«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանին հարցաքննության են հրավիրել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչություն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ զինվորական քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվել պատերազմի օրերին Արթուր Վանեցյանի կողմից Շուշիի դիրքերը լքելու մասով: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ զինվորական քննչական վարչությունը մերժել է քրեական գործի հարուցումը եւ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի զինվորական դատախազությունը ստուգի քրեական գործի հարուցումը մերժելու օրինականությունը եւ հաստատի այն: Սակայն այստեղ էլ տեղի է ունեցել անսպասելին. ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է քննչական կոմիտեի որոշումը եւ քրեական գործ է հարուցել ու կրկին ուղարկել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժին՝ քննություն իրականացնելու համար: Ասել է թե՝ Դատախազությունը չի հաշտվել կոմիտեի որոշման հետ եւ որոշել է մինչեւ վերջ գնալ Արթուր Վանեցյանի գործողությունների մասով, նպատակ է դրել ամեն կերպ հասնել նրան, որ այդ հոդվածով քրգործ հարուցվի, ու Վանեցյանը պատժվի: Իրավական դաշտում, սակայն, փաստարկները համոզիչ չեն։
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում տեւական ժամանակ է՝ թեժ քննարկվում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերաբերմունքը երբեմնի սիրելի թիմի նկատմամբ: Բանն այն է, որ խմբակցությունում կան շատ, այսպես ասած, լեւոնականներ, որոնց համար մեծ ցավ է, որ իրենց իշխանության ու հատկապես ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին տեւական ժամանակ է՝ Տեր-Պետրոսյանը սուր քննադատում է իր հոդվածներում: Հատկապես ցավագին են ընդունել նախօրեին Տեր-Պետրոսյանի հայտարարությունը՝ կապված Նիկոլ Փաշինյանի՝ Ժ/Պ-ի պաշտոնում մնալու իրողության հետ։ Հայտարարությունում առաջին նախագահը նշել էր. «2018թ. դեկտեմբերի 9-ի նույնքան հակասահմանադրական ընտրությունները՝ կայացած համաժողովրդական անկասելի ոգեւորության վերելքի պայմաններում, լինելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման թերեւս միակ միջոցը, ամենեւին չեն կարող իրավական նախադեպ հանդիսանալ առաջիկա ընտրությունների օրինակարգությունը հիմնավորելու համար»։ Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ իմքայլականների այն հատվածը, որը առաջին նախագահի թիմում է միշտ եղել, սկսել են ներքին քննարկումներում շատ վատ արտահայտվել նրա մասին. նրանց թվում են Ռուբեն Ռուբինյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արայիկ Հարությունյանը, Արսեն Թորոսյանը, Լիլիթ Մակունցը, Հակոբ Սիմիդյանը եւ այլք, որոնք համարում են, թե Տեր-Պետրոսյանը իրեն սխալ է պահում: Մի հատվածն էլ կարծում է, որ այս սառը պատերազմը հրահրեց Նիկոլ Փաշինյանը, քանի որ վերջինս գրեթե բոլոր փակ հանդիպումները սկսում էր Տեր-Պետրոսյանի քննադատությամբ, նրա թիմին անվանելով «լեւոնական թափթփուկներ»: Ըստ նրանց՝ սա Տեր-Պետրոսյանի ապտակն է Փաշինյանին:
ՀՀ Կոտայքի մարզում՝ Ծաղկաձորում գտնվող թանկարժեք ու շքեղ հյուրանոցի ճակատագիրը օդում կախված է մնացել: Հայաստանի կառավարությունը դեռ որոշում չունի, թե ինչպես է վարվելու հյուրանոցի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Գույքի գնահատման եւ աճուրդի կենտրոն եւ հետաքրքրվեց, թե երբ է հյուրանոցն աճուրդի հանվելու: Մեր հարցին ի պատասխան՝ ՊՈԱԿ-ից փոխանցեցին. «Կառավարության որոշում է լինում, եւ, դրա համաձայն, դրվում է աճուրդի։ Երբ լինի կառավարության որոշում, այդ ժամանակ էլ կհանվի աճուրդի: Մենք տեղյակ չենք, թե երբ նման որոշում կլինի՝ հյուրանոցի հետ կապված: Ինչքան որ նախատեսված եղել է, մենք դրել ենք աճուրդի: Մենք տեղյակ չենք՝ հյուրանոցն այսօր օգտագործվում է հիմա, թե ոչ»: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար, Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանից հետաքրքրվել՝ հյուրանոցի պահպանություն իրականացվում է, թե ոչ, սակայն Սարգսյանը հեռախոսազանգերին չպատասխանեց, ինչպես միշտ: Հուսանք՝ գոնե պահպանության հարցերում Սարգսյանը պատասխանատու կլինի: Տեղեկացնենք, որ նախորդ տարվա ընթացքում հյուրանոցը մի քանի անգամ աճուրդի է հանվել, բայց հայտեր չեն ներկայացվել: Գույքի գնահատված արժեքն առաջին աճուրդին կազմել է 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ:
Երեւանի պետական համալսարանում անկառավարելի վիճակ է. համալսարանն առայսօր հոգաբարձուների խորհուրդ չունի, իսկ մարտի 23-ից անորոշ ժամկետով հետաձգված ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցը մնում է առկախ, քանի որ հենց ԵՊՀ խորհուրդն է ռեկտոր ընտրում: Այսինքն՝ այս պահի դրությամբ Երեւանի պետական համալսարանը չունի խորհուրդ, խորհրդի նախագահ եւ ռեկտոր: Ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը հրաժարվեց ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ապրիլի 23-ին: Եվ, ահա, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հայտնվել է խնդրի առջեւ, քանի որ իր ծրագիրը չի կատարվել: Բանն այն է, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նախարար Դումանյանը մտածել է, թե կկարողանա «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ստորագրել տա: Այդ դեպքում նախարարը կկարողանար Երեւանի պետական համալսարան ուղարկել իր մարդկանց (խոսքը խորհրդի անդամների մասին է), որոնք կառավարելի կլինեին եւ կկարողանային իրենց սրտով ԵՊՀ ռեկտոր ընտրել: Սակայն ԵՊՀ-ում կան ուժեր, որոնք Վահրամ Դումանյանի դեմ են աշխատում եւ չեն ցանկանում որեւէ կերպ նրան ռեկտորի պաշտոնում տեսնել։ Այն մարդիկ, որոնք վստահում էին նախկին պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանին, պարզվում է, վերջինս խաղերի մեջ է: Եվ, ահա, ԵՊՀ-ում անիշխանություն է տիրում։