Ռուսաստանում անօրինական գտնվող ԱՊՀ երկրների քաղաքացիները երկրից պետք է հեռանան մինչեւ հունիսի 15-ը. սա բխում է ՌԴ-ում միգրացիոն ոլորտում իրականացվող խստացումներից: ՌԴ ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ ՌԴ-ում գտնվող շուրջ 61 հազար ՀՀ քաղաքացու առնչվելու են այս խստացումները, հետեւաբար նրանք նույնպես մինչեւ հունիսի 15-ը պետք է լքեն ՌԴ տարածքը: Այս մասին ասել է «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի աշխատանքային միգրացայի ծրագրի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը:
«Ես կարծում եմ, որ այդ թիվը երկու, երեք անգամ ավելին կարող է լինել: Նրանք այն քաղաքացիներն են, որոնք ունեն միգրացիոն հաշվառման ժամկետի, միգուցե մուտքի հետ կապված խախտում: Հնարավոր է՝ չունեն աշխատանքային պայմանագիր, եւ բազայում երեւում է, որ անօրինական են գտնվում: Ենթադրվում է, որ այդ քաղաքացիներն այս կամ այն խախտումների համար ձեռք են բերել մուտքի արգելք: Եվ եթե ժամանակին չեն բողոքարկել դա, ապա նշանակում է, որ անօրինական են գտնվում ՌԴ-ում: Միակ տարբերակը ՌԴ-ից դուրս գալն է»,- ասել է Տ. Բեժանյանը:
Հայաստանի միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանի խոսքով՝ ինչպես ԱՊՀ մյուս երկրները, այնպես էլ Հայաստանի քաղաքացիներն անօրինական կարգավիճակով ՌԴ-ում գտնվելիս բախվում են այս խնդրին:
«Ինչպես ԱՊՀ մյուս երկրների, այնպես էլ Հայաստանի իշխանություններն այս պահին չունեն որեւէ գործիքակազմ միջամտելու այս պրոցեսներին, նկատի ունեմ քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը: Այս պահին մեր անելիքը իրազեկումն է, որպեսզի անօրինական միգրանտն իմանա, թե ինչ է իրեն սպասվում, իսկ իրեն սպասվում է դեպորտացիա, եթե կամավոր չվերադառնա Հայաստան»,- ասել է նա՝ նշելով, որ եթե այս ընթացքում երկկողմ քննարկումների արդյունքում ունենան նոր ասելիք, ապա կհրապարակեն:
Դրանից բացի, հուլիսի 7-ին ուժի մեջ է մտնելու միջազգային փոխադրումների իրականացման նկատմամբ կիրառվող վերահսկողության գործընթացին վերաբերող մի փոփոխություն, ըստ որի՝ սահմանահատման ժամանակ օտարերկրյա փոխադրողը, եթե ունի չվճարված տուգանք, ապա սահմանին խնդիրներ է ունենալու: Առայժմ դա վերաբերում է բեռնափոխադրողներին, սակայն երբ սահմանները բացվեն, ապա դա առնչվելու է նաեւ ուղեւորափոխադրումներին:
Այս ամենից զատ, ներկայում հանրային քննարկումների մեջ գտնվող մի շարք այլ փոփոխությունների փաթեթ առաջիկայում կմտնի ՌԴ օրենսդիր մարմին: Տաթեւիկ Բեժանյանի խոսքով՝ այս փաթեթով առաջարկվող փոփոխություններով խաղի բավական խիստ կանոններ են սահմանվում: Միգրանտները շատ լուրջ դժվարությունների առաջ են կանգնելու:
«Ծայրաստիճան խիստ փոփոխություններ են սպասվում: Գործող կարգով տարվա ընթացքում յուրաքանչյուր 180 օրվա մեջ ԱՊՀ ու 61 այլ երկրի քաղաքացիներ կարող են գտնվել 90 օր: Նոր նախագծով նախատեսվում է այդ ժամկետը դարձնել 30 օր 365 օրվա ընթացքում: Ժամկետը մի քանի անգամ կրճատվում է: Ավելի երկար մնալու պարագայում քաղաքացին պետք է անցնի բուժզննում, հանձնի մատնահետք, ունենա բժշկական ապահովագրություն, հանձնի ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության, Ռուսաստանի մշակույթի քննություն, ձեւակերպի ID քարտ՝ չիպով, որին պետք է հետեւեն գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգի միջոցով»,- ասել է Տ. Բեժանյանը:
Մեկ այլ առաջարկվող փոփոխության համաձայն՝ աշխատանքային միգրանտի համար շատ բարդ է լինելու է տեղում աշխատանքը փոխելը: Օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են լինելու գրանցվել օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված թափուր աշխատատեղերի ռեեստրում, իսկ գործատուն պարտավոր է գրանցվել գործատուների եւ ձեռնարկատերերի էլեկտրոնային ռեեստրում: Այդ ճանապարհով հնարավոր կլինի աշխատանքի անցնել:
ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԹԻՎԸ ԱՃԵԼ Է
Այն, որ Երեւանում երթեւեկությունն անկանխատեսելի է, շատ դեպքերում աղաղակող խախտումներով, վաղուց հայտնի փաստ է: Վարորդների մեծ մասը, տեղյակ լինելով, որ որոշ վայրերում տեղադրված արագաչափ սարքեր կամ ճանապարհային ոստիկաններ չկան, վստահ լինելով, որ իրենք արագությունը գերազանցելու համար չեն տուգանվի, մեքենաները վարում են ուզածի նման` հոծ գիծը խախտելով, անկանոն, խառը: Նկատենք, որ այս տարվա երկու ամիսներին պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած` ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն ավելացել է, նաեւ զոհերի ու վիրավորների թիվն է աճել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին մեր հանրապետությունում արձանագրվել է 652 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 56, վիրավորվել՝ 978 մարդ: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը կազմել է 633, զոհերի թիվը՝ 44, իսկ վիրավորվել են 953-ը: Պաշտոնապես այս տարվա երկու ամիսներին ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է 3 տոկոսով: Սակայն մասնագետների մի շրջանակ պնդում է, որ ՃՏՊ-ների թվի աճի երկրորդ պատճառը կապված է ավտոմեքենաենրի թվի ավելացման հետ: Վերջին տարիներին Հայաստանում զգալի մեծացել է ավտոպարկը, ինչն արդեն իսկ լուրջ պատճառ է ճանապարհատրանսպորտային պատահարների քանակական ավելացման:
Բայց, մյուս կողմից, հայտնի է, որ մեր երկրում տեղի ունեցող վթարների զգալի մասը վարորդների ոչ պրոֆեսիոնալ վարման հետեւանքն է, քանի որ նրանցից շատերը պարզապես չեն տիրապետում երթեւեկության տարրական կանոններին: Արդյունքում այսօր Հայաստանում ով ասես, մեքենա է վարում` վտանգելով մարդկանց կյանքը:
Ս.Հ.
ՄԱՍՆԱՎՈՐ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՆ ՍԱՐՔԵԼ
Ապրիլի 17-ին Լուսաձոր գյուղի բնակչուհի Սոֆյա Այվազյանը դիմել է «Վեոլիա ջուր» ընկերություն եւ ոստիկանության Իջեւանի բաժին՝ հայտնելով, որ Լուսաձոր գյուղը երեք օր զրկված է խմելու ջրից։ Սոֆյան, նրա քույր Թամարը եւ նրանց ծեր մայրը վատառողջ եւ չեն կարող ուրիշ տեղերից ջուր կրել։ Լինելով Լուսաձորում՝ տեղեկացանք, որ 2012թ. Լուսաձորում 100 կամ 120 միլիոն դրամ արժեքով խմելու ջրագիծ է կառուցվել, որի բացմանը ներկա է եղել փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։ Այդ ջրագծի օրվա կարգավորիչ ջրամբարը եւ քլորակայանը ի սկզբանե նախատեսված են եղել սարքել համայնքային ենթակայության ցածրադիր վայրում, սակայն դրանք կառուցվել են այժ հանգուցյալ Միքայել Այվազյանին պատկանող, վերջինիս որդի Գառնիկ Այվազյանի կողմից տնօրինվող սեփական հողամասի մի մասում՝ 400 քմ տարածքում։ Ցածրադիր վայրում պոմպակայանի կառուցումն ավելի ձեռնտու է, ավելի բարձր տեղանքում այն տեղակայելը հնարավորություն չի տալիս մեծ քանակի ջուր մղել։ Գառնիկ Այվազյանը, կողպելով այդ տարածքի դուռը, ապրիլի 15-ին մեկնել է Ռուսաստան՝ խափանելով պոմպակայանի աշխատանքը։ 2012թ. կառուցված ջրագիծը համայնքի ավագանու՝ 2016թ. մայիսի 20-ի որոշմամբ, 3 կողմ եւ 2 դեմ քվեարկությամբ սեփականության իրավունքով անհատույց հանձնվել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին, որն էլ հետագայում տվել է «Վեոլիա ջուր» ընկերությանը։ Ավագանու որոշման մեջ պոմպակայանի եւ քլորակայանի հասցեն նշված է համայնքային սեփականություն հանդիսացող ցածրադիր վայրը, ուր ի սկզբանե պետք է սարքվեին այդ կառույցները։ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մեսրոպյանը գրավոր հարցում է արել Լուսաձոր համայնքի ղեկավար Վարդան Սարդարյանին, թե ինչպես կարող է պոմպակայանի տարածքը, լինելով ուրիշի սեփականություն, ավագանու որոշմամբ անհատույց փոխանցվել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին։ Վ. Սարդարյանը չգիտի այդ հարցի պատասխանը, ինքը 2016-ի հոկտեմբերից է համայնքի ղեկավարը, 2016թ. մայիսին համայնքի ղեկավարը Սուրեն Քոչարյանն էր։ Գառնիկ Այվազյանը հայտարարել է, թե համայնքը այդ 400 քմ հողամասի փոխարեն իրեն պետք է այդչափ հողամաս հատկացնի։ Վ. Սարդարյանը տարակուսում է, որ 2012թ. մասնավոր 400 քմ տարածքում պոմպակայան եւ քլորակայան կառուցելուց հետո մինչեւ 2016թ. հոկտեմբեր Սուրեն Քոչարյանը ինչու այդչափ տարածք չի հատկացրել Գառնիկ Այվազյանին: Ջրագծի կառուցման ծրագիրն իրականացնելիս, չի լուծվել պոմպակայանի եւ քլորակայանի տարածքի պատկանելիության հարցը, ծրագրի փաստաթղթերում այդ կառույցների հասցեն նշված ցածրադիր վայրն է։ Դա չէր կարող պատահական լինել, քանի որ Գառնիկ Այվազյանի հորաքույր Լեյլին Լուսաձորի համայնքապետարանի հաշվապահն է եւ ի պաշտոնե պետք է իրազեկ լիներ ծրագրի փաստաթղթերին։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ