Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ալիեւի՝ Զանգեզուրի մասին հայտարարությանը:
Ադրբեջանի նախագահը 2021թ. ապրիլի 20-ին ադրբեջանական գլխավոր հեռուստաընկերությանը տված հարցազրույցով Հայաստանի ողջ բնակչության մասին խոսել է ուժի, պատերազմի բացահայտ սպառնալիքներով: Նկատի ունենալով Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարածքը՝ նա խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու եւ Հայաստանի բնակչության դուրս շպրտելու մասին՝ անկախ Հայաստանի կամքից: Ադրբեջանի նախագահը նաեւ նշել է. «Բոլոր ուժերը մոբիլիզացված են ծրագիրն իրագործելու համար: Այսպիսով, 101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը վերադառնում է գրավված Զանգեզուր»:
Դրանից առաջ էլ՝ 2021թ. ապրիլի 12-ի եւ 13-ի ելույթներով, օրինակ, Ադրբեջանի նախագահը բացահայտ նշում է, որ Հայաստանում ու Արցախում ապրող սովորական մարդիկ, ողջ հայ ժողովուրդն ունեն հոգեբանական խեղումներ, թույնով են լցված, անհասկացող են, վայրենի են, մեծամիտ են, չունեն բարոյականություն եւ այլն: Փոխարենը ի ցույց է դնում, իր կարծիքով, Ադրբեջանի ժողովրդի առավելությունները, նրանց հայ ժողովրդի հետ համեմատությամբ համարում դասով, բարոյականությամբ ու հոգեբանությանբ առավել բարձր:
Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի հարցազրույցը ցեղասպան քաղաքականության ապացույց է, այն պարունակում է միջազգային իրավունքով բարցարձակ արգելված, Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված ահաբեկումներ: Այս ամենն իրականացվում է պատմական փաստերի բացահայտ աղավաղմամբ՝ ներկայացնելով Զանգեզուրն իբր ադրբեջանական պատմական տարածք: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ Ադրբեջանի նախագահը 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո հատկապես անում է հայտարարություններ, որոնք ֆաշիստական քաղաքականության վկայություն են: Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահն այսկերպ պետական բարձրագույն մակարդակով զարգացնում է էթնիկ ատելություն, այսինքն՝ հայատյացություն, ու իրականացնում թշնամանքի հրապարակային քարոզ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտական ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանական նման պետական քաղաքականությունն է ընկած պատերազմի ընթացքում ու դրանից հետո հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների, կենդանի մարդկանց գլխատումների, խոշտանգումների եւ այլ պատերազմական հանցագործությունների հիմքում:
Այս օրերին Մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք աշխատանքներ է իրականացնում ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում: Աշխատանքների արդյունքները հաստատում են, որ ադրբեջանական զինվորականները կրակում են խաղաղ բնակավայրերի հարեւանությամբ, բացահայտ ահաբեկում խաղաղ բնակիչների ու երեխաներին՝ անգամ ձեռքով համապատասխան նշաններ անելով:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը վճռականորեն է հրավիրում միջազգային, հատկապես՝ մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպությունների ուշադրությունն այս ցեղասպան ու ֆաշիստական բնույթի հայտարարություններին:
Միջազգային կառույցները պարտավոր են հաշվի առնել, որ նրանց լռությունն էր, որ պատերազմի ընթացքում նպաստեց ադրբեջանական ավելի մեծ դաժանությունների, իրավունքների անհավանական կոպիտ խախտումների: Դա է նաեւ պատճառը, որ Ադրբեջանի նախագահի կողմից արվում են նման բացարձակ ագրեսիվ, միջազգային իրավունքի հիմքերը խարխլող հայտարարություններ:
Անհրաժեշտ է վճռական, իրական արդյունք ապահովող միջոցներով կանխել ադրբեջանական ցեղասպան ու ֆաշիստական քաղաքականությունը, հայատյացության ու թշնամանքի պետական քարոզը՝ բացառելու համար իրավունքների նոր խախտումներ, նոր պատերազմական հանցագործություններ ապագայում:
ԿԵՐԵԼ ԵՆ ԹՈՒՆԱՎՈՐ ԲՈՒՅՍ
Ապրիլի 19-ին՝ ժամը 22:26-ին, նախնական սննդային թունավորում ախտորոշմամբ Իջեւան քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել Իջեւան քաղաքի հարակից Գետահովիտ գյուղի բնակիչ, 1980թ. ծնված Հայկ Սարգսյանը, նրա կինը՝ ծնված 1980թ., 12-ամյա դուստրը եւ 13-ամյա տղան։
Ընտանիքի 12-ամյա աղջիկը Իջեւանի բժշկական կենտրոնում մահացել է։ Հայկ Սարգսյանը, նրա կինը եւ տղան տեղափոխվել են Երեւան քաղաքի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր եւ «Մուրացան» բժշկական կենտրոն։ Գետահովիտ համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանը հայտնեց, որ Հայկ Սարգսյանը արհեստավոր է։ Համայնքի ղեկավարի խոսքերով՝ սննդային թունավորւմը տեղի է ունեցել այն պատճառով, որ ընտանիքն օգտագործել է իրենց տնամերձ հողամասից հավաքած բույս։ Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանն ասաց, որ Հայկ Սարգսյանի ընտանիքի անդամներն իրենց մոտ են տեղափոխվել շատ ծանր վիճակում, իրենք ամեն ինչ ձեռնարկել են, սակայն 12-ամյա աղջկա կյանքը փրկել հնարավոր չի եղել: Է. Գրիգորյանը հայտնեց, որ սննդային թունավորման պատճառը եղել է այն, որ ընտանիքի անդամները իրենց տնամերձ այգուց հավաքել, տապակել եւ կերել են ոչ ուտելի բույս, որը պարունակում է խիստ թունավոր նյութ՝ կոլին։
ԿԱՆՈՆՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ
Տավուշի մարզի քաղաքներում եւ գյուղերում չեն պահպանվում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի կանոնները, մասնավորապես՝ բնակիչները պաշտպանիչ դիմակներ չեն կրում։ Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքի, մարզի մյուս քաղաքների փողոցներում մարդիկ քայլում են առանց դիմակի, դիմակներ կրում են բանկեր, այլ հաստատություններ մուտքի ժամանակ, քանի որ դա այդ հաստատությունների կողմից այցելուներին ներկայացվող պահանջ է; Իջեւան-Երեւան միկրոավտոբուսային երթուղու «Գազելների» ուղեւորները երկժամյա ուղերթի ժամանակ պաշտպանիչ դիմակներ չեն կրում։ Մարդիկ մի տեսակ անտարբեր են դարձել կորոնավիրուսի վտանգի դեմ, իսկ Առողջապահության նախարարության կամ այլ մարմինների կողմից համապատասխան հսկողություն չկա։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՆ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա ամփոփվել են 2021 թվականի մարտ ամսվա ցուցանիշները. տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը: Մասնավորապես, 2021թ. մարտ ամսվա տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 622.5 հազար, ինչը, 2020թ. մարտի համեմատ, ավելի է շուրջ 2.5 հազարով, 2019թ. մարտի համեմատությամբ` 38.5 հազարով, իսկ 2018թ. մարտի համեմատությամբ` 85.5 հազարով: Միաժամանակ, 2021 թվականի մարտին, նախորդ տարիների նույն ամիսների համեմատությամբ, աճել են նաեւ եկամուտները, եկամտային հարկը, ինչպես նաեւ մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը: Մասնավորապես` այս տարվա մարտին եկամուտը կազմել է 131.5 մլրդ դրամ, ինչը, 2020թ. մարտի համեմատ, ավելի է 7.8 մլրդ դրամով, 2019թ. մարտի համեմատ` 24.1 մլրդ դրամով, իսկ 2018թ. մարտի համեմատ` 38 մլրդ դրամով: Եկամտային հարկը 2021թ. մարտին կազմել է 28.2 մլրդ դրամ, 2020թ. մարտին` 27.9 մլրդ դրամ, 2019թ. մարտին` 27 մլրդ դրամ, իսկ 2018թ. մարտին` 23.3 մլրդ դրամ: Մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան) 2021թ. մարտին կազմել է 211 300 դրամ, ինչը 2020թ. մարտ ամսվա նույն ցուցանիշից ավելի է 11 800 դրամով, 2019թ. մարտի համեմատությամբ` 27 400 դրամով, 2018թ. մարտի համեմատությամբ` 37 200 դրամով:
ԱԿԱՆԱԶԵՐԾՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման եւ պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը: Ռուսաստանյան խաղաղապահները մեկ օրվա ընթացքում ականազերծել են 5 հա տարածք, 1 կմ ճանապարհ: «Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2 017 հա տարածք, 621 կմ ճանապարհ, 1 716 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 25 580 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:
Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: