ԷԼԻ ԸՆԴԴԵՄ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 4-ին մեկնարկող Ազգային ժողովի հերթական նստաշրջանի ընթացքում նախատեսվում է երկրորդ ընթերցմամբ քննարկել «Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Չնայած իշխող «Իմ քայլը» խմբակցությունը կարողացավ արագորեն այն անցկացնել առանց խնդիրների, սակայն փոփոխությունները մտահոգություն են առաջացնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս օրենսգրքին անդրադարձել է նաեւ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Բանն այն է, որ հատկապես մտահոգիչ են այն դրույթները, որոնք կապ ունեն զանգվածային լրատվամիջոցների հետ։ Մասնավորապես, օրենսգրքի 9-րդ հոդվածով առաջարկվում է Քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ «Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ կամ զրպարտություն հրապարակելը» 154.15-րդ հոդվածով: Վերջինով պատիժ է նախատեսվում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում, քվեարկության օրը՝ մինչեւ օրենքով սահմանված՝ քվեարկության ավարտը, կամ դրան նախորդող օրը տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների միջոցով անանուն աղբյուրի միջոցով վարկանիշը վնասելու նպատակով կեղծ տեղեկություններ կամ զրպարտություն հրապարակելու համար: Նույն հոդվածի 2-րդ մասով պատիժ է սահմանվում նույն արարքի համար, որն իրականացվել է հինգ կամ ավելի անանուն աղբյուրների միջոցով: Սակայն ՄԻՊ-ն ընդգծում է, որ դեռեւս 2010 թվականից ապաքրեականացվել են զրպարտությունն ու վիրավորանքը, եւ այդ ինստիտուտները տեղափոխվել են քաղաքացիաիրավական հարաբերությունների կարգավորման տիրույթ: Թաթոյանը նկատում է, որ մտահոգության տեղիք են տալիս քրեականացվող արարքի պայմանները՝ «անանուն աղբյուրի միջոցով» եւ «վարկանիշը վնասելու նպատակով» արտահայտությունները: Եվ ելնելով այս ամենից՝ ՄԻՊ-ն առաջարկում է հաշվի առնել այդ ռիսկերը:

Նկատենք, որ սա հերթական օրինագիծն է ԶԼՄ-ների դեմ, իսկ որոշներն էլ դեռ նոր պիտի ԱԺ հասնեն։

 

 

 

2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունն արդեն ներկայացվել է Ազգային ժողովին, սակայն սա տեղի է ունեցել ժամկետների ակնհայտ խախտմամբ, եւ դրա թիվ մեկ պատասխանատուն խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանն է: Բանն այն է, որ դեռ 2020 թվականի աշնանը պետք է խորհրդարանում ներկայացվեր 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի եզրակացությունը, սակայն այն ներկայացվեց միայն այս տարվա ապրիլի 23-ին: Այսինքն՝ չնայած աշնանը պետք է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից ներկայացվեր ապրիլյան հանձնաժողովի զեկույցը հենց Արարատ Միրզոյանին եւ քննարկվեր այն ԱԺ լիագումար նիստում, սակայն դա տեղի չի ունեցել, ինչը նշանակում է, որ Արարատ Միրզոյանն իր պաշտոնեական պարտականությունները ի զորու չէ կատարել եւ չի ապահովում խորհրդարանի բնականոն գործունեությունը: «ԱԺ կանոնակարգ» օրենքի հոդված 25-ը հստակ սահմանում է, թե ինչպես պետք է ներկայացվի զեկույցը. «Քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաեւ դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները», ապա՝ «Զեկույցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում»: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հարցը քննարկվելու է մայիսի 4-ին մեկնարկող նիստում, որի մի մասը կլինի դռնփակ քննարկման ձեւաչափով։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունում ուսումնասիրություններ են սկսվել ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանի մասով: Քրեական հետախուզության վարչությունը, որը նախկինում հայտնի էր վեցերորդ վարչություն անունով, ուսումնասիրում է դատավորի մասով «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը, որտեղ մատնանշել էինք, որ Մկրտչյանի կրթությունը համապատասխան չէ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվելու չափանիշներին:  «Ժողովուրդ» օրաթերթը դեռ մարտի 8-ին գրել էր, որ նրա կենսագրական տվյալները տարակուսելի են: Բանն այն է, որ, այդ տվյալների համաձայն, Արսեն Մկրտչյանը միաժամանակ սովորել է Երեւանի «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետում, մասնակցել դասընթացներին: 2018 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի ընտրության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդում քննարկման առարկա է դարձել Արսեն Մկրտչյանի՝ միաժամանակ զինվորական ծառայություն անցնելու եւ համալսարանում սովորելու հարցը: Պարզվել է, որ Արսեն Մկրտչյանը իրականում չի հաճախել այն դասընթացներին, որը մատնանշել է, նրա անունը բացակայել է ուսանողների հաշվառման հիմնական փաստաթղթերում, ունի ընդամենը միջազգային իրավունքի կրթություն: Նշված հանգամանքները, սակայն, ինչ-ինչ պատճառներով թաքցվել են: Եվ ահա, այսքանից հետո ոստիկանությունը ընթացք է տվել մեր հրապարակումներին. կհետեւենք դրա ընթացքին՝ պարզելու, թե ինչ հանգամանքներում, ում միջնորդությամբ է աչք փակվել ակնհայտ անհամապատասխանության վրա եւ դատավորի պատմուճան տրվել Արսեն Մկրտչյանին։

 

 

 

Տեւական ժամանակ է, ինչ լուրեր են շրջանառվում այն մասին, որ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները փակուղի են մտել: «ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից պարզեց, որ անգամ նիստեր չեն գումարվում։ Տեղեկացնենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ին ստորագրված եռակողմ փաստաթղթով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման նպատակով ՌԴ նախագահ Պուտինի առաջարկով ստեղծվել էր եռակողմ աշխատանքային խումբ՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։ Խմբի առաջին նիստը կայացել է հունվարի 30-ին, երկրորդը՝ փետրվարի 6-ին։ Հայկական կողմից խումբը նախագահում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեց՝ ինչու աշխատանքային խմբի կողմից նիստեր չեն անցկացվում, արդյոք փակուղում են քննարկումները։ Մեր հարցին ի պատասխան՝ փոխվարչապետը կարճ պատասխանեց. «Մենք թվով 5 նիստ ենք անցկացրել։ Փակուղի չի մտել, փորձագետներն են աշխատում»։ Ի դեպ, դեռեւս մարտի 24-ին խորհրդարանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով տարածաշրջանում կոմունիկացիայի ապաշրջափակմանը, նշել էր. «Մենք պլանավորել էինք դուրս գալ մի զեկույցի մինչեւ մարտի մեկը, բայց դա հնարավոր չեղավ, որովհետեւ աշխատանքները ցույց տվեցին, որ ունենք հավելյալ փորձագիտական աշխատանքների անհրաժեշտություն, որոնց ավարտին պես կքննարկենք հնարավոր որոշումների շրջանակը»։




Լրահոս