Երեկ տեղի է ունեցել դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի «Անտանելի» երգի պրեմիերան: Պրեմիերայի, երգի ընտրության եւ տեսահոլովակի ստեղծման գաղափարի մասին ArmLur.am-ը զրուցել է դերասանուհու հետ:
«Միշտ նման միտք, գաղափար եմ ունեցել այն հայտնի հիթերը, երգերը, որոնք արդեն երկար ժամանակ է, ինչ չենք լսում, դարձնել հայալեզու եւ նոր կյանք տալ դրանց: Այս երգը ռուս հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովայի երգն է, դե, քանի որ ես էլ միտք ունեի խոսքեր գրելու, եւ քանի որ այդ երգն էլ շատ էի սիրում, որոշեցի այն իմ ձեւով ներկայացնել: Իրականում այդ երգի cover տարբերակները շատ-շատ եմ լսել, եւ այն անընդհատ իմ գլխում պտտվում էր, հայերեն տեքստ գրեցի շատ արագ՝ մի գիշերվա ընթացքում, եւ դրանից հետո անմիջապես որոշեցի այն ձայնագրել: Երգը ստուդիայում, ինչպես հարկն է, չի ձայնագրվել, որեւէ պրոֆեսիանոլ մոտեցումներ, շտկումներ՝ ձայնի հետ կապված, չի կատարվել, ինչպես անում են սովորաբար: Ձայնագրվել եմ մեր տանը ընկերոջս՝ Էդգար Հովհաննիսյանի օգնությամբ, ով ձայնային օպերատոր է»,- նշել է դերասանուհին:
Հարցին, թե ինչու է նման ձեւով ոչ պրոֆեսիոնալ պայմաններում փորձել ստեղծել երգը, մեր զրուցակիցն ընդգծել է, որ հատուկ է նման քայլի գնացել, եւ հենց դրանում է կայանում երգի յուրահատուկությունը. «Տեսահոլովակը նույնպես նկարահանել ենք սիրողական մակարդակում, եւ վերջին շրջանում՝ հատկապես այս համավարակի ամիսներին, շատ էի շփվում ապագա ռեժիսոր ուսանողների հետ եւ ունեի այնպիսի էքսպերիմենտի զգացողությունը, որ կարող էի, օրինակ, հանձնարարել մի ուսանողի, ով նոր-նոր պետք է որպես ռեժիսոր իր քայլերն անի, ու սա էլ լավ առիթ էր տալ հանձնարարություն եւ տեսնել, թե ինչպես է նա պատկերացում: Տեսահոլովակը նկարահանել է երկրորդ կուրսի ուսանող մի տղա, ով Հոկտեմբերյանից էր, եւ հենց տեսահոլովակի նկարահանումներն էլ տեղի են ունեցել այնտեղ: Տեսահոլավակը նկարահանվել է մի լքված, քանդված վայրում, ինչպես ասվում է երգի խոսքերում»:
Անահիտ Կիրակոսյանը մեզ հետ զրույցում արձանագրում է, որ նա երգչուհի չէ եւ խնդիր չունի որպես երգչուհի կայանալու:
«Ես պարզապես դերասանուհի եմ, ով ընդամենը փորձում է հետաքրքիր էքսպերիմենտներ անել եւ ինձ այս կողմից էլ բացահայտել: Այսկերպ նաեւ ցույց ենք տալիս մարդկանց, որ չնչին միջոցներով անգամ շատ ցանկության դեպքում կարող են տեսահոլովակներ նկարահանել: Սա շատ լավ միջոց է երիտասարդների համար ինքնահաստատվելու: Անկեղծ ասած, ես պատրաստ էի նաեւ քննադատվելու իմ վատ երգեցողոթյան համար, բայց, ի զարմանս ինձ, լսել եմ միայն լավ ու դրական կարծիքներ»,- հավելում է դերասանուհին:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է
««Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» համաժողովը, որն ուղղված է Արցախում, Հայաստանում մշակութային ժառանգության պահպանմանը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական արժեքները վանդալիզմից փրկելու համար միջազգային հանրության տեղեկացվածության բարձրացմանը, հնարավոր է՝ շարունակական բնույթ ունենա»,-այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
«Ստեղծված աշխարհաքաղաքական նոր մարտահրավերների համատեքստում համաժողովն իր ձեւաչափով աննախադեպ է, որովհետեւ նախաձեռնությանը մասնակցելու են հուշարձանների պահպանության, տեղեկատվական եւ ֆիզիկական անվտանգության բոլոր պատասխանատու օղակների ներկայացուցիչները: Կարծում եմ՝ այս համաժողովը կդառնա ամենամյա հարթակ, որտեղ մասնագետները, նաեւ հարակից ոլորտների պատասխանատուները հնարավորություն կունենան մեկտեղելու բոլոր խնդիրները, քննարկելու հնարավոր ռազմավարական քայլերն ու առաջնահերթությունները, որոնք ուղղված են հուշարձանների պահպանությանը»,- շեշտել է նախարարի տեղակալը:
ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության եւ զարգացման համագործակցության վարչության պետ, Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյանի խոսքով՝ Ադրբեջանը հսկայական ռեսուրս է ներդրել նաեւ տեղեկատվական, քարոզչական ոլորտում: «Մեր խնդիրն է ոչ միայն հակազդել այդ քարոզին, այլեւ ներկայացնել մեր մշակութային ժառանգությունը ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի շրջանակում մշակել ենք գործողությունների ծրագիր, հստակեցրել խնդիրները, ռազմավարական նպատակները: Սա մեկանգամյա գործողություն չէ, սա պետք է երկարաժամկետ ռազմավարական խնդիր դառնա»,- նշել է Խաչատրյանը:
Նա հիշեցրել է, որ ՅՈՒՆԵՍՕ-ի գլխավոր տնօրենն առաջարկել էր Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ ուղարկել տեխնիկական աջակցության առաքելություն, որի առաջնային խնդիրը տեղում գույքագրում կատարելն ու մշակութային ժառանգության վիճակը տեսնելն էր, սակայն Ադրբեջանը մերժել է:
«ԻԿՕՄՕՍ» Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանն էլ ընդգծեց, որ հատկապես էական կարող են լինել «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» համաժողովի արդյունքները: Նա առաջարկեց, ՅՈՒՆԵՍԿՕ-ից բացի, ակտիվ աշխատել նաեւ այլ միջազգային կառույցների հետ, որոնց անդամագրված են եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը, ուշադրություն դարձնել այն կոնվենցիաներին, որոնք ընդունել են երկու երկրները: Ըստ Գյուրջյանի՝ խնդրի հանրայնացման գործում մեծ դերակատարություն կարող են ունենալ նաեւ արտասահմանում ապրող հայագետները, եւ նրանց ռեսուրսն արժե օգտագործել:
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ
Արգենտինական «Դեպորտիվո Արմենիո» ակումբը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: «Կոլեխիալեսի» դեմ ֆուտբոլի Արգենտինայի երրորդ դիվիզիոնի 8-րդ տուրի խաղում (0:1) «Դեպորտիվո Արմենիոյի» ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված համազգեստով: Մարզաշապիկների վրա պատկերված է եղել Հայաստանի դրոշի գույներով բռունց, Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող անմոռուկ ու 106 թիվը: Ֆուտբոլիստների անունների փոխարեն Armenia գրառումն էր, իսկ ներքեւի հատվածում՝ Հայաստանի ու Արցախի քարտեզը:
ԿԻՍՎԵԼ ԵՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Մադրիդի «Ռեալի» ու Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչները Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում ոչ-ոքիից (1:1) հետո կիսվել են տպավորություններով: Զինեդին Զիդան («Ռեալ»). «Երկրորդ խաղակեսում «Ռեալը» շատ ավելի լավ տեսք ուներ, քան առաջինում: Ընդմիջումից հետո ավելի կազմակերպված էինք գործում: «Չելսին» սկսեց շատ ուժեղ ու արագ, այդ պատճառով կարծում եմ, որ արդյունքն արդարացի է:
Ցանկանում էինք մրցակցի նկատմամբ պրեսինգ կիրառել անհատապես, սակայն, երբ չի ստացվում հաջողությամբ անել դա, առաջանում են խնդիրներ: Մեր խփած գոլից հետո ավելի լավ էինք աշխատում գնակով: Մենք խաղի մեջ ենք եւ հաղթական տրամադրվածությամբ ենք մոտենալու պատասխան հանդիպմանը: Ընդհանուր առմամբ, մենք գոհ ենք»:
Թոմաս Տուխել («Չելսի»). «Շատ լավ սկսեցինք խաղը, գործում էինք խիզախ ու որակյալ: Արժանի էինք հաղթել առաջին խաղակեսում, ունեցանք հնարավորություններ: Ցավոք, մրցակիցը գոլ խփեց ստանդարտ դիրքից: Դրանից բացի, նրանք այլ պահեր չունեցան, ոչ մի շանս չտվեցինք մրցակցին: Առաջին խաղակեսից հետո հաշիվը հիասթափեցնող էր:
Երկրորդ խաղակեսում տակտիկական պայքար էր, կարելի էր զգալ, որ մենք մի փոքր հոգնել ենք: Մի քանի օր ունեինք ծանր արտագնա հանդիպումից հետո վերականգնվելու համար: Պետք է հաշտվենք 1:1 հաշվի հետ: Մեն արժանիորեն խփեցինք գոլ եւ պետք է աչքի ընկնեինք նվազագույնը եւս մեկ անգամ»: Զինեդին Զիդանն ու Թոմաս Տուխելը մարզչական կարիերայի ընթացքում հանդիպեցին 5-րդ անգամ: Այդ խաղերում 1 հաղթանակ տարել է գերմանացի մասնագետը, եւս 4 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: