացնում ինձ: Կարեւոր են միայն «Ռոմայի» հաջողությունները»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Football-italia-ն:Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին անգամ հանդես եկավ «Ռոմայի» մեկնարկային կազմում եւ փոխարինվեց 87-րդ րոպեին։ Ամստերդամում տեղի ունեցած առաջին խաղում իտալական ակումբն «Այաքսին» հաղթել էր 2:1 հաշվով: Կիսաեզրափակիչում «Ռոման» կմրցի Հենրիխ Մխիթարյանի նախկին ակումբ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, իսկ Լոնդոնի «Արսենալն» ուժերը կչափի իսպանական «Վիլյառեալի» դեմ: 1991 թվականից հետո առաջին անգամ «Ռոման» դուրս եկավ Եվրոպայի լիգայի (նախկինում՝ ՈւԵՖԱ-ի գավաթ) կիսաեզրափակիչ:

 




Լրահոս