Երեկ Ստրասբուրգում քննարկվել են Եվրոպայի խորհրդի գերակայությունները, որի ընթացքում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ իր համար հասկանալի չէ, թե ինչու է հետեւողականորեն Վեհաժողովի գերակա թեմա դառնում ռուս ընդդիմադիր Ալեքսի Նավալնու հարցը, մինչդեռ հայ ռազմագերիների ազատումը, Ադրբեջանի քաղաքական էլիտայի արմենաֆոբ հայտարարությունները, Ադրբեջանում հայկական զինուժի ռազմավարի ամոթալի ցուցահանդեսի բացումը չեն արժանանում միջազգային հանրության հստակ գնահատականին: Իր ելույթում Զոհրաբյանը, խոսելով Բաքվում բացված հայ ռազմատեխնիկայի ցուցահանդեսի մասին, դա որակել է սովորական ֆաշիզմ։ Խոսելով հայ ռազմագերիների մասին՝ Զոհրաբյանը նշել է, որ ադրբեջանական տեսանյութերում ֆիքսված ռազմագերիներից մեկի մարմինը ծնողները հանձնել են հողին. նա սպանվել էր գերության մեջ:
Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել Վեհաժողովին գնահատական տալ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը եւ օգտագործել իր բոլոր լծակները հայ ռազմագերիների ազատության համար։ «Մենք շատ կարեւոր զեկույց ենք քննարկում՝ մեր կառույցի գերակայությունները եւ ռազմավարությունը: Այն, որ վերջին տարիներին Եվրոպայի խորհուրդը եւ մեր Վեհաժողովը շատ տարօրինակ տրանսֆորմացիաներ են ապրում իրենց գերակայությունները նախանշելիս, դա փաստ է:
Ինձ համար առնվազն տարակուսելի է, որ Եվրոպայի խորհուրդը, որը, կարծես թե, վերածվել է հակառուսական ակումբի, իր բոլոր վերջին օրակարգերում թիվ մեկ թեմա է ընտրում ռուս ընդդիմադիր Ալեքսի Նավալնու հարցը: Մինչդեռ այն, ինչ տեղի է ունենում 21-րդ դարում Եվրոպայի խորհրդի անդամ որոշ երկրներում, ուղղակի զարհուրելի է. օրեր առաջ Բաքվում բացվեց իր ցինիզմով աննախադեպ մի ցուցահանդես՝ արցախյան վերջին պատերազմում հայկական կողմից առգրավված ռազմական ավարի ցուցահանդեսը, եւ պետք էր տեսնել, թե ինչպես էր Ալիեւը հպարտորեն քայլում սպանված հայ զինվորների սաղավարտների միջով, պետք էր տեսնել, թե ինչպես էին ադրբեջանցի երեխաները զվարճանում հայ զինվորների մանեկենները խեղդելով:
Բաքվի ահա այդ ֆաշիստական ցուցահանդեսի հարցը այսօր պիտի դառնար գերակա հարցերից մեկը: Զարհուրելի էր տեսարանը, թե ինչպես էին ադրբեջանցիները կիլոմետրերով հերթ կանգնել անարգանքի այդ ցուցահանդեսը տեսնելու համար: Նրանք իրենց հետ բերել էին իրենց երեխաներին, ովքեր հայտարարում էին, որ հայն իրենց գենետիկ թշնամին է:
Հարգելի՛ գործընկերներ, լավ է, որ այսօր վերջապես մեր Վեհաժողովը քննարկելու է հայ ռազմագերիների հարցը: Պատերազմից վեց ամիս անց մենք ունենք Ադրբեջանի բանտերում պահվող հարյուրավոր ռազմագերիներ, եւ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին տրամադրել հստակ տեղեկատվություն հայ ռազմագերիների վերաբերյալ, այլեւ ցինիկաբար հայտարարում է, որ նրանք ռազմագերիներ չեն: Ի դեպ, ռազմագերիներից մեկին օրերս ծնողները հանձնեցին հողին: Ես ուզում եմ հասկանալ՝ ինչու մինչեւ հիմա Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը չի այցելել Բաքվի բանտեր՝ տեսնելու, թե ինչ անմարդկային պայմաններում են պահվում հայ ռազմագերիները:
Հարգելի՛ գործընկերներ, երբ մեր կողքին Եվրոպայի անդամ երկրներ Ադրբեջանն ու Թուրքիան ամենացինիկ կերպով ոտնահարում են մարդու իրավունքը, երբ Ալիեւը հայտարարում է, որ իրենք այս պատերազմում հաղթեցին, որովհետեւ ադրբեջանցի երիտասարդների մի ողջ սերունդ իրենք մեծացրին թշնամու հանդեպ ատելությամբ, ահա այս կարգի ռասիստական եւ հայատյաց հայտարարությունները պիտի դառնան մեր կառույցի քննարկման առարկա, այլապես ֆեյք օրակարգերով մենք ոտնահարում ենք մեր կառույցի հիմնարար արժեքները»,- հայտնել է Ն. Զոհրաբյանը:
ՇՐՋԱՆԱԿՆ ԸՆԴԼԱՅՆՎԵԼ Է
«Դայակ՝ պետության աջակցությամբ» ծրագրի շահառուների շրջանակի ընդլայնման նպատակով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։ Այս մասին նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: «Առկա կարգավորումներով` ծրագրի շահառուների համար նախատեսված են առաջնահերթություններ, ինչը երբեմն սուբյեկտիվ որոշումների եւ արդարացի դժգոհությունների տեղիք է տալիս։ Նպատակ ունենալով սոցիալական ծառայությունները դարձնել առավել մատչելի, ինչպես նաեւ կարեւորելով աշխատող մայրերի խրախուսումը՝ նախագծով առաջարկվում է հանել առաջնահերթությունների սահմանումը։ Արդյունքում, ծրագրից կարող են օգտվել բոլոր դիմողներն, ովքեր երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում վերադարձել են աշխատանքի։ Ծնողների ընտրությամբ երեխայի խնամքը կարող է կազմակերպվել կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատություններում կամ դայակի օգնությամբ: Ծրագրի համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ»,-նշել է նախարարը։
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ
Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին հիշեցնում է, որ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաեւ ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը հարկային մարմին կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով: Ստորագրված ու սկանավորված դիմումը եւ տեղեկանքը պետք է ուղարկել ձեռք բերված կամ կառուցվող անշարժ գույքի հասցեն սպասարկող սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին: Նշենք, որ շահառուի հետ հետադարձ կապն արդյունավետ ապահովելու նպատակով դիմումն ուղարկելուց անմիջապես հետո դիմումատուի նույն էլեկտրոնային հասցեին ավտոմատ ուղարկվում է կարճ հաղորդագրություն՝ փաստաթղթերը հաջողությամբ ընդունվելու վերաբերյալ: Փաստաթղթերի անճշտության դեպքում ՊԵԿ աշխատակիցը կապ է հաստատում շահառուի հետ: Կոմիտեն վստահեցնում է, որ բոլոր դիմումներն առանց խնդիրների ստացվում եւ ժամանակին ուսումնասիրվում են: Հեռահար աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ՊԵԿ-ն առաջարկում է դիմումը ներկայացնել այն դեպքում, երբ՝
- առկա է ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված տոկոսագումարների վերաբերյալ ստորագրված եւ սկանավորված տեղեկանքը,
- գործատուների կողմից եկամտային հարկի եւ սոցիալական վճարի` տվյալ եռամսյակին վերաբերող ամսական հաշվարկները ներկայացված են եւ վճարված։ Բացառություն են առաջին անգամ ներկայացվող դիմումները: Այս դեպքում՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել առձեռն, սակայն, համավարակով պայմանավորված, հարկային մարմինը փաստաթղթերն ընդունում է նաեւ փոստային ծառայության միջոցով:
ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
Շաբաթ օրն ահազանգ ստացա. Կիլիկիա ավտոկայանից զանգողները արցախցիներ էին, նրանք տեղեկացրին, որ ավտոկայանից Արցախ տեղափոխող ավտոբուսները պարբերաբար չեն կատարում իրենց պարտականությունները, եւ անընդհատ խնդիրներ են առաջանում։ Այս մասին Երեւանի ավագանու նիստին ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը: Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, անդրադառնալով բարձրացված խնդրին, հայտնել է, որ վերջին երկու ամսում երկու ավտոբուս է մեկնում Արցախ, եւ այնտեղ մեկնող մարդիկ խնդիրներ չեն ունեցել. «Մենք ստանում են կառավարությունից գումար եւ այն փոխանցում ենք տեղափոխող կազմակերպությանը: Կարծում եմ՝ տեղափոխող կազմակերպությունը դեմ չի լինի հավելյալ ավտոբուսներով ուղեւորափոխադրում իրականացնել»: Հռիփսիմե Առաքելյանն ընդգծել է. «Վերջին մի քանի շաբաթը բավականին վատ է կազմակերպվում ուղեւորափոխադրման աշխատանքը, եւ արցախցիների մոտ խնդիր է առաջանում: Ժամը 6-ին գալիս են, ասում են՝ ավտոբուսը 7-ին կլինի, հետո ասում են՝ 7-ին չի լինում, 8-ին կլինի, այդպես շարունակ, եւ վերջում այդ մարդիկ մասնավոր երթուղայիններով են գնում՝ գումար վճարելով»:
Հռիփսիմե Առաքելյանը հավաստիացրել է, որ շաբաթ օրը մեծ միջադեպ է գրանցվել, եւ մեկ ավտոբուս եկել է ժամանակից շուտ եւ քիչ ուղեւորներ է տարել Արցախ, իսկ երկրորդ ավտոբուսն ընդհանրապես չի եկել, եւ մարդիկ վճարովի հիմունքներով են տեղափոխվել: