ՀՀ հաշվեքննիչ պալատը ուսումնասիրություն է իրականացրել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պալատը որոշ անհամապատասխաննություններ է հայտնաբերել:
Մեզ հայտնի դարձավ, որ Երեւանի 6 վարչական շրջաններում հրշեջ մեքենաների թիվը 27-ով պակաս է քաղաքաշինության նորմերով սահմանված քանակից, իսկ Մալաթիա-Սեբաստիա եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում հրշեջ-փրկարարական ջոկատներ տեղակայված չեն, մինչդեռ Երեւանը 200 հազարից ավելի բնակչությամբ քաղաք է, հրշեջ ավտոմեքենաների եւ հաշվարկների թիվը պետք է լինի յուրաքանչյուր 20 000 բնակչի հաշվով 1 մարտական հաշվարկ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մալաթիա-Սեբաստիա եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում կանչերի արձագանքն իրականացվել է հարեւան վարչական շրջաններից: Սա դեռ ամենը չէ. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարվա սեպտեմբերի 1-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը գրությամբ դիմել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին Մալաթիա-Սեբաստիա եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում համապատասխան տարածքներ կամ անշարժ գույք հատկացնելու խնդրանքով, սակայն նախարարությանն ի պատասխան՝ նախորդ տարվա սեպտեմբերի 15-ին Երեւանի քաղաքապետարանը գրությամբ տեղեկացրել է, որ քաղաքի սեփականություն հանդիսացող գույքի կազմում հրշեջ-փրկարարական ջոկատների ստեղծման նպատակով համապատասխան տարածքներ առկա չեն: Ասել է թե՝ քաղաքապետին չեն մտահոգում հրդեհները:
Ավելին, Հաշվեքննիչ պալատի կողմից չի ընդունվել քաղաքապետարանի անտարբեր պատասխանը: Չի ընդունվել, քանի որ հաշվեքննությամբ արձանագրվել է, որ ելենելով ստեղծված իրավիճակից նպատակահարմար է նշված վարչական շրջանների հրշեջ-փրկարարական ջոկատների ստեղծման նպատակով առաջնորդվել այլ չափանիշներով եւ մշակել դրանց կայանների նոր չափորոշիչներ, որոնք կիրառելի կլինեն ստեղծված պայմաններում։
Երեւանից անցնենք Գյումրի: Ըստ Հաշվեքննիչ պալատի՝ Գյումրի քաղաքը, նախորդ տարվա հունվար ամսվա տվյալներով, ունեցել է շուրջ 118 հազար բնակչություն, իսկ քաղաքի մակերեսը կազմում է 36,2 կմ քառակուսի, սակայն ամբողջ քաղաքի սպասարկումը իրականացվում է մեկ հրշեջ-փրկարարական ջոկատի միջոցով, որի կազմում առկա է ընդամենը 3 հրշեջ-փրկարարական ավտոմեքենա, մինչդեռ, ըստ նորմատիվի, պետք է լիներ ոչ պակաս, քան 5 մարտական հաշվարկ։
Պալատի կողմից այս հարցի բարձրացմանն ի պատասխան՝ ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ ԱՄՆ եվրոպական հրամանատարության մարդասիրական ծրագրի շրջանակներում Շիրակի մարզային փրկարարական վարչությունում իրականացվելու են հրշեջ-փրկարարական ջոկատների շենք-շինությունների, հրշեջ դեպոների վերանորոգման եւ անձնակազմի կարողությունների զարգացման աշխատանքներ: Ըստ ԱԻՆ-ի՝ ծրագրի շրջանակներում Գյումրի 2-ում կառուցվելու է նոր հրշեջ-փրկարարական շենք, իսկ Ախուրյանում հիմնանորոգվելու է: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ այս տարի նախատեսվում է Աշոցքի հրշեջ-փրկարարական շենքի կառուցումը:
Բացի այս, պարզվել է, որ փրկարար ծառայության կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների 73.2 տոկոսը 10-տարի եւ ավելի հնության են, ընդ որում՝ 2011-2020թթ. արտադրության 114 տրանսպորտային միջոցներից 51-ը Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնինն են եւ փրկարար ծառայությանը տրամադրվել են ժամանակավոր՝ անհատույց շահագործման նպատակով։ Ավելին, հին եւ շահագործումից հանված թվով 174 տրանսպորտային միջոցի համար նախատեսվել է վառելիքի եւ պահպանման ծախսեր, սակայն մեքենաները չեն շահագործվել, իսկ պահպանման եւ վառելիքի ծախսերը ավելի են պլանավորվել։
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիան դժվար թե ավելի մոտ հարաբերություններ հաստատի Ռուսաստանի Դաշնության հետ. ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արաբական եւ իսլամական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Բորիս Դոլգովը։
Նրա խոսքով՝ Թուրքիան լավագույն դեպքում կարող է «Բայդենի հայտարարությունից հետո ժամանակավորապես հակված լինել Ռուսաստանի հետ համագործակցելուն»:
«Հիմքեր չկան կարծելու, որ Թուրքիան Ռուսաստանի գործընկերն ու դաշնակիցը կդառնա, որին կարելի է վստահել։ Այդ երկիրը կշարունակի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ մանեւրելու իր քաղաքականությունը»,- ասել է Դոլգովը եւ հավելել, որ, հակառակ նրան, որ վերջին տարիներին Թուրքիան եւ Ռուսաստանը բազմիցս համագործակցել են, ինչպես, օրինակ, Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում եւ այլուր, այնուամենանիվ նրանք հաճախ աջակցել են հակառակորդ ուժերի։
Բացի այդ, երկու երկրների հարաբերությունները վերջերս լարվել են ուկրաինական կողմին ցուցաբերած Թուրքիայի աջակցության հետեւանքով, եւ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բազմիցս նախազգուշացրել է Թուրքիային «ռազմատենչ միտումներով» Ուկրաինային ԱԹՍ-ներ տրամադրելու առթիվ։
Ռուսաստանը նաեւ տուրիստական սեզոնին ընդառաջ դադարեցրել է դեպի Թուրքիա թռիչքները, ինչը վերլուծաբանները եւ որոշ ռուս քաղաքական գործիչներ ներկայացնում են որպես վրեժ Կիեւին սատարելու համար, եւ հայտարարել Թուրքիայի հետ պաշտպանական ոլորտում առկա հարաբերությունների վերանայման մասին։
Վերջին տարիներին, սակայն, լարված են նաեւ Թուրքիա եւ Միացյալ Նահանգներ հարաբերությունները, ինչը իր հերթին կապված է Ռուսաստանի հետ առկա փոխգործակցությամբ եւ հատկապես ՌԴ-ից հակաօդային պաշտպանության ?-400 կայաններ գնելու հետ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան իր ուղերձում օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։
«Ամեն տարի՝ այս օրը, մենք հիշում ենք նրանց, ովքեր մահացել են Օսմանյան ժամանակաշրջանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ, եւ կրկին հանձն ենք առնում կանխել նման վայրագության կրկնությունը երբեւէ: Սկսած 1915 թվականի ապրիլի 24-ից՝ Օսմանյան իշխանությունների կողմից հայ մտավորականների եւ Կոստանդնուպոլսի համայնքի ղեկավարների ձերբակալությամբ 1,5 մլն հայ է տեղահանվել, կոտորվել կամ մահվան ուղարկվել բնաջնջման արշավի շրջանակում: Հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, որպեսզի կատարվածի սարսափները երբեք չմոռացվեն պատմությունից: Եվ մենք հիշում ենք, որ մշտապես զգոն ենք մնալու ատելության կործանարար ազդեցության դեմ պայքարում՝ դրա բոլոր դրսեւորումներում», – ասված էր Միացյալ Նահանգների նախագահի ելույթում։
ՄԻԱՎՈՐՈՒՄ
Ապրիլի 1-ից Տավուշի մարզի 4 տարածաշրջաններում գործող սոցիալական ծառայությունները պետք է միավորվեին, սակայն փաստացի միավորումը տեղի է ունեցել ապրիլի 20-ից հետո։ Միավորվել են տարածքների սոցիալական ծառայությունները, զբաղվածության կենտրոնները եւ սոցիալական ապահովության բաժինները, ստեղծվել է միասնական կառույց։ Թեեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար (այժմ՝ նախկին) Մեսրոպ Առաքելյանը հայտարարել էր, որ այդ միավորման հետեւանքով աշխատանքից ազատվողներ, կրճատվողներ չեն լինի, սակայն նշված 3 ծառայությունների տարածքային մարմիների ղեկավարներն ազատվել են աշխատանքից։ Այդ մարմինների աշխատողները դժգոհում են, որ իրենք ոչ թե շարունակում են իրենց աշխատանքը, այլ իրենց վերաձեւակերպում են որպես նոր աշխատողներ՝ հաշվի չառնելով ունեցած դասային աստիճանը, որի հետեւանքով իրենց աշխատավարձը, նախկինի համեմատ, ցածր է։ Նոր, միասնական հիմնարկի որոշ աշխատողների՝ աշխատանքի ընդունման հրամանները դեռ չկան։
ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ԵՆ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Հովհաննես Հովհաննիսյանի եւ Վաչիկ Դիլանյանի դատավարությունը։ Հովհաննես Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, զբաղեցնելով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի մասնաճյուղի ղեկավարի պաշտոնը, 2017թ. մարտ ամսից մինչեւ մայիսն ընկած ժամանակահատվածում անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, չարաշահել է պաշտոնեկան լիազորությունները՝ թույլատրել է Թեղուտ գյուղի բնակիչ Արագած Թամրազյանին իրականացնել ապօրինի ծառահատումներ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ՝ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելով պետությանը։ Վաչիկ Դիլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, զբաղեցնելով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի անտառապահի պաշտոնը, չարաշահել է պաշտոնեկան լիազորությունները՝ թույլատրել է Թեղուտ գյուղի բնակիչ Արագած Թամրազյանին իրականացնել նշված ծառահատումները։ Հ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով, Վ. Դիլանյանին՝ 308 հոդվածի 2-րդ մասով, 315 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով։ Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ