Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձում «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը և դրանով Հայոց ցեղասպանության ճանաչումը շարունակում է լայն քննարկման առիթ հանդիսանալ:
Ամերիկյան Politico հանդեսը «Ինչպես Բայդենը կատարեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստումը՝ մի խոստում, որ ժամանակին դրժել էր Օբաման»․ խորագրով մի հոդված է հրապարակել, որում մի քանի հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին նախորդած իրադարձությունների վերաբերյալ՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Մասնավորապես, Politico-ի տեղեկություններով 2020 թվականի նախագահական ընտրություններից հետո Բայդենի թիմակիցները երկու անգամ հանդիպել են ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Առաջին հանդիպումը տեղի է ունեցել հին վարչակազմից նորին իշխանության փոխանցման ժամանակահատվածում, երկրորդը՝ արդեն Բայդենի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց մի քանի շաբաթ անց։
Ամերիկյան պարբերականը նաեւ հիշեցրել է, որ տասնամյակների ընթացքում ամերիկահայերն այս հարցում բազմաթիվ անգամներ հուսախաբ են եղել։
Ամենաթարմ օրինակը 2009 թվականին էր, երբ նախագահ Բարաք Օբաման, չնայած քարոզարշավի ընթացքում հնչեցրած կոչերին, որոշեց չարտաբերել «ցեղասպանություն» բառը։ Այն ժամանակ, սակայն, ըստ ամերիկյան պարբերականի, Բայդենի շրջապատում այս որոշումը մեծ ոգևորություն չէր առաջացրել։
Ինքը Բայդենը նախագահական ընտրարշավ մուտք գործելուց հետո ցեղասպանության թեմային անդրադարձել էր 2019 թվականին՝ Բոստոնում կազմակերպված դրամահավաք-ճաշկերույթի ժամանակ։
Politico-ն հատուկ ընդգծում է, որ Միացյալ Նահանգների և Թուրքիայի առանց այդ էլ սառը հարաբերությունները ցեղասպանության պաշտոնական ճանաչման համար ավելի լայն հնարավորություն ստեղծեցին։ Սպիտակ տան կողմից ցեղասպանության ճանաչումը Հայաստանից բացի, լայն արձագանքի է արժանացել նաև Թուրքիայում:
Մանրամասները՝ տեսանյութում