Ռուսական Свободная Пресса պարբերականն անդրադարձ է կատարել հայ ռազմագերիների վերադարձի թեմային` ուշադրություն հրավիրելով վերջերս տեղի ունեցած միջադեպին, երբ Բաքվից ժամանած ինքնաթիռը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի, պետք է հայ ռազմագերիներին հայրենիք բերեր, դատարկ էր վայրէջք կատարել «Էրեբունի» օդանավակայանում:
«ՌԴ ռազմատիեզերական ուժերի օդանավով Բաքվից վերադարձող ռազմագերիներին անձամբ ուղեկցում է գեներալ Ռուստամ Մուրադովը, որն Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի հրամանատարն է: Այդ պատճառով երբ ապրիլի 8-ին Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը տեղեկացրել էր, որ Ռուստամ Մուրադովը, իբր, իր հետ մի քանի ռազմագերի է բերում Երեւան, «Էրեբունի» օդանավակայանում մեծ թվով հարազատներ էին հավաքվել: Լրագրողներ, իհարկե, նունպես շատ կային, քանի որ հույս ունեին երջանկության արցունքներ եւ երկար սպասված գրկախառնություններ ֆիքսել եւ դրանով իսկ բարձրացնել Փաշինյանի խարխլված վարկանիշը»,- գրում է կայքը:
«Սակայն օդանավից դուրս եկավ միայն Մուրադովը: Դիմավորողները բարկացել էին եւ չգիտեին` ում մեղադրել: Հաղորդվում էր նաեւ ոստիկանների հետ քաշքշուկի մասին: Այնուհետեւ մարդիկ ուղեւորվել են ՊՆ շենքի մոտ` միանալով անհետ կորած զինծառայողների ծնողների բողոքի ակցիային: Իրավիճակն այնքան էր սրվել, որ ՊՆ աշխատակիցներին ստիպված էին զայրացած հարազատներից փրկել` տարհանելով ուղղաթիռով»,- գրում է աղբյուրը` հավելելով, որ «կուլիսային զրույցներում հայ պաշտոնյաները փորձում էին սլաքներն ուղղել ռուս գեներալի ուղղությամբ»:
«Սակայն մարդիկ հավատացին Մուրադովին, որը վերջակետ դրեց բոլոր հարցերին: Պատասխանելով «Հրապարակ» թերթի լրագրողի հարցին, թե ինչու են Հայաստանի պաշտոնատար անձինք հայտարարել գերիների վերադարձի մասին, սակայն գերիներն այդպես էլ չեն վերադարձրել, Մուրադովն ասել է. «Դա կեղծ սադրանք է: Իրենց հարցրե՛ք: Նրանք մոլորեցնում են բնակչությանը: Դա սովորական այց էր»»,- շեշտում է հոդվածագիրը:
Վերլուծելով, թե «սորոսականներից» մեծ հաշվով որին է մտահոգում հայ գերիների ճակատագիրը, աղբյուրը մեջբերում է Eurasianet ամերիկյան պորտալին. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` գերիների խնդիրը վերածվում է ներքաղաքական ֆուտբոլի, եւ ընտրողները, ամենայն հավանականությամբ, ներկայիս կառավարության աշխատանքն ինչ-որ չափով կդատեն գերիների վերադարձն ապահովելու ունակությամբ»:
Միեւնույն ժամանակ աղբյուրը նկատում է, որ Ամերիկան չի ցանկանում սրել հարաբերությունները Թուրքիայի հետ, որն աջակցում է Բաքվին, այսինքն` ԱՄՆ-ն Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու իրական մեխանիզմներ չունի, եթե հաշվի չառնենք խնդրահարույց վրացական միջանցքը:
«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Մոսկվան դժվար թե ճնշում գործադրի Բաքվի վրա, քանի դեռ Երեւանում իշխանության են գտնվում «սորոսականները», որոնք ունակ են ցանկացած գարշելի քայլի գնալ Ռուսաստանի նկատմամբ: Գերիների վերադարձի հետ կապված սադրանքը, որոնց, իբրեւ թե, պետք է իր հետ բերեր Մուրադովը, դրա վառ ապացույցն է»:
Աղբյուրը մեջբերում է JAMnews-ի հաղորդումն այն մասին, որ գերիների վերադարձ, այնուամենայնիվ, նախատեսվում էր, սակայն խափանվել է վերջին պահին: Պորտալի տեղեկություններով. «Մոսկվայում Փաշինյանը համաձայնել է Պուտինի որոշ առաջարկներին, որոնց մասին վերջինս հայտնել է Ալիեւին: Դրան ի պատասխան՝ ադրբեջանցիները պատրաստ էին վերադարձնել գերիներին: Վերադառնալով Երեւան` Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, «փոշմանել է» եւ հրաժարվել է Պուտինին տված խոստումից: Բաքվում այդ մասին ժամանակին իմացել են եւ Մուրադովին միայնակ են ուղարկել Երեւան»:
Ն.Հ.
ՓԱԿ ՓՈՂՈՑՆԵՐ
Ապրիլի 24-ին մի շարք ճանապարհներ փակ են լինելու: Երկկողմանի փակվելու է Հաղթանակի կամրջից մինչեւ Լենինգրադյան փողոց հատվածը, Վերֆելի փողոցի վերին հատվածից դեպի Բրազիլիայի հրապարակ ընկած հատվածը: Ոստիկանությունը անպայման կտեղեկացնի փակված ճանապարհների մասին: Ապրիլի 24-ին՝ առավոտյան 9-10-ը, մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ժամանակավորապես կսահմանափակվի պաշտոնական պատվիրակությունների արցելությունների հետ կապված: Այդ օրը երկու անվճար երթուղի է գործելու՝ համար 1 երթուղին՝ Հրազդան մարզադաշտ-Աթենքի փողոց-Հաղթանակի կամուրջ-Արգիշտի փողոց-Իտալիայի փողոցի-Խորենացու փողոց-Ագանթանգեղոսի փողոց-մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարան, համար 2-րդ երթուղին՝ Հրազդան մարզադաշտ-Ծիծեռնակաբերդի խճուղի-Լենինգրադյան փողոց-Կիեւյան փողոց-մետրոյի «Բարեկամություն» կայարան: Երեւանի մետրոպոլիտենը ապրիլի 24-ին գործելու է մինչեւ գիշերը ժամը 01:00-ն:
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍԿՍԵԼ
Մեկնարկել են Ադրբեջանից դեպի Նախիջեւան ճանապարհի կառուցման աշխատանքները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Ադըլ Քարաիսմայիլօղլուն: Նրա խոսքով՝ թուրքական կողմն այդ հարցը քննարկել է Ադրբեջանի փոխվարչապետի հետ: Զրույցի ընթացքում շեշտվել է հնարավորինս շուտ շինարարությունն ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: «Շինարարությունն արդեն սկսվել է»,- ընդգծել է թուրք պաշտոնյան: Միեւնույն ժամանակ, Քարաիսմայիլօղլուն կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է սկսել նաեւ Կարսից դեպի Նախիջեւանի հետ սահմանին Դիլուջու անցակետ երկաթգծի կառուցման աշխատանքները:
ՄՏԱՀՈԳԻՉ Է
«Ցավոք, մենք ունենք մահաբերության ցուցանիշի աճ. նախորդ ամիսների 1,8-ի փոխարեն ունենք 1.9 ցուցանիշ, ինչը շատ մտահոգիչ է»,- նշել է ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Նա կոչ է արել քաղաքացիներին ապրիլի 24-ին կազմակերպվող միջոցառումների ժամանակ պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները, քանի որ շփումներին զուգահեռ կմեծանա ռիսկը հիվանդության տարածման, եւ կարող ենք ունենալ բավականին լուրջ դեպքեր, որոնք կարող են երեւալ գաղտնի շրջանից հետո:
ՆՈՐ ՀԱՅՑ
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը նոր հայց է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դեմ:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Տիրան Խաչատրյանն ապրիլի 16-ին դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջում է, որ դատարանը Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչի: Այս գործը մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանին: Նշենք, որ Արշակ Կարապետյանը 2018 թվականի հեղափոխությունից հետո էր նշանակվել վարչապետ Փաշինյանի խորհրդական։ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ նա եղել է Զինված ուժերի հետախուզության վարչության պետը։ 2016 թվականին Կարապետյանը պաշտոնանկ արվեց Սերժ Սարգսյանի կողմից։ Շատերը հենց նրան էին պատասխանատու համարում ապրիլյանի զոհերի ու նաեւ տարածքային կորուստների համար՝ հաշվի առնելով, որ այդ օրերին նա էր ԶՈւ ԳՇ հետախուզության վարչության պետը։ Իսկ, ահա, ապրիլի 7-ին նշանակվեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ. ասել է թե՝ նշանակվեց Տիրան Խաչատրյանի տեղը:
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է
Երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պահպանողականների եւ ռեֆորմիստների քաղաքական խմբի նիստում քննարկվել է հայ ռազմագերիների հարցը, որտեղ եղել են նաեւ ադրբեջանցիներ. այդ խմբում նրանց թիվը մեծ է։ Այս մասին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը, որը եւս Ստրասբուրգում է գտնվում: «Մենք ներկայացրեցինք ստեղծված իրավիճակը. նրանք ռազմագերիներ են, բայց, ըստ էության, պատանդի կարգավիճակում են գտնվում, եւ այն խայտառակ իրավիճակը, որ մոտավորապես երկու հարյուրի մոտ գերիներ կան գերեվարված, արագ պետք է կարգավորվի։ Այսինքն՝ այն խնդիրը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է այն փաստը, որ դա չի կատարվում, հստակ ներկայացվեց քննարկման ժամանակ։ Ընդամենը նրանց հակափաստարկն այն էր, որ նրանք ռազմագերիներ չեն, այլ ահաբեկիչներ»,-հայտնել է պատգամավորը: