«Կաշա են սարքել և քաշվել են մի կողմ». նախարարությունն աշխատողներ չկրճատելու խոստումները չի կատարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի զբաղվածության կենտրոնների շուրջ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ստեղծված շիլաշփոթը շարունակում է խորանալ: Իսկ նախարարությունը տեր չի կանգնում աշխատող չկրճատելու իր խոստումներին:
«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների հետեւանքով 300 քաղաքացի գործազուրկ է դարձել: Ընդ որում՝ 300 քաղաքացու գործազուրկ դառնալու մասին տեղեկությունը ՙԺողովուրդ՚ օրաթերին փոխանցել են հենց զբաղվածության տարածքային կենտրոնների աշխատողները:
Բայց դա չի խանգարում սոցապ նախարարությանը շարունակել հանրությանը մոլորեցնելու իր փորձերը: Մեր հրապարակումից հետո նախարարությունից այսօր հայտարարել են, որ սոցիալական ապահովության ծառայության, բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գրասենյակներում եւ սոցիալական աջակցության գործակալություններում ու բաժիններում եղած հաստիքների թիվը պահպանվել է։

Ապա նշել են. «Ինչպես նախապես հայտարարվել էր՝ հաստիքների կրճատում չի իրականացվել․ գործառութային փոփոխությունների արդյունքում առկա հաստիքների թիվը եւ նախկին կառույցների հաստիքների հանրագումարը նույնն է, ուստի համակարգային գործազրկության մասին խոսակցություններն անտեղի են՚։ Երեկ այս խնդրի շուրջ խոսել ենք Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի աշխատակից Հերմինե Գեւորգյանի հետ, որը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց կենտրոնի 11 հաստիքից Միասնական սոցիալական ծառայության հաստիքացուցակում ընդգրկված են զբաղվածության բնագավառի Մ3 2 ավագ մասնագետ եւ Մ4 1 մասնագետ: Վանաձորի զբաղվածության կենտրոնում եւ սոցիալական աջակցության կենտրոնում, միասին վերցրած, աշխատում էին 35 մասնագետներ, այժմ նոր հաստիքացուցակով նրանցից կաշխատեն միայն 15-ը, այսինքն կկրճատվի 20 աշխատող: Սա միայն Վանաձորում:

Իսկ այսօր ArmLur.am-ը զրուցեց Տաշիրի զբաղվածության կենտրոնի մասնագետ Ալմաստի հետ. «Նույն վիճակն է, ինչ հանրապետության ամբողջ համակարգում, կրճատել են, հերթով զանգում են նոր ժամանակավոր պաշտոն են առաջարկում, հիմա կենտրոնից կոնկրետ մեկ հոգու են առաջարկել: Կրճատվել է ողջ համակարգը: Բոլոր աշխատակիցները կրճատվել են, հետո համապատասխան տեղերի համար միասնական ծառայությունում կամ պաշտոն կառաաջարկեն կամ էլ՝ ոչ: Հաստիքներ կան, որ արդեն մրցույթով ուրիշներն են անցել. տնօրենները ավելի ցածր պաշտոնի են անցել, հայտարարել են մրցույթ տնօրենների պաշտոնների համար դրսից մարդկանց են բերել ու ընտրել են մրցույթի մասնակիցներից մեկ ուրիշի: Մենք երեք հոգի ենք՝ գլխավոր մասնագետը, առաջատար մասնագետը եւ տնօրենը, հիմա գլխավոր մասնագետին առաջարկել են, ուղղակի այստեղ աշխատավարձի խնդիրն է, հավելավճար չի լինելու, որովհետեւ նոր պաշտոն է: Բայց իրեն առաջարկել են, ինքը համաձայնվել է, 65 տարեկան է դառնալու, բայց դա էլ հաշվի չեն առել: Ինձ ու իմ տնօրենին դեռ չեն զանգել, բայց հույս ունենք, որ կզանգեն»,- հույս հայտնեց տիկին Ալմաստը:

Բայց նկատենք, որ եթե այս քաղաքացիները սպասված զանգը չստանան, ապա կմնան գործազուրկ: «Առանձնացված կառույց էինք, դարձել ենք միասնական, գործառույթը նույնն է, կոնկրետ սոցիալական ապահովության աշխատակիցներին վերանվանել են, մեզ լուծարել, որ նրանց գործառույթներն էլ է նույնը, մերն էլ: Իրենց գործողությունների մեջ լոգիկա չկա»,- նկատեց մասնագետը:
Ի դեպ, ArmLur.am-ը տեղեկացավ, որ Տաշիրի զբաղվածության կենտրոնի տնօրեն Ալիսա Ալեքսանյանն այսօր Երեւանում է եւ կարճաժամկետ ռեզերվ գնալու վերաբերյալ դիմում է գրել: «Վեց ամիս կմնա ռեզերվում, որի երեք ամսվա համար միայն կվճարվի, եթե այս ընթացքում իրեն աշխատանքային առաջարկ անեն, համաձայնվի՝ կաշխատի, եթե ոչ, ապա կդառնա գործազուրկ»,- իրավիճակը ներկայացրեց մեր զրուցակիցը:

Ահա թե ինչ վիճակի մեջ է գցել սոցապ նախարարությունը քաղաքացիներին: Ինչպես զբաղվածության կենտրոնի աշխատակիցներն են ArmLur.am-ի հետ զրույցում ասում՝ «նախարարությունը կաշա է սարքել եւ քաշվել է մի կողմ»: Ընդ որում, զրույցի ընթացքում մեզ հայտնի դարձավ նաեւ, որ տնօրենի հաստիքի համար վերջերս մրցույթ էր հայտարարվել, Ալիսա Ալեքսանյանը դիմել է, բայց անգամ հարցազրույցի չեն կանչել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս