ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ Է ԹԱՓՈՒՐ ՏԵՂ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021 թվականի հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման կարգով նախատեսված է, որ ԿԳՄՍ նախարարությունը պետք է ստեղծի եւ վարի գործուղվող մասնագետների շտեմարան. տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:

 

Այդ նպատակով կրթության կառավարման միասնական տեղեկատվական հարթակում գործարկվել է kadrer.emis.am կայքը, որտեղ մարզպետարանները ներկայացնում են իրենց մարզում առկա մանկավարժների պահանջարկը: Շտեմարանում այս պահին գրանցված է ՀՀ բարձրլեռնային եւ սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական դպրոցներում առկա 189 ուսուցչի թափուր տեղ: Առցանց հարթակում նշված է մարզը, բնակավայրը, դպրոցը, առարկայի անվանումը, թափուր ժամերի քանակը եւ դրան համապատասխան վարձատրության չափը, ուսումնական հաստատության հետ կապ հաստատելու կոնտակտային տվյալները եւ այլն:

Նշված բնակավայրերում աշխատելու ցանկություն ունեցող մասնագետները, եթե նրանք բավարարում են ուսուցչի որակավորման սահմանված չափանիշներին, կարող են առցանց գրանցվել` նշելով նախընտրելի դպրոցը եւ մասնագիտությունը:Սահմանամերձ բնակավայրերում այժմ աշխատում են նախկին կարգով` ՀՀ կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1412-Ն որոշմամբ գործուղված մոտ 240 մանկավարժներ: Նրանց հետ կնքված պայմանագրերն իրենց ուժը կպահպանեն մինչեւ 2020-2021 թթ. ուսումնական տարվա ավարտը։

Նախորդի համեմատ՝ գործուղման նոր կարգով սոցիալական մի շարք բարելավումներ են նախատեսվում, մասնավորապես՝ գործուղված ուսուցիչները 30 տոկոս աշխատավարձի հավելավճար կստանան: Բացի դրանից, կհատկացվի  8.000-50.000 դրամ գույքի տեղափոխման գումար (նախկինում հատկացվել է 15?000 դրամ): Առաջարկվում է նաեւ բնակարանային վարձի գումար՝ ըստ մարզերի՝ 10.000-ից 33.000 դրամի չափով (նախկինում հատկացվել է ամսական 10.000 դրամ), տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու տրանսպորտային ծախս, ինչպես նաեւ կոմունալ ծախսերի գումար` ամսական 10.200 դրամ (նախկինում հատկացվել է կեցության եւ այլ ծախսեր` ամսական 5.000 դրամ):

Վերոնշյալ հատկացումները տրամադրվում են մարզպետարանների կողմից՝ եռամսյակային կտրվածքով։

Առիթն օգտագործելով` Արցախից Հայաստան տեղափոխված ուսուցիչներին  նախարարի տեղակալը հորդորում է  համալրել  սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի մանկավարժական թափուր տեղերը: Նա նաեւ նշում է, որ գործուղված ուսուցիչը կարող է համատեղությամբ աշխատել` դասավանդելով հարեւան համայնքներից մեկի դպրոցում եւս, եթե, ըստ նրա մասնագիտության, առկա լինեն թափուր դասաժամեր, եւ գործուղման վայրում լիարժեք ծանրաբեռնվածությամբ չապահովվի: Այս դեպքում գործուղված մասնագետը կարող է օգտվել նաեւ ուսուցիչների համար նախատեսված տրանսպորտային փոխհատուցման հնարավորությունից, եթե հարեւան բնակավայրը գործուղման վայրից առնվազն 5 կմ հեռավորությամբ է գտնվում:

«Կան առարկաներ, որոնց համար նախատեսված դասաժամերը քիչ են, հետեւաբար հնարավոր չէ ամբողջական դրույքով ծանրաբեռնվածություն ապահովել: Այդպիսի առարկաներից են, օրինակ, «Երաժշտությունը», «Տեխնոլոգիան», «Կերպարվեստը»: Վերջին տարիներին ավանդաբար շատ են նաեւ բնագիտական առարկաների ուսուցիչների թափուր տեղերը»,- նշել  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը` հավելելով, որ գործուղումը լավ հնարավորություն է հատկապես բուհը նոր ավարտած մասնագետների համար: Ժ. Անդրեասյանի տեղեկացմամբ` թափուր տեղերի պահանջարկի ձեւավորումը վերջնական չէ. տեղեկատվությունը մարզերի կողմից անընդհատ համալրվում եւ թարմացվում է:

Գործուղման նոր կարգով որոշակի հստակեցումներ են կատարվել. գործուղվող մասնագետի հետ պայմանագիր կարող է կնքվել 1 ուստարվա համար, յուրաքանչյուր մասնագետի հետ՝ առավելագույնը երկու անգամ: Ընդ որում՝ եթե թեկնածուն երեք անգամ հրաժարվում է գործուղվելու առաջարկությունից, նրա տվյալները երեք տարով հանվում են մասնագետների թեկնածուների շտեմարանից։

Ընդգծելով գործուղման պայմանների բարելավման կարեւորությունը` Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնում, որ մարզային դպրոցներում առկա թափուր մանկավարժական տեղերի պահանջարկի հարցը գործուղման կարգով ամբողջությամբ չի լուծվում: Նրա խոսքով` առաջարկվող տարբերակը միջանկյալ լուծում է, մինչեւ հիմնական ուսուցիչ գտնելը: Նոր կարգով  նույն մասնագետի հետ նույն դպրոցում կարող է առավելագույնը երկու անգամ կնքել գործուղման պայմանագիր, որից հետո գործուղված մասնագետին կարող է առաջարկվել հիմնական աշխատանքային պայմանագիր` մրցութային կարգով: Այսինքն` հիմնական ուսուցիչ ներգրավելու նպատակով դպրոցը պետք է շարունակաբար՝ մինչեւ տվյալ տեղի վերջնական համալրումը, ուսուցչի թափուր տեղի համալրման մրցույթներ հայտարարի:

 

 

1033 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում ապրիլի  21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1033 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 210 518-ի: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 3944 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Ապրիլի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 987 է: Ընդհանուր առմամբ, մահվան  դեպքերի թիվը հասել է 4931-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 583 է, ընդհանուր առողջացածներինը՝ 190 271, փաստացի բուժվողներինը՝ 15 316 (մեկ օրում ավելացել է 420-ով): Մեկ օրում արվել է 4641 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 946 642 թեստ:

 

 

ՊԱՏԱՍԽԱՆ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակի պատասխանն ակնկալում է ստանալ ապրիլի 24-ին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը  նշել է, որ դա կարեւոր քայլ կլինի Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման գործում:  «Պաշտոնապես տեղեկացվել ենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակը տեղ հասել է: Պատասխանն ակնկալում ենք ապրիլի 24-ին: ԱՄՆ նախագահի ճանաչումը մեծ բան է փոխելու, որովհետեւ ԱՄՆ-ն աշխարհի գերհզոր պետություն է, ՆԱՏՕ-ի առաջատար անդամներից է: Հույս ունեմ, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կունենա շարունակություն առանձին օրենքների, առանձին սանկցիաների տեսքով այն պետության նկատմամբ, որը 100 տարի առաջ իրականացրել է ցեղասպանություն, եւ որը շարունակում է ցեղասպան քաղաքականությունը մեր օրերում: Այսինքն՝ այդ պետության վերաբերմունքում ոչինչ չի փոխվել Հայաստանի հանդեպ: Մենք դա տեսանք վերջին պատերազմի ժամանակ, երբ նպատակաուղղված ագրեսիվ քաղաքականություն էր տարվում Հայաստան պետության դեմ: Կարծում եմ, որ դա սաստելու նման մի բան կլինի»,- ասել է Հարություն Մարությանը: Ապրիլի 14-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը պաշտոնական նամակով դիմել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 

 

ՎԵՐՍԿՍՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Երեւան-Գյումրի-Երեւան երթուղու ԷՊ2Դ արագընթաց էլեկտրագնացքները, որոնց ուղերթները ժամանակավորապես կասեցվել են տեխնիկական պատճառներով, վերսկսում են իրենց աշխատանքը: Այսուհետ ուղեւորները կարող են գնել տոմսերը նաեւ առցանց՝ նախապես ամրագրելով տեղերը կայքում: Չվացուցակն անփոփոխ է. Երեւանից արագընթացները կմեկնեն ամեն ուրբաթ, շաբաթ եւ կիրակի՝ ժամը 09:15-ին, Գյումրիից՝ 17:55-ին:

 




Լրահոս