ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 28-ին երկրորդ ընթերցմամբ քննարկելու է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով հերթական անգամ վնասելու են միայն լրատվամիջոցներին: Մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել, եւ խորհրդարանը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, մյուս կողմից՝ իշխանություններըւ չեն մոռանում, որ պետք է լրատվամիջոցների դեմ իրենց քայլերն ավելացնեն եւ ավարտին հասցնեն՝ կարողանալով այնպես անել, որ լրատվամիջոցները կրեն ֆինանսական լուրջ կորուստներ: Իսկ ինչի՞ մասին է խոսքը. «Ժողովուրդ» օրաթերթը դեռ հունվարի 26-ին գրել էր, որ ՀՀ ֆինանսների նախարարության երկնած նախագծով կառավարությունն առաջարկում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային նոր ընդունված սահմանափակման փոխարեն կիրառել ժամային՝ առավել անհարմար եւ անհնարին սահմանումը՝ նախատեսելով, որ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում: Իհարկե, առաջին հայացքից թվում է, թե դա շատ դրական նախագիծ է, եւ բուքմեյքերական ընկերությունների գովազդի սահմանափակումը բերելու է նրան, որ քաղաքացիները խաղամոլությամբ չտարվեն, սակայն իրականում նման հետեւանքներ չեն լինում, եւ արդյունքը չի արդարացնում այն նպատակը, որն իր առջեւ դնում է նախագիծը: Ավելին՝ ըստ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանի՝ նախորդ սահմանափակումից հետո առցանց խաղամոլների թիվը եռապատկվել է: Հավելենք՝ նախորդ սահմանափակումը վերաբերում էր վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալին: Այսինքն՝ գովազդի սահմանափակումը չի բերում խաղամոլների թվի նվազման: Սա՝ առաջին փաստ, սակայն խնդիրը նաւ տեխնիկական է, քանի որ տեխնիկապես հնարավոր չէ կայքերի պարագայում ժամանակային սահմանափակում կատարել: Հետեւաբար ստացվում է՝ գովազդները հոսելու են դեպի համացանց, եւ լրատվամիջոցները որպեսզի օգտվեն այդ գովազդներից, կարող են գրանցվել արտերկրում, գործունեություն ծավալել իրավաբանորեն այնտեղ, այստեղից աշխատեն եւ հարկեր չվճարեն: Այսինքն՝ իշխանությունները լրատվամիջոցներին մղում են դեպի արտերկիր: Եթե իշխանությունների նպատակն իսկապես մոլախաղերի դեմ պայքարն է, իրենք պետք է սահմանափակեն հենց մոլախաղերը, մարդկանց մուտքը դեպի գրասենյակներ կամ, օրինակ, սահմանափակումներ դնեն խաղադրույքներ անելու չափի վրա, այլ ոչ թե արգելեն գովազդը կամ որոշ ժամերի գովազդը: Եվ ամենակարեւորը՝ հիմա մեր տնտեսությունն այն վիճակում է գտնվում, որ Հայաստանում գովազդատուները շատ չեն, բուքմեյքերներն էլ հանդիսանում են ամենախոշոր գովազդատուն, եւ գովազդը սահմանափակելով՝ առաջին հերթին վնասելու են լրատվամիջոցներին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս ժամանակահատվածում լուրջ տարաձայնություններ են առաջացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների եւ «Առաքելություն» կուսակցության անդամների միջեւ: Բանն այն է, որ այս երկու կուսակցությունները խորհրդարանում ներկայանում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներքո, ու երբ ապրիլի 23-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարվեց «Առաքելություն» կուսակցության խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը, խմբակցության մի քանի պատգամավորների եւ իշխանական ֆրակցիայի ներկայացուցիչների հետ լեզվակռիվ է եղել: Մենք տեղեկացանք, որ «Առաքելության» ներկայացուցիչները իմքայլականներին մեղադրել են երկիրը վատ կառավարելու, տարբեր հարցերում թերանալու, խնդիրները լուծել չկարողանալու համար: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ այդ պատգամավորների թվում են Վահե Հովհաննիսյանը, Արտաշես Պետրոսյանը, Եղիշե Սողոմոնյանը, Կորյուն Մկրտչյանը, որոնք իրենց գործունեության ընթացքում առանձնապես ակտիվությամբ աչքի չեն ընկել: Իշխանական թեւն էլ փորձել է հասկացնել, որ իրենք միմյանցից չեն բաժանվում, այլ հրաժարականը հնարք է, ու իրենք կրկին ստիպված կլինեն միմյանց հետ նույն ճամբարում լինել, պետք չէ նման ձեւով խոսել:
ՀՀ հաշվեքննիչ պալատը ուսումնասիրություն է իրականացրել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պալատը որոշ անհամապատասխանություններ է հայտնաբերել: Մեզ հայտնի դարձավ, որ Երեւանի 6 վարչական շրջաններում հրշեջ մեքենաների թիվը 27-ով պակաս է քաղաքաշինության նորմերով սահմանված քանակից, իսկ Մալաթիա-Սեբաստիա եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում հրշեջ-փրկարարական ջոկատներ տեղակայված չեն, մինչդեռ Երեւանը 200 հազարից ավելի բնակչությամբ քաղաք է, հրշեջ ավտոմեքենաների եւ հաշվարկների թիվը պետք է լինի յուրաքանչյուր 20 000 բնակչի հաշվով 1 մարտական հաշվարկ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մալաթիա-Սեբաստիա եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում կանչերի արձագանքն իրականացվել է հարեւան վարչական շրջաններից: Սա դեռ ամենը չէ. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարվա սեպտեմբերի 1-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը գրությամբ դիմել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին Մալաթիա-Սեբաստիա եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում համապատասխան տարածքներ կամ անշարժ գույք հատկացնելու խնդրանքով, սակայն նախարարությանն ի պատասխան՝ նախորդ տարվա սեպտեմբերի 15-ին Երեւանի քաղաքապետարանը գրությամբ տեղեկացրել է, որ քաղաքի՝ սեփականություն հանդիսացող գույքի կազմում հրշեջ-փրկարարական ջոկատների ստեղծման նպատակով համապատասխան տարածքներ առկա չեն: Ասել է թե՝ քաղաքապետը մերժել է, ու տպավորություն է, որ Մարությանին չեն մտահոգում հրդեհները:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել: Ըստ մեզ հասած լուրերի՝ վերջինս մեղադրվում է 60-հոգանոց զորքի անհետ կորելու մեջ: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկ Մակարյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե, հարցաքննվել է եւ հայտնել՝ վրիպում է տեղի ունեցել, ուղեկցողը շփոթվել է, անփույթ է եղել, եւ նաեւ ասել է, թե ինքը ինքնագլուխ այդ հրամանը չի տվել: Այսինքն՝ եղել է վերադաս հրաման։ Այսքանով սակայն ամեն ինչ չի ավարտվում. այս եւ այլ քրեական գործերով զինվորական քննչական կոմիտեում հարցաքննվել են նաեւ Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը, որոնք այլ տեսակետ են հայտնել: Վերոնշյալ քրեական գործով «Ժողովուրդ» օրաթերթին այլ մանրամասներ եւս հայտնի են, սակայն նախաքննությանը չվնասելու համար դրանք այս փուլում չենք հրապարակում: